Լրահոս
Օրվա լրահոսը

Ի նպաստ հայ ոգու հզորացման

Ապրիլ 21,2009 00:00

Հայ ավետարանական նոր կենտրոն՝ Երեւանում

Ապրիլի 19-ին Երեւանում, Բաղրամյան 18 հասցեում տեղի ունեցավ հանդիսավոր երեկո՝ նվիրված Հայ ավետարանական կենտրոնի պաշտոնական բացմանը: Ողջույնի իր խոսքում Հայաստանյայց ավետարանական եկեղեցու նախագահ վերապատվելի դոկտոր Ռընե Լեւոնյանը մասնավորապես ասաց. «Հայաստանում կան տարբեր հաստատություններ, որոնց նպատակն է լավագույնս նպաստել նրան, որ մեր հայրենիքում ունենանք նոր, արժանի ու լիահույս սերունդներ, եւ որ բոլորս լինենք լավ, բարի ու ազնիվ քաղաքացիներ, գիտակցենք, թե ի՞նչ է նշանակում ապրել ազատ, հարգելով միմյանց, ապրել երջանիկ՝ չնայած ինչ-ինչ դժվարություններին, եւ լինել հայ: Մենք ուզում ենք հատուկ շնորհակալություն հայտնել մեր պետական-քաղաքական գործիչներին, տարբեր եկեղեցիների ղեկավարներին, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին, օտարերկրյա դեսպաններին՝ մեր այսօրվա ուրախությունը կիսելու համար: Հայ ավետարանական եկեղեցին ունի ավելի քան 160 տարվա, իսկ Հայ ավետարանական ընկերակցությունը՝ իբրեւ բարեսիրական կազմակերպություն, 90 տարվա պատմություն: Այս կառույցները գործում են աշխարհի բազմաթիվ հայ համայնքներում, սակայն իսկական երջանկություն է մեզ՝ ավետարանականներիս համար, ապրել եւ աշխատել ազատ եւ անկախ Մայր հայրենիքում»:

«Մենք ուզում ենք, որ այս նորակառույց կենտրոնը ծառայի ո՛չ միայն մեր եկեղեցու եւ ընկերակցության ծրագրերի իրագործմանը, այլ նաեւ մի միջոց լինի ամբողջ Երեւանի, Մայր Հայաստանի զարգացման եւ բարօրության համար»,- նշեց դոկտոր Ռընե Լեւոնյանը: «Մենք ցանկանում ենք, որ Հայ ավետարանական եկեղեցին ունենա իր արժանի տեղը եւ դերը Հայաստանյայց առաքելական եկեղեցու, Հայ կաթողիկե եկեղեցու կողքին, որպեսզի բոլորս միասին իրականացնենք նորանոր աստվածահաճո ծրագրեր»,- ընդգծեց վերապատվելի Լեւոնյանը:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչը տեղեկացրեց, որ 1992-2005թթ. այս շենքում գործել է իր երկրի դեսպանությունը: «Եվ հենց այս շենքում են սկսվել դիվանագիտական հարաբերություններն անկախ Հայաստանի եւ ԱՄՆ միջեւ, եւ կարծում եմ, որ այդ հարաբերությունները շարունակելու են զարգանալ ու հզորանալ»,- շարունակեց տիկին Յովանովիչը: Նա ասաց. «Մենք հուսով ենք, որ այս կենտրոնն իր լավագույնը կանի եւ կաշխատի այն ուղղությամբ, որպեսզի հզորացնի եւ զարգացնի երկխոսությունը, փոխադարձ ըմբռնումը եւ հարգանքը բոլոր այն հավատքների միջեւ, որոնք այսօր խաղաղորեն համագոյակցում են Հայաստանում»:

Ողջույնի իր խոսքում Ամերիկայի Հայ ավետարանչական ընկերակցության (ԱՀԱԸ) գործադիր տնօրեն Էնդրյու Թորիգյանը տեղեկացրեց, որ 88-ի ավերիչ երկրաշարժի օրերից սկսած, ԱՀԱԸ-ը մշտապես օգնում է հազարավոր անապահով հայ ընտանիքներին, որբերին:

Իր ելույթում Հայ ավետարանական համաշխարհային խորհրդի նախագահ, Սիրիայի Հայ ավետարանական եկեղեցու համայնքապետ, վերապատվելի Հարություն Սելիմյանն ընդգծեց, որ իրենց գործունեության հիմնական ուղղություններն են Ավետարանի քարոզումը եւ կարիքավոր մարդուն օգնության հասնելը, լինի դա հիվանդ, որբ, անտուն կամ էլ ուսումնատենչ հայ երիտասարդ, գիտնական կամ արվեստագետ՝ առանց որեւէ դավանանքային, սեռային կամ սոցիալական խտրականության՝ հանուն Մայր հայրենիքի հզորացման:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել