Խթանիչ օգտագործողները պատժվում են անկախ ազգային պատկանելությունից կամ խնամի-ծանոթ-բարեկամ հարաբերությունների առկայությունից:
Երբ ծանրամարտի Հայաստանի ֆեդերացիայի նախագահ Սամվել Խաչատրյանը օրեր առաջ մեր խնդրանքով գնահատում էր Բուխարեստում մեր տղամարդկանց եւ կանանց ազգային հավաքականների մրցելույթը, մի հետաքրքիր դրվագ պատմեց Եվրոպայի առաջնության մեկնարկից առաջ Մադրիդում կայացած մարզաձեւի միջազգային ասոցիացիայի (IWF) համաժողովից:
«Դոկտոր Թամաշ Այանը միջազգային ֆեդերացիայի նախագահ վերընտրվելուց հետո, ավանդույթի համաձայն, հանդիպում կազմակերպեց ազգային ֆեդերացիաների ներկայացուցիչների հետ՝ ապագայի իր ծրագրերին ծանոթացնելու եւ նրանց հուզող հարցերին պատասխանելու համար,- ասաց պարոն Խաչատրյանը:- Այդ հանդիպմանը մասնակցում էին 129 ազգային ֆեդերացիաների ղեկավարներ: Հանկարծ ձայն խնդրեց արաբական երկրների ներկայացուցիչներից մեկը` նախապես հայտարարելով, որ տալիք հարցը որեւէ հետին միտք չի պարունակում, սակայն նա այդ անում է նույն արաբական երկրների իր գործընկերների անունից եւ նրանց հանձնարարությամբ: Հարցն ուղղված էր Դոկտոր Այանին եւ ինձ ու մոտավորապես այն մասին էր, որ հատկապես 2006 թվականից սկսած, Հայաստանի ծանրորդները միջազգային ամենաբարձր մակարդակի գրեթե բոլոր մրցումներում մշտապես հաղթողներ եւ մրցանակակիրներ են ունենում, որ Հայաստանի նման փոքր երկիրը վերջին տարիներին հսկայական առաջընթաց է արձանագրել՝ դառնալով ծանրամարտի գերտերություն: Նրանց հետաքրքրում էր, թե ինչպե՞ս է դա հնարավոր՝ առանց խթանիչներ օգտագործելու: Հարցը հնչեցնողը կասկած հայտնեց, որ մեր առաջնակարգ մարզիկների մոտ դոպինգ չի բռնվում, քանի որ Թամաշ Այանի երակներում նաեւ հայկական արյուն է հոսում: Այանը նրան համբերատար լսելուց հետո պատասխանեց, որ ինքը մարզաձեւի միջազգային ասոցիացիայի նախագահն է, որի կազմում կան 187 երկրների ազգային ֆեդերացիաներ եւ բոլորն էլ, ինչպես մեկ ընտանիքի անդամներ, իր համար հավասար են: Դոպինգը չարիք է, որի դեմ պետք է պայքարել, ու ինքը որեւէ խտրականություն չի դնում երկրների, ազգությունների եւ ֆեդերացիաների միջեւ:
Իսկ ինչ վերաբերում է իր ազգությանը, Այանը հակադարձեց, որ ով էլ զբաղեցնի այդ պաշտոնը, ինչ-որ մի ազգ է ներկայացնելու: Հետեւաբար, այդ տրամաբանությամբ բոլորին էլ կարելի է կասկածել: Այնուհետեւ դոկտոր Այանը ձայնը փոխանցեց ինձ: Ես ներկաներին տեղեկացրի, որ եթե չգիտեն, թող իմանան (եւ դա նախ եւ առաջ այդպիսիների համար օգտակար կլինի), որ Հայաստանում պատմականորեն հենակետային են համարվում հիմնականում մենապայքարային մարզաձեւերը՝ ազատ եւ հունահռոմեական ըմբշամարտերը, բռնցքամարտը, ծանրամարտը, եւ հենց այս մարզաձեւերում մենք միշտ էլ աշխարհում ունեցել ենք ուժեղագույն մարզիկներ: Հիշեցրի, որ նույնիսկ Քրիստոսի ծնունդից առաջ հայ թագավորներն են մասնակցել Հին օլիմպիական խաղերին ու մենապայքարային ձեւերում չեմպիոն դարձել:
Խոսելով, մասնավորապես, ծանրամարտի մասին՝ բացատրեցի, որ դեռ անցած դարի կեսերից սկսած, երբ ներկաներից շատերը չէին էլ ծնվել, մենք անգամ Խորհրդային Միության ու այլ երկրների հավաքականների կազմում մշտապես մարզաձեւին տվել ենք երկաթախաղի համաշխարհային մեծության գերաստղեր՝ օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի, ԽՍՀՄ չեմպիոններ, մրցանակակիրներ ու ռեկորդակիրներ, ինչպիսիք են Սերգո Համբարձումյանը, Ռաֆայել Չմշկյանը, Նորայր Նուրիկյանը, Հարություն Չոբանյանը (նա, ի դեպ, Մադրիդում Հայաստանի ներկայացմամբ ընտրվեց IWF-ի տեխնիկական կոմիտեի կազմ), Յուրի Վարդանյանը, Հոկսեն Միրզոյանը, Յուրի Սարգսյանը, Վարդան եւ Իսրայել Միլիտոսյանները, Խաչատուր Քյափանակցյանը: Եվ որ նրանց այսօրվա սերունդը շարունակում է ավանդույթները, զարմանալի ոչինչ չկա: Հիշեցրի նաեւ, որ զարգացած տնտեսություն ունեցող շատ երկրներում, հսկայական ֆինանսական ներդրումներ ստանալով, գիտահետազոտական բազմաթիվ ինստիտուտներ են աշխատում դոպինգի գերժամանակակից միջոցներ ստեղծելու վրա, որոնք հայտնաբերելը, ցավոք, հաճախ գրեթե անհնարին է: Հայաստանն այդպիսի հնարավորություն չունի: Իսկ ոչ ոք իր «գաղտնի զենքը» ուրիշին չի վաճառի, առավել եւս՝ Հայաստանի նման երկրներին չի նվիրի: Եվ եթե անգամ ուրիշ ոչ մի պատճառ չլիներ, հենց միայն սրա համար Հայաստանը եւ նրա նման երկրներն ամենից շատ են ցանկանում, որպեսզի մրցահարթակում հավասար ու արդար պայքար ծավալվի: Այնպես որ, մեր պարագայում անհանգստանալն իզուր է:
Իսկ որպեսզի կասկածները վերջնականապես փարատվեն եւ մարդիկ ավելի լավ պատկերացնեն, թե ինչն ինչոց է, հենց տեղում հարցը տվողին եւ բոլոր ցանկացողներին առաջարկեցի համագործակցել: Հրավիրեցի Հայաստան: Թող գան՝ տեսնեն, թե ինչպե՞ս է ժողովուրդը քարից հաց քամում, ի՞նչ պայմաններում են մեր մարզիկները մարզվում, ի՞նչ են ուտում: Թող մասնագետները փորձի փոխանակում կատարեն, հավաքականները գան եւ այստեղ համատեղ ուսումնամարզական հավաքներ կազմակերպեն, մերոնց էլ իրենք հրավիրեն: Դա շահավետ լինի թե նրանց համար, թե՝ մեր»: