Անցած հանգստյան օրերին Պորտ-օֆ-Սփեյնում տեղի ունեցած արեւմտյան կիսագնդի երկրների 34 ղեկավարների հանդիպման ժամանակ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման իր հարավային հարեւաններին առաջարկեց «գործընկերություն իրավահավասար հիմքի վրա, որը թույլ կտա շուռ տալ անցյալի մութ էջերը»: «Վրեմյա նովոստեյ» թերթը գրում է, որ այս հայտարարությունը, ինչպես նաեւ Օբամայի պատրաստակամությունը՝ մաքուր էջից սկսել Կուբայի հետ հարաբերությունները, բուռն ծափահարությունների արժանացավ: Կուբան չի մասնակցում նման համաժողովների, քանի որ չի մտնում ամերիկյան պետությունների կազմակերպության մեջ: 1962 թվականին այդ կազմակերպության ղեկավարությունը որոշեց, որ զարգացման մարքսիստական ուղին անհամատեղելի է Ամերիկայի հավաքական անվտանգության համակարգի հետ: Այժմ Կուբայի շահերը թե համաժողովում, թե ընդհանրապես ամերիկյան քաղաքականության մասշտաբով պաշտպանում են Վենեսուելայի, Նիկարագուայի, Էկվադորի եւ Բոլիվիայի ղեկավարները: Նրանք հանդիպեցին համաժողովից մեկ օր առաջ՝ պատրաստվելով մարտահրավեր նետել ամերիկացիներին, սակայն Օբամայի հաջողությունը համաժողովում այնքան ակնհայտ էր, որ կոշտ հակամարտություն տեղի չունեցավ: Ավելին, Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսը ջերմ հանդիպում ունեցավ Օբամայի հետ եւ նրան նվիրեց «Լատինական Ամերիկայի կտրված երակները» գիրքը, որը պատմում էր այն մասին, թե ինչպես են եվրոպական երկրները եւ ԱՄՆ-ը 500 տարի թալանում այդ մայրցամաքի հարստությունները: «Ես կարծում եմ, որ նախագահ Օբաման խելացի մարդ է՝ ԱՄՆ նախորդ նախագահի համեմատությամբ»,- հայտարարել է Վենեսուելայի առաջնորդը: Նա նաեւ պատրաստակամություն է հայտնել վերականգնել Միացյալ Նահանգների հետ դիվանագիտական հարաբերությունները: