Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Խոշոր հարկատուները ճգնաժամի մեջ են

Ապրիլ 21,2009 00:00

Համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պատճառով, Հայաստանի խոշոր հարկատուները բավականին պասիվացել են: Պետական եկամուտների կոմիտեն մոնիտորինգի է ենթարկել այս տարվա ընթացքում որպես խոշոր հարկատու գրանցված 325 հարկ վճարողներին եւ պարզել, որ նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատությամբ, այս տարվա փետրվարին, մի շարք ցուցանիշներով՝ իրացման, հասույթի, ներմուծման եւ արտահանման ծավալներով նկատվում է նվազման միտում:

Մասնավորապես, իրացումից հասույթի ցուցանիշը 2009թ. փետրվար ամսին կազմել է 117,5 մլրդ դրամ եւ նախորդ տարվա նույն ամսվա նկատմամբ նվազել է 10,7%-ով: Միայն 3 կազմակերպությունների՝ «ՀայՌուսգազարդի», «Հայաստանի էլեկտրական ցանցերի» եւ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» իրացման ընդհանուր շրջանառությունը պակասել է 11,2 մլրդ դրամով կամ 39,7%-ով:

Խոշոր հարկ վճարողների կողմից արձանագրվել է նաեւ ներմուծման ծավալների խիստ անկում: Նախորդ տարվա փետրվարի համեմատությամբ՝ այն նվազել է 26,6%-ով եւ կազմել է ընդամենը 34 մլրդ դրամ: Եթե «ՀայՌուսգազարդ», «Ղ-Տելեկոմ» եւ «Ֆլեշ» ընկերությունները 2008-ի փետրվար ամսին համարվել են առաջին երեք խոշոր ներմուծողները, այս տարվա փետրվարին ընդհանուր առմամբ նրանց ներմուծման ծավալները պակասել են 4 մլրդ դրամով կամ 26,3%-ով:

Ապրանքների արտահանման առումով հայաստանյան շուկայում գերիշխող դեր ունեցող 3 կազմակերպությունների «Մաքուր երկաթի գործարանի», «Արմենիան մոլիբդեն փրոդաքշնի» եւ «Ռուսալ-Արմենալի» արտահանման ծավալները, 2008-ի փետրվարի նկատմամբ, այս տարվա փետրվարին նվազել են 5,3 մլրդ դրամով կամ 65.4%-ով:

Պետական բյուջե վճարված հարկերի եւ այլ պարտադիր վճարների ցուցանիշի առումով, այս տարվա փետրվարին խոշոր հարկ վճարողների կողմից վճարվել է 10,7 մլրդ դրամ, որը նախորդ տարվանից պակաս է 5 մլրդ դրամով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել