Գերմանիայի կառավարությունը հայտարարել է, որ չի մասնակցելու երեկ Ժնեւում բացված ռասիզմի դեմ պայքարին նվիրված ՄԱԿ-ի կոնֆերանսին: Գերմանիան իր մտահոգությունն է հայտնել առ այն, որ համաժողովն օգտագործվելու է իսլամական պետությունների կողմից Իսրայելին քննադատելու, ինչպես նաեւ խոսքի ազատությունը սահմանափակելու համար, այն դեպքերում, երբ խոսքը գնում է իսլամի քննադատության մասին: Ըստ BBC-ի, կոնֆերանսը բոյկոտելու մասին հայտարարել են ԱՄՆ-ը, Իսրայելը, Կանադան, Ավստրալիան եւ Հոլանդիան: Նրանք նույնպես կարծում են, որ հանդիպումը ձեռք է բերում հակաիսրայելական եւ հակաարեւմտյան բնույթ: ԱՄՆ-ը բացատրել է իր չմասնակցելը ֆորումի եզրափակիչ փաստաթղթի նախագծում՝ մի շարք դրույթներով, որոնք վերաբերում են Մերձավոր Արեւելքի խնդիրներին եւ խոսքի ազատությանը: Արեւմտյան մի շարք ներկայացուցիչներ իրենց մտահոգությունն են արտահայտել այն մասին, որ կոնֆերանսին ելույթ է ունենալու Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադը, որը խոշոր երկրների ղեկավարներից միակն է, որ մասնակցելու է հանդիպմանը: Եթե Ահմադինեջադն օգտվի այդ հնարավորությունից՝ Իսրայելին քննադատելու կամ Հոլոքոստը մերժելու համար, դա, ըստ արեւմտյան երկրների, ստվեր կգցի կոնֆերանսի վրա: