Լրահոս
Օրվա լրահոսը

ՀՅԴ-ն սահմանի բացումից մեծ ակնկալիքներ չունի

Ապրիլ 21,2009 00:00

«Հայ-թուրքական սահմանի բացման հարցում տնտեսական առումով դրական կողմեր էլ կան, իհարկե, սակայն, իմ կարծիքով, դրականն այնքան մեծ չի լինի, որքան սպասվում է: Տրանսպորտի ծախսերը չեն կրճատվի, ուստի ներմուծվող ապրանքները չեն էժանանա, արտահանումը չի մեծանա: Արտահանման մասին մտածելուց առաջ, պետք է մրցունակ արտադրանք ստեղծել»,- երեկ հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ նման կարծիք հայտնեց ԱԺ պատգամավոր, ՀՅԴ խմբակցության անդամ Արա Նռանյանը: Ըստ պատգամավորի՝ սահմանի բացումով տնտեսության որոշ ճյուղեր կարող են շահել, որոշները՝ ոչ. «Սակայն դա չի նշանակում, որ սահմանները պետք է փակ մնան: Բացումը մեզ համար գուցե դաս լինի, որ մենք սկսենք, ինչպես Թուրքիան, վարել հստակ ազգային տնտեսական ու նաեւ հայրենական ապրանքների արտադրությունը խթանող քաղաքականություն»: Նա կարծում է, որ Թուրքիայի գյուղատնտեսական ապրանքները համաշխարհային շուկայում շատ ավելի մրցունակ են, քան հայկական մթերքները: Ասուլիսում Ա. Նռանյանը ներկայացրեց նաեւ հարցի առնչությամբ ՀՅԴ բյուրոյին կից աշխատանքային խմբի ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց, սահմանի բացումը տնտեսական իմաստով շատ բացասական կողմեր է ունենալու. «Առեւտրի համաշխարհային կազմակերպությանն անդամագրվելով՝ Հայաստանը որդեգրեց ազատական տնտեսություն, ինչի արդյունքում մի ամբողջ ապրանքացանկի ներկրման համար սահմանվեց առավելագույն 15%-ի չափով մաքսատուրք: Մինչդեռ Թուրքիան, նույնպես ԱՀԿ անդամ լինելով, ապրանքացանկի միայն 50% մասով սահմանափակում արեց, իսկ մնացած ապրանքների համար Թուրքիայում գործում է 1000% կամ նույնիսկ 2000% մաքսատուրք»:

Պատգամավորն անձամբ իր եւ ՀՅԴ-ի անունից հայտարարեց, որ դեմ չեն հայ-թուրքական սահմանի բացմանը, պարզապեա դեմ են սահմանի բացման դիմաց Թուրքիայի կողմից ինչ-որ պահանջների առաջադրվելուն. «Իրականում սահմանի բացման խնդիրը հայերը չէ, որ պետք է քննարկեն, Թուրքիան սահմանը փակել է՝ ինքն էլ պետք է բացի: Մենք պետք է քննարկենք՝ պատրա՞ստ ենք, արդյոք, դրան: Ես գիտեմ շատ հայ գործարարների, որոնք դրանից վտանգ են զգում»:

Պատասխանելով Հայաստան-Իրան երկաթուղու կառուցման վերաբերյալ հարցին, պարոն Նռանյանն ասաց. «Իրատեսական եմ համարում այդ երկաթուղու կառուցումը: Ֆինանսավորելով այդ նախագիծը՝ պետությունն առաջին հերթին պետք է հաշվի առնի դրա ռազմավարական նշանակությունը եւ հետո միայն ֆինանսական գրավչությունները»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել