Լրահոս
Օրվա լրահոսը

Խիստ պատիժներ են կիրառվել

Ապրիլ 21,2009 00:00

ՈՒԵՖԱ-ի կարգապահական կոմիտեն Մակեդոնիայի «Պոբեդա» ֆուտբոլային ակումբին ութ տարով զրկել է եվրոգավաթներին մասնակցելու իրավունքից, իսկ նախագահին եւ ակումբի խաղացողներից մեկին ցմահ արգելել ֆուտբոլային գործունեությամբ զբաղվել:

Այս որակազրկումները կիրառվել են ազնվության եւ մարզական պայքարի սկզբունքները խախտելու համար, որոնք սահմանված են ՈՒԵՖԱ-ի կարգապահական կանոնադրության հինգերորդ հոդվածով՝ ազդել հանդիպման արդյունքի վրա:

Հետաքննությունը կատարվել է ՈՒԵՖԱ-ի չեմպիոնների լիգայի առաջին ընտրական փուլի շրջանակներում՝ 2004 թվականի հուլիսի 13-ին եւ 21-ին կայացած «Պոբեդայի» եւ Հայաստանի «Փյունիկի» հանդիպումների առնչությամբ: Մտահոգություններն առաջացել են վկաների ցուցմունքների եւ բուքմեյքերական ինդուստրիայի տվյալների հիման վրա, որի ժամանակ գրանցվել է խաղագումարների ներդրման կասկածելի ալիք:

Կարգապահական կոմիտեն որոշումը կայացրել է յոթ ժամ տեւած նիստից հետո, որի ընթացքում լսվել են «Պոբեդայի» ներկայացուցիչների եւ բուքմեյքերական գործ փորձագետների վկայությունները: Կոմիտեի որոշմամբ՝ ակումբի նախագահ Ալեքսանդր Զաբրցանեցը եւ խաղացող Նիկոլչե Զդրավեսկին ցմահ հեռացվել են ֆուտբոլի հետ որեւէ առնչություն ունեցող գործունեություն ծավալելու իրավունքից: Սկսած 2009/2010 մրցաշրջանից՝ «Պոբեդային» ութ տարով արգելվել է Եվրոպայի ակումբային մրցաշարերին մասնակցել:

ՈՒԵՖԱ-ն դիմել է ՖԻՖԱ՝ այս որոշումը համաշխարհային մակարդակով հաստատելու խնդրանքով: Որոշումը կարող է բողոքարկվել որոշման մասին ծանուցագիրն ստանալու պահից երեք օրվա ընթացքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել