Մայր աթոռի պարզաբանումները
Օրեր առաջ Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը հանդես եկավ հայտարարությամբ, որով դատապարտեց ավետարանչական համայնքին եւ նաեւ բոլոր այն կազմակերպություններին, որոնք ներգրավված էին «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախմբի այցի կազմակերպման գործում: «Օկլահոմայի երգող տղամարդիկ» երգչախմբի այցը Հայաստան՝ քողարկված գործունեություն է իրականացնում՝ շահագործելով Ցեղասպանությունը»,- երեկ «Հայելի» ակումբում հայտարարեց Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Եթե չլիներ երգչախմբի անվանափոխության հանգամանքը Հայաստան այցի առիթով, թերեւս ուշադրություն այդ ամենին չդարձվեր: Անվանափոխությունը մղեց բոլորիս՝ լավագույնս անդրադառնալու եւ կատարելու որոշակի ճշգրտումներ: Մեր ձեռքն ընկավ մի փաստաթուղթ, որը տեղ էր գտել «Օկլահոմայի երգող տղամարդիկ» բապտիստական երգչախմբի կայքէջում, որտեղ փաստաթուղթը դրամահավաքության նպատակով պատրաստված փաստաթուղթ է: Օրեր անց, երբ որոշակի արձագանքներ սկսեցին արվել, այդ փաստաթուղթը կայքէջից վերացավ: Մենք պահպանեցինք ե՛ւ անգլերեն, ե՛ւ հայերեն տարբերակը: Այսօր արդեն կայքէջում դա չեք գտնի, այլ պարզապես երկտող կգտնեք, որ Հայաստանում հայտարարություններ են կատարվել եւ իրենք պատասխանատվություն չեն կրում դրանց համար: Սակայն այդ դրամահավաք փաստաթղթի մեջ տեղ գտած տեղեկատվությունը լավագույնս փաստում է եւ հուշում, որ այն ներքին գործածության մի փաստաթուղթ է եղել, որով երգչախումբը Հայաստան է գալիս պարզապես Հայոց ցեղասպանության շահարկմամբ, կատարելու քարոզչական առաքելություն,- ասաց տեր Վահրամը եւ ավելացրեց:- Մենք դատապարտում ենք Հայ ավետարանչական եկեղեցին, որը, ճիշտ է, հասարակական կազմակերպության եւ Նոր Նորքի հոգեւոր հովվի անվան ներքո է հանդես գալիս իբրեւ հրավիրող կողմ, սակայն մեզ համար ընկալելի է այդ ձեռագիրը եւ բազում փաստեր ունենք, որ Հայ ավետարանչական եկեղեցին շարունակում է իր պառակտիչ գործունեությունը»: Ըստ քահանա Մելիքյանի, եթե մարդիկ գալիս են իրենց սրտակցությունը հայտնելու հայ ժողովրդին, մասնավորապես Ցեղասպանության հիշատակման այս օրերին, ապա իրենց փաստաթղթերում տեղ չեն գտնի այնպիսի արտահայտություններ, ըստ որոնց՝ Հայաստանը բնորոշվում է իբրեւ հակասեմիտական երկիր, որտեղ տեղեկատվություն չէր գտնվի, թե Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցին` իբրեւ դոմինանտ եկեղեցի, սպառնալիք է ներկայացնում նոր առաքելություն ներկայացնող եկեղեցիների համար եւ ճնշող ազդեցություն ունի մնացյալ կրոնական կազմակերպությունների համար: Տեր Վահրամը փաստում է. «Պատասխանատվությունը կրում է հրավիրող կողմը՝ Ավետարանչական եկեղեցու վերապատվելին, որովհետեւ սա միսիոներական, քարոզչական առաքելություն է, հոգեորսություն»:
«Էջմիածին» ամսագրի գլխավոր խմբագիր, բանասիրական գիտությունների թեկնածու Վարդան Դեւրիկյանն էլ նշեց. «Ցեղասպանությունը, թերեւս, լավագույն պատրվակներից մեկն էր դիվիդենդներ հավաքելու համար: Տեր Վահրամի ձեռք բերած փաստաթուղթը անընդունելի դրույթներ է պարունակում: Ինչ վերաբերում է անվանափոխությանը, երգչախումբը, Հայաստանյայց առաքելական եկեղեցու ճնշող ազդեցության պատճառով, կրում է «Օկլահոմայի երգող տղամարդիկ» անվանումը, մինչդեռ իր անունն իրականում «Օկլահոմայի երգող հոգեւորականներ» է: Փաստաթղթում Հայաստանը ներկայացվում է իբրեւ թշվառ, գաճաճ, աբորիգենների մի երկիր, որտեղ իրենք գալիս են քարոզչության»:
Հրավիրող կողմի մասին էլ տեր Վահրամն ասաց. «Ըստ որոշ աղբյուրների, հրավիրողը ոմն Գագիկ Խաչատրյանն է, բայց բոլոր համերգասրահների հետ պայմանավորվածություններ ձեռք է բերել Ռընե Լեւոնյանը…»: