Երեկ Մոսկվայում դաժան ծեծի են ենթարկվել Տաջիկստանից եւ Ուզբեկստանից եկած 15 բանվորներ: Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ առավոտյան ժամը 7-ին շինհրապարակ են ներխուժել 20-ից ավելի անձինք եւ հանցագործությունը կատարելուց հետո՝ հեռացել դեպքի վայրից: Տուժածներին օգնություն ցուցաբերելու համար շինհրապարակ էր եկել շտապօգնության 12 մեքենա: Ավելի վաղ, ոստիկանությունը խոստացել էր կտրուկ միջոցներ ձեռնարկել Հիտլերի ծնունդը նշող ազգայնականների բոլոր ապօրինի գործողությունների դեմ: Իրավապահներին օգնություն ցույց տալու պատրաստակամություն է հայտնել «Մերոնք» իշխանամետ շարժումը: Երիտասարդները խոստացել են վերահսկողության տակ առնել շուկաները, հանրակացարանները, մզկիթները եւ սինագոգները: Օտարազգիների վրա հարձակումների մասին հայտնի էր վաղօրոք: Մասնավորապես «Սլավոնական միություն» կազմակերպության ներկայացուցիչը հայտարարել էր, որ Հիտլերի ծննդյան օրը նշվելու է միգրանտների նկատմամբ բռնություններով: Իրավապաշտպաններն իրենց հերթին զարմանում են, թե ինչպես են նեոնացիստները մայրաքաղաքում կարողանում գործել ազատ եւ անարգել: Ըստ որոշ տեղեկությունների, կիրակի օրը ազգայնական հողի վրա Մոսկվայում սպանվել է եւս մեկ բանվոր՝ Տաջիկստանից: