Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ադանայի կոտորածներից 100 տարի անց

Ապրիլ 21,2009 00:00

Երեկ ԵՊՀ պատմության ֆակուլտետում տեղի ունեցավ Կիլիկիայի հայերի կոտորածների 100-ամյակին նվիրված գիտաժողով: Մինչ դրա մեկնարկը՝ տեղի ունեցավ ԳԱԱ ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանի՝ «Հայերի զանգվածային կոտորածները Կիլիկիայում (1909 թ. ապրիլ)» գրքի շնորհանդեսը, պատմության ֆակուլտետի գրադարանում բացվեց ակադեմիկոսի անձնական գրադարանային ֆոնդը: Մասնագիտական գրականությանն առնչվող խնդիրների եւ երիտասարդներին՝ գիտության ոլորտում ներգրավելու հարցերի մասին «Առավոտը» զրուցեց ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի հետ: Նա նկատեց. «Ցավոք, երիտասարդների մեջ սեր դեպի գիտելիք սերմանելու հարցում անելիքներ դեռ շատ ունենք, քանի որ առօրյան այնպիսին է, որ չի նպաստում գրականություն կարդալուն»: Իսկ եղած գրականության թվայնացման գործընթացի մասին ռեկտորն ասաց. «Դա ծանր աշխատանք է, մեր բուհի գրադարանում դեռ թվայնացնում ենք միայն գրքերի վերնագրերն ու բնութագրերը»: Այնուհետեւ մեկնարկեց գիտաժողովը, որի ժամանակ ԿԳ նախարար Սպարտակ Սեյրանյանը ակադեմիկոս Հրաչիկ Սիմոնյանին հանձնեց ԿԳՆ հուշամեդալ: ԵՊՀ պատմության ֆակուլտետի դեկան Էդիկ Մինասյանն իր ելույթում նշեց. «Կիլիկիայի եղեռնագործությունն ընթացավ երեք փուլով, որի ընթացքում զոհվեց 30-35 հազար հայ, մոտ 8 հազարը սովի մատնվեց եւ զոհ դարձավ համաճարակների: Ադանայի ցեղասպանության հետեւանքները նկատելի են ոչ միայն մարդկային կորուստների առումով, այլեւ այն հսկայական ազդեցություն ունեցավ մարդկանց հոգեբանության վրա, ձեւավորվեց, այսպես ասած, զոհի բարդույթը, ժողովրդագրական պատկերը փոխվեց, փոխվեց հայերի սոցիալական եւ հասարակական դիրքը, նրանց զբաղեցրած դերը տնտեսության տարբեր ճյուղերում»:

Պատմական գիտությունների թեկնածու Ալիկ Ղարիբյանն էլ «Առավոտի» հետ զրույցում վերլուծեց Հ. Սիմոնյանի գրքի այն հատվածը, որտեղ ակադեմիկոսը մեջբերում է Կիլիկիայի եղեռնագործությանը վերաբերող՝ «Նյու Յորք Թայմս» թերթում տպագրված փաստաթղթեր. «Դրանցից մեկը «Նյու Յորք Թայմսում» տպագրվել է 1909-ի ապրիլի 23-24-ին, որտեղ կան բազում վկայություններ Ադանայի եղեռնագործության մասին: Այդ փաստաթղթերը վկայում են այն մասին, որ Կիլիկիայի հայերի ցեղասպանությունը կազմակերպված էր: Այս փաստաթղթում ներկայացված է, թե ոճրագործության պատճառով որքան հայ զոհվեց, որ վայրերում տեղի ունեցավ եղեռնագործությունը: Այդ փաստաթղթում բացահայտ կերպով նշվում է, որ Ադանայի կոտորածների կազմակերպիչը թուրքական պետությունն էր»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել