Լրահոս
Օրվա լրահոսը

Ծառատունկ՝ վասն փոխհատուցման

Ապրիլ 21,2009 00:00

Թեղուտի պղինձ-մոլիբդենային հանքավայրի ծրագրի իրականացման համար առայսօր ընկերությունը հատել է Թեղուտ գյուղի 22 հա անտառներ, տեղեկացանք Թեղուտ ՓԲԸ-ի գործադիր վարչության անդամ Ռուբեն Պապոյանից: Անտառային տնտեսությանը հասցված վնասի փոխհատուցման նպատակով ապրիլի 18-ին «Վալլեքս» խմբի ընկերությունները հանքավայրի տարածքում ՀՀ եւ ԼՂՀ առաջատար բուհերի ուսանողների մասնակցությամբ կազմակերպել էին շրջայց եւ ծառատունկ: Չնայած անձրեւային եւ ցուրտ եղանակին՝ 9 բուհից ընդհանուր թվով 130 ուսանող մասնակցեց ծառատունկին: Ըստ «Վալլեքս» խմբի ընկերությունների տեղեկատվության եւ հասարակության հետ կապերի բաժնի՝ նախորդ ուսանողական ծառատունկերին տնկվել է ավելի քան 1000 ծառ՝ շուրջ 4000 քմ տարածքում: Այս տարածքների խնամքը իրականացնում է «Վալլեքսը»: Այս անգամ «Տանձուտ» հանդամասում տնկվեց 931 ծառ:

Երեւանի ժողտնտեսության ինստիտուտի ուսանողուհի Հասմիկ Մարգարյանը ալավերդցի է եւ ասաց. «Գիտեմ, որ այստեղ անտառներ են հատվում: Սա ինչ-որ չափով կնպաստի անտառվերականգնման աշխատանքներին, ես էլ ցանկացա իմ ներդրումն ունենալ անտառների վերականգնմանը: Մեր ինստիտուտից ծառատունկին մասնակցում է 10 ուսանող»:

Երեւանի ճարտարապետաշինարարական համալսարանի ուսանողների ղեկավար Մարիամ Ավագյանն էլ ասաց. «Ես դասախոս եմ, ասիստենտ, ես անչափ շատ հարցեր ունեմ նույնիսկ ինքս ինձ համար, որոնք դեռեւս չեմ կարողացել պարզաբանել: Իհարկե, լավ է, որ մարդիկ, էսպես ասած, կոմպենսացման քայլեր փորձում են կատարել: Բայց վախենամ՝ դա մի չնչին փոշի լինի մեծ ափսեի մեջ: Պետք է պահպանենք բնությունը եւ պետք է օգտվենք բնական ռեսուրսներից, բայց՝ ռացիոնալ: Պետք է մեր եկող սերունդներին չաղքատացնենք, այսինքն՝ այնպես պետք է մենք ռեսուրսներից օգտվենք, որ մեզանից հետո եկող սերունդը փոքրիկ երկրի վրա կարողանա հարատեւել»: Ծառատունկի մասնակից Արտյոմ Նահապետյանը, որն աշխատում է Լոռու մարզի երիտասարդական միջոցառումների կազմակերպման կենտրոնում, ասաց. «Մենք պետք է հասկանանք, որ մեր Հայաստանի տնտեսության վրա շատ մեծ ազդեցություն կարող է ունենալ հենց այս տնկին: Իսկ Թեղուտի ծրագիրը տնտեսությունը աննախադեպ առաջ կտանի, շատ մեծ զարգացում կտա, որը երիտասարդներին հնարավորություն կտա աճել, զարգանալ եւ կարիերա անել»: Այդուհանդերձ, ինչո՞ւ է ընկերությունը շահագրգռված անտառների վերականգնման համար: Այս հարցին ուսանող Արմինեն պատասխանեց. «Ինձ թվում է, դրա պատասխանը ունենք, մենք երեկ հարց ենք տվել իրենց, իրենք մեզ ասացին, որ հանքը շահագործվելու է վատ եղանակով, հետեւաբար բնությանը բավականին մեծ վնաս է հասցվելու, թափոնների համար կառուցվում է պոչամբար, որի համար անտառահատումներ են լինում: Դրանք մասամբ վերականգնելու համար ծառատունկ են կազմակերպում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել