«Կեցցե Հայաստան» հուշերի նորատիպ գիրքը
Լույս է տեսել Ռազմիկ Դավոյանի «Կեցցե Հայաստան» գիրքը, որտեղ ամփոփված են նրա հուշերը Վիլյամ Սարոյանի մասին: Հեղինակը գրում է, որ առաջին հանդիպումը մեծանուն գրողի ու հայորդու հետ պետք է կայանար 1972թ., երբ Բեյրութի «գրական շրջանակի» հրավերով ոտք էր դրել Լիբանան ու այնտեղից էլ պիտի Սիրիա, մասնավորապես՝ Դեր Զոր հասներ: Սակայն հանդիպումը չի կայանում, որովհետեւ Խորհրդային միության անազատ քաղաքացին հայտնվում է բարդ ընտրության առաջ: «Մտածեցի, որ Սարոյանը շարժվող ասուպ է երկրագնդի վրա. եթե Աստված կամենա, գուցե մի տեղ հանդիպենք, բայց Դեր Զորն անշարժ է եւ հանդիպելու միակ ձեւն այնտեղ այցելելն է: Սիրիայից վերադարձիս «Սփյուռքի» խմբագրատանը, Սիմոն Սիմոնյանի աշխատասեղանին դրված էր իմ լուսանկարը, որի վրա Սարոյանը անգլերեն իր ողջույնն էր թողել ինձ»,- պատմում է Դավոյանը:
1976-ի հոկտեմբերին, երբ ինքն աշխատում էր Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում, մեկ էլ զանգ է ստանում Կոմիտեի նախագահ Վարդգես Համազասպյանից, որը հայտնում է, թե Դավոյանն ու Լեւոն Ներսիսյանը պետք է մեկնեն Լենինգրադ՝ Սարոյանին դիմավորելու: Հաջորդ օրը օդանավակայանում հուզիչ հանդիպում էր սպասվում. անցակետից մեն-մենակ դուրս է գալիս Սարոյանը՝ սպիտակ անձրեւաթիկնոցով ու սպիտակ լայնեզր գլխարկով եւ նկատելով Դավոյանին ու Ներսիսյանին, ձեռքը թափահարելով հարցնում է՝ հա՞յ եք: Դրական պատասխան ստանալով՝ կատակում է. «Ուրեմն փրկված ենք»: «Սարոյանն Ամերիկայի երկնքից Անգլիայի երկնքով մտել էր Ֆինլանդիայի երկինք, իջել էր Լենինգրադի հողին եւ ուրախ էր, որ իրեն դիմավորող հայեր կան: Ու ես կրկին հասկացա, որ հային հայ է պետք՝ որ երկնքից էլ նա իջնի կամ որքան էլ մեծ լինի նա աշխարհում»,- գրում է հեղինակը: Այնուհետեւ այս ամենին հետեւում են զանազան միջադեպեր, հետաքրքիր զրույցներ, որոնց միջոցով գրական հսկային նորովի է բացահայտում Դավոյանը:
«Կեցցե Հայաստան» գրքույկը էջուկեսանոց հետգրություն ունի՝ «Վիլյամ Սարոյանը եւ մեր գրական քաղաքականության բարոյականությունը» վերնագրով: Այն պատմում է, հեղինակի բառերով՝ Գրողների միության այն ժամանակվա կոմունիստական ղեկավարության կազմակերպած ճաշկերույթի մասին: «Անի» հյուրանոցում կենացներ են խմվում ու, հայաստանցի գրչակիցների միջավայրում քաջալերված զգալով, Սարոյանը մի կենաց էլ ինքն է ցանկանում ասել: «Հաստատելով, որ ինքը քաջատեղյակ է Հայաստանի ժամանակակից գրականության արժեքներին, ասաց, թե ահագին տաղանդներ կան… չորս հոգու անուն տվեց եւ այդ չորսի մեջ չկար պաշտոնական նոմենկլատուրայում հաստատված ցանկից եւ ոչ մեկի անունը… Խոսքը դեռ չավարտած, սեղանի վրա կարծես փոթորիկ պայթեց… Նախ տեղից ցատկեց Վարդգես Պետրոսյանը եւ վրդովմունքով բառացիորեն հետեւյալն ասաց. «Քեզ ո՞վ է իրավունք տվել, որ Ամերիկայից գաս եւ էստեղ գնահատես հայ գրականությունը…Մենք էստեղ ավելի լավ գիտենք եւ այդ գնահատումն արել ենք անսխալ, դու էստեղ ջուր պղտորելու իրավունք չունես…»: Ապա Հրաչյա Հովհաննիսյանը կանգնեց եւ արհամարհական կեցվածքով շարունակեց հիմնավորել Գրողների միության նախագահի «արդար վրդովմունքը», բայց Սարոյանը չլսեց մինչեւ վերջ, մռայլվեց, վեր կացավ տեղից եւ ուղղվեց դեպի դուռը… Մենք երեքով հեռացանք այդ ճաշկերույթից եւ գնացինք փչացած տրամադրությունն այլ տեղ նորոգելու»,- պատմում է Ռազմիկ Դավոյանը: Նա նաեւ հիշում է, թե ինչպես էին որոշ գրողներ, մտերիմ ձեւանալով, Սարոյանին Բիլի կանչում, քծնում, հիշեցնում, թե նրա մասին հոդված են գրել, իսկ Սարոյանը նման բարեկամ գրչակիցների հետ խոսելիս կա՛մ հումոր էր անում, կա՛մ երեսներին նետում. «Ձեր մեջ մեկը չկա՞ ադ մարդուն ըսե, որ ինքը բանաստեղծ չէ…»: