Չորս մեղադրանք՝ ուղղված ՀՀ օմբուդսմենին
Ստացվել է այնպես, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արմեն Հարությունյանի գործունեությունից հավասարապես դժգոհ են ե՛ւ իշխանությունները, ե՛ւ ընդդիմությունը: Ա. Հարությունյանն ինքը ՀՀ օմբուդսմենի 2008թ. տարեկան զեկույցը ներկայացնելիս այս առնչությամբ ասել էր, թե ընդդիմության եւ իշխանության ձեռքը կրակն է ընկել. «Երբ ասում եմ մի բան, որը բխում է իշխանության շահերից, ընդդիմության համար դառնում եմ «պրոյեկտ», երբ ասում եմ մի բան, որ դուր է գալիս ընդդիմությանը, իշխանության համար դառնում եմ «դրսի համար աշխատող»: Այսուհանդերձ, հայրենի ընդդիմությունը շարունակում է դժգոհություն հայտնել ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես պաշտոնատար անձի, գործունեության կամ, ինչպես Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության համակարգող Արմեն Խաչատրյանը ձեւակերպեց՝ անգործության առնչությամբ: ՀՀ օմբուդսմենին ուղղված մեղադրանքները առայժմ չորսն են. Ա. Հարությունյանը համառորեն չի արձագանքում քաղաքական խայտառակ դատավարություններին, լոյալ է Հյուսիսային պողոտայում եւ այլ վայրերում անցկացվող բողոքի ակցիաների մասնակիցների նկատմամբ իրավապահների ապօրինի սահմանափակումների փաստերի նկատմամբ, իրենց քաղաքական հայացքների համար պատժվող եւ անազատության մեջ գտնվողներին համառորեն չի ուզում ճանաչել որպես քաղբանտարկյալների, ընթացք չի տվել Հայ ազգային կոնգրեսի՝ 2008թ. մարտի 1-ին Երեւանում արտակարգ դրություն հայտարարելու մասին ՀՀ նախագահի հրամանագրի սահմանադրականությունը ՍԴ-ում վիճարկելու խնդրանքին:
Ա. Խաչատրյանի դիտարկմամբ, ՀՀ օմբուդսմենը «Յոթի» գործով դատավարության մեկնարկի օրերին դատարանի շենքում հայտարարեց, թե Պաշտպանի աշխատակազմը դատավարության մոնիտորինգ է անցկացնելու, եւ երբ դատավարությունն ավարտվի, ինքը կտա դրա գնահատականը:
«Յոթի» գործով երեք ամիս դատական նիստեր եղան, այդ գործով միացյալ վարույթն արդեն մոտ մեկ ամիս է՝ փաստացի ավարտվել է, բայց ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից դրան մինչ օրս որեւէ արձագանք չի ստացվել: Մարդու իրավունքների պաշտպանը ոչ թե պետք է արձագանքի դատական վճռին, այլ պետք է հրապարակային հայտարարությամբ հանդես գար հենց ընթացող դատավարության մասին, որովհետեւ եթե ապօրինություններ են կատարվում, եթե դատավորը կամայական եւ չպատճառաբանված որոշումներ է կայացնում, դատախազների հետ հանդես է գալիս որպես կողմ, ապա այդ դեպքում որեւէ դատավճիռ արդարադատության հետ կապ ունենալ չի կարող: «Յոթի» դատավարությունը 3 ամիս ընթացավ Երեւանի քրեական դատարանում եւ, ըստ էության, ավարտվեց ապրիլի 1-ին, որից հետո գործերն անջատվեցին եւ փոխանցվեցին այլ դատարանների ընդդատությանը: Այդ ընթացքը քիչ ժամանակ չէր, որպեսզի Պաշտպանը կարողանար իր խոստումը կատարել ու հանդես գալ հրապարակային հայտարարությամբ կամ զեկույցով եւ ոչ թե անգործության մատնվեր ու քաղբանտարկյալ բառը օգտագործել-չօգտագործելը բառախաղի վերածեր»,- ասաց Ա. Խաչատրյանը:
Վերջինիս ասելով, այսօր անազատության մեջ գտնվող 55 անձինք իրենց քաղբանտարկյալներ են համարում ձերբակալության պահից ի վեր եւ հայտարարել են, որ իրենց դեմ քրեական հետապնդում է իրականացվում բացառապես իրենց քաղաքական հայացքների պատճառով, ընդ որում՝ անկախ այն հոդվածներից, որոնց հատկանիշներով նրանց մեղադրանք է առաջադրվել՝ սուտ մատնություն, ընտրական հանձնաժողովի աշխատանքների խոչընդոտում, դիմադրություն իշխանության ներկայացուցչին եւ այլն: ՀՀ օմբուդսմենը բացի «Յոթի» գործով անցնող քաղբանտարկյալներից, նաեւ որեւէ կերպ չի արձագանքել մյուսների դատավարություններին եւ դատապարտման փաստին:
Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիների սահմանադրական իրավունքներին՝ խաղաղ երթեր, ժողովներ կամ հավաքներ անցկացնելու, ազատ տեղաշարժի մասով, ապա Քաղբանտարկյալների իրավական աջակցության ծառայության պատասխանատուի ասելով, ՀՀ օմբուդսմենի գնահատականը քաղաքացիների իրավունքների ու ազատությունների այդ ոտնահարումներին, նրանց նկատմամբ բռնություններին, «մեղմ ասած, շատ լոյալ է կամ ոչ համարժեք, որը եւս հավասար է անգործության»: Ա. Խաչատրյանն ու ընդդիմությունը այս իմաստով եւս ավելի կոշտ գնահատականներ կամ անգամ առանձին հայտարարություններ են ակնկալել:
Մեր զրուցակիցը տարակուսանք հայտնեց եւ որպես «անգործություն» գնահատեց Ա. Հարությունյանի արձագանքը ՀԱԿ-ի կողմից նրան արված առաջարկին՝ ՍԴ-ում վիճարկել ՀՀ նախագահի հրամանագիրը արտակարգ դրություն մտցնելու եւ այդ համատեքստում զինուժի օգտագործման սահմանադրականությունը: «Պաշտպանը մեզ պատասխանել է, որ դա սահմանադրականության հարց չի, եւ մենք պետք է դիմենք վարչական դատարան՝ հղում անելով օրենքի մի դրույթին, որը մենք չէինք էլ վիճարկում: Ինքն այդ խնդրից ուղղակի փախավ, խուսափեց եւ մեզ ուղարկեց վարչական դատարան, ինչը, մեր կարծիքով, խնդրի լուծման համար իրական հասցե չէր»,- ասաց Ա. Խաչատրյանը: