Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԹՈՂ ԶՈՀ ՉԼԻՆԻ, ՈՐ ՄՈՄ ՉՎԱՌԵՆ

Ապրիլ 21,2009 00:00

«Ի տարբերություն այլ հիվանդությունների, ՄԻԱՎ վարակը հաճախ հանգեցնում է նախապաշարմունքների, գործազրկության եւ գործընկերների արհամարհական վերաբերմունքին, հասարակական խարանի եւ անգամ ընտանիքից ու ընկերներից մերժվելուն: Վախն ու նախապաշարմունքը հաճախ դառնում են ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց վարակվածության համար մեղադրելու եւ նրանց անբարոյական համարելու պատճառ: Խարանի եւ խտրականության հետեւանքով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ աջակցություն չեն ստանում այն ժամանակ, երբ առավելագույնս ունեն դրա կարիքը, եթե ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդիկ մերժված, միայնակ եւ մեկուսացված են զգում, նրանց կարող են վտարել աշխատավայրից, տնից ու համայնքից, նրանք կարող են մահանալ աղքատության մեջ, նրանց կյանքի տեւողությունը կարող է կրճատվել, եթե ի վիճակի չլինեն հետեւելու իրենց կամ օգտվելու բուժծառայություններից: Դրա համար անհրաժեշտ է պաշտպանել այդ մարդկանց իրավունքները, ստեղծել իրավական եւ էթիկական նորմեր նրանց պաշտպանելու համար»,- մեզ հետ զրույցում ասաց հոգեբան Տաթեւիկ Դանղյանը:

Ըստ նրա՝ «ՄԻԱՎ վարակի կանխարգելումը բարդ խնդիր է, որի լուծման համար բավարար չեն միայն անվտանգ վարքագծի ձեւավորումը, այս խնդիրն առաջին հերթին պետք է դիտարկել սոցիալական տեսանկյունից: Անհրաժեշտ է պայքարել սոցիալական արմատներ ունեցող այնպիսի երեւույթների դեմ, ինչպիսիք են աճող գործազրկությունը, աղքատությունը, մարմնավաճառությունը, թմրամոլությունը, ինչպես նաեւ վերացնել բուժսպասարկման համակարգում առկա թերությունները»:

Զարգացած երկրների փորձը վկայում է, որ արդյունավետ կանխարգելման աշխատանքների շնորհիվ կարելի է կասեցնել համաճարակի հետագա զարգացումը:

Ողջ աշխարհում մայիսի 3-րդ կիրակին նշվում է որպես ՁԻԱՀ-ից մահացած մարդկանց հիշատակի օր: Համաշխարհային այդ օրվա շրջանակներում ողջ աշխարհում անցկացվում են միջոցառումներ, որոնք ուղղված են հասարակության, կառավարությունների ուշադրությունը՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի խնդիրներին սեւեռելուն: Այդպիսի միջոցառումներից է մոմավառությունը: Ամեն տարի այս արարողությունը տեղի է ունենում ավելի քան 85 երկրների 3000-ից ավելի համայնքներում: Փոքր համայնքներում օգնում է բարձրացնել տեղեկացվածությունը, մեծ քաղաքներում՝ միավորում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել