Լրահոս
Օրվա լրահոսը

ԳՈՒՆԱՎՈՐ ԱՉՔԵ՞Ր ԵՆ «ՊԵՏՔ»

Ապրիլ 21,2009 00:00

\"\"

Լինզաները վնասակար են տեսողությանը

Աչքերը հոգու հայելին են: Սա ընդունված կարծիք է, իսկ ոմանք էլ պնդում են, որ աչքերի ձեւով եւ գույնով կարելի է որոշել տիրոջ բնավորությունը: Բայց ինչպես փոփոխական է առաջին տպավորությունը մարդու մասին, այնպես էլ փոփոխական կարող է լինել աչքերի գույնը: Դե արի ու որոշիր մարդու հոգին… Ասում են՝ գեղեցկությունը զոհեր է պահանջում, եւ այդ զոհողությունն էլ հիմնականում անում է գեղեցիկ սեռը: Կանայք միշտ ձգտում են լինել գեղեցիկ, հմայիչ, խնամված եւ այդ պատճառով էլ հաճախ դիմում են կոսմետիկ միջոցների: Վերջին շրջանում էլ հայ կանայք, կոսմետիկա օգտագործելուց բացի, ձգտում են փոխել նաեւ իրենց աչքերի գույնը, ինչն անում են գունավոր լինզաների միջոցով:

Լինզաներ օգտագործելու գաղափարը նոր չի առաջացել: Դեռեւս 1568 թվականին Լեոնարդո դա Վինչին նկարագրել է այնպիսի լինզա, որը, տեղադրելով աչքի մեջ, կփոխեր աչքի օպտիկական հատկությունները: Իսկ 300 տարի անց անգլիացի աստղագետ Ջոն Հերշելը նկարագրեց ապակե կոնտակտային լինզան՝ պատրաստված այնպես, որ նրա ձեւը համընկներ աչքի ձեւի հետ: Ժամանակի ընթացքում լինզաները, բացի օպտիկական նշանակությունից, ձեռք բերեցին նաեւ այլ հատկություն՝ դրանք կարող են փոխել աչքերի գույնը, ունենալ տարբեր պատկերների ձեւ եւ այլն:

Հայաստանում, ինչպես ողջ աշխարհում, վերջին շրջանում նորաձեւ է դարձել լինզաներ կրելը: Օրինակ, 46-ամյա Գոհար Հարությունյանն արդեն 10 տարի լինզա է կրում. «Առաջին անգամ օգտագործել եմ Հունաստանում: Այն ժամանակ Հայաստանում դեռ այնքան էլ տարածված չէին գունավոր լինզաները: Երբ մազերս ավելի բաց երանգով ներկեցի, հասկացա, որ կապույտ աչքեր են «պետք»: Արդեն տասը տարի կապուտաչյա շիկահեր եմ, այդ պատճառով Հայաստան վերադառնալուց հետո ոչ ոք չէր ճանաչում ինձ»: Տիկին Գոհարը համաձայն չէ այն կարծիքի հետ, որ լինզաները վնասակար են տեսողության համար, քանի որ տասը տարիների ընթացքում ոչ մի անգամ տեսողության հետ կապված խնդիրներ չեն առաջացել:

Այլ բան ասաց ակնաբույժ Նաիրուհի Սարգսյանը. «Եթե լինզայի որակը լավը չէ՝ աչքի մեջ կարող է փառ առաջանալ, տեսողությունը կվատանա՝ նույնիսկ մինչեւ կուրացում: Լինզան օտար մարմին է աչքի մեջ, այն կրելու համար ուշադրություն եւ հսկողություն է անհրաժեշտ: Յուրաքանչյուր մարդ, ով լինզա է կրում, պետք է հետեւի կանոններին, որպեսզի հետագայում խնդիրներ չառաջանան»:

Լինզաներ վաճառող մի քանի խանութներից հետաքրքրվեցինք, թե ո՞ր լինզաները առավել մեծ պահանջարկ ունեն եւ որքան են նվազագույն եւ առավելագույն արժեքները: Ըստ վաճառողուհու՝ գունավոր լինզաների գները սկսում են 7000 դրամից եւ հասնում մինչեւ 15000-ի, իսկ օպտիկական լինզաները համեմատաբար ավելի թանկ են՝ 13000-25000 դրամ: Գրեթե բոլոր խանութների վաճառողուհիները նշեցին՝ քանի որ լինզաները նորաձեւ են հատկապես կանանց եւ աղջիկների շրջանում, տղաները միայն տեսողական խնդիրներ ունենալու դեպքում են կրում օպտիկական լինզաներ: Նշենք նաեւ, որ, ըստ մեր հարցումների, Երեւանում ավելի շատ վաճառվում են կապտավուն, կանաչավուն եւ մոխրագույն լինզաները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել