Լրահոս
Օրվա լրահոսը

«Շիրակում դպրոցներ ու մշակութային օջախներ չեն փակվի»

Ապրիլ 21,2009 00:00

Վստահեցնում են մարզպետարանի կրթության ու մշակույթի ոլորտի պատասխանատուները

«Որտեղ բնակավայր, այնտեղ դպրոց. սա մեր կրթության ռազմավարությունն է, եւ նույնիսկ սակավաբնակ գյուղական բնակավայրերում, եթե աշակերտների թիվը հասնում է 8-9-ի, մենք տարրական դպրոցները հստակ պահպանում ենք: Դրանից զատ, որպեսզի դպրոցի աշակերտների այն խմբաքանակը, որը հիմնական կամ ավագ դպրոց չլինելու պատճառով պիտի տեղափոխվի, ֆինանսների նախարարությունը անցած տարվանից մարզպետարանի համապատասխան ծրագրի շրջանակներում հաստատել է գումարներ, եւ ձեր նշած սակավաբնակ գյուղերում երեխաների տեղափոխությունը կատարվում է պետության հատկացրած միջոցներով, իհարկե, տվյալ բնակավայրում պահպանելով արդեն իսկ գործող տարրական դպրոցը»,- «Առավոտի» այն հարցին, թե հնարավո՞ր է աշակերտ չլինելու պատճառով Շիրակի մարզի որոշ գյուղերում դպրոցներ փակվեն, այսպես պատասխանեց Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի եւ սպորտի վարչության պետ Սահակ Մինասյանը:

Տեղեկացնենք, որ այս առումով ծայրահեղ վատ վիճակում է Աշոցքի շրջանի Արփենի գյուղը, որտեղ, գյուղացիների ասելով, ծնելիությունը այնպես է նվազել, որ կրախի առջեւ է կանգնել գյուղի դպրոցը. երբեմն, մեկ աշակերտ լինելու պատճառով, նույնիսկ տարրական դասարաններ չեն բացվում: Որոշ մարդիկ էլ, իրենց երեխաների կրթության մասին մտածելով, ստիպված են գյուղից Գյումրի տեղափոխվել:

Երեկ Շիրակի մարզպետարանում հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ, վերոհիշյալ խնդրից բացի, Սահակ Մինասյանը մշակույթի ու սպորտի բաժնի պետերի հետ միասին ստիպված եղավ խոսել նաեւ մի շարք «այլանդակ» երեւույթների մասին՝ վերջին զանգերի դրամահավաքություն, մաֆիա, սերունդներին փչացնող հայկական հեռուստասերիալներ, գրքերի դերի նվազում եւ այլն: «Վերջին զանգին» անդրադառնալով՝ մարզպետարանի պաշտոնյան ասաց, որ դպրոցից դուրս կազմակերպվող «անիմաստ ու ցածրաճաշակ խրախճանքներից» խուսափելու համար դպրոցի տնօրեններին առաջարկվել է «Վերջին զանգ» միջոցառումը համատեղել «Վերջին դաս» ավանդական միջոցառման հետ: Թեեւ, ըստ նրա, իրենք իրավունք չունեն արգելելու ծնողներին տանը կամ այլ վայրում երեխայի համար միջոցառում կազմակերպել, արգելանքը միայն դպրոցի ներսում կազմակերպվող միջոցառումներին է վերաբերում: Մշակույթի բաժնի պետ Գոռ Մարգարյանն ու Շիրակի մարզպետ Լիդա Նանյանի խորհրդական Հասմիկ Կիրակոսյանն էլ հավաստիացրին, որ չեն թույլատրելու որեւէ համայնքապետի մշակույթի օջախները՝ գյուղի գրադարանները կամ երաժշտական դպրոցները ինքնագլուխ փակել: «Օրինակ, Երազգավորսը ուներ տիպային հրաշալի մշակույթի տուն, որտեղ նույնիսկ չօգտագործվող կոմպլեկտներ կային՝ եւ փողային նվագարանների, եւ երգեհոնային գործիքների, եւ խալի-խալիչաներով, գորգերով շատ գեղեցիկ զարդարված էր, երկրաշարժից անմիջապես հետո դրանց մեծ մասը պահպանվել էր եւ կար, որից հետո երազգավորսցիների կողմից ներսի եղածը, չեմ ուզում կոպիտ բառ օգտագործել, բայց թալանեցին, ոչնչացրին, քանդեցին, պատուհանների ռամկեքից սկսած՝ վերցրին տարան: Տանեն ու պետությունից պահանջեն՝ բերեք նորը դրե՞ք: Համայնքը ինքը պիտի մտածի: Իսկ ինչ վերաբերում է այն հարցին, որ ցանկացած գյուղական համայնք պետք է ունենա մշակութային օջախ, դա կառավարության ուշադրության կենտրոնում է»,- ասում է մշակույթի բաժնի նախկին պատասխանատու Հասմիկ Կիրակոսյանը: Վերջինիս ասելով՝ մարզխորհրդի նիստերից մեկի ժամանակ իրենք այնպիսի խիստ տոնով խոսեցին 4-5 գյուղապետերի հետ, որ վերջիններս վախեցան փակել գյուղի գրադարանները: Իսկ ամեն մի գրադարանում առնվազն երեք հազար կտոր գրականություն կա: Ըստ մշակույթի պատասխանատուների՝ գյուղապետերը վախից սկսել են նույնիսկ արվեստի դպրոցներ բացել, օրինակ՝ Լանջիկում, Բայանդուրում, այստեղ դպրոց է բացվել տիկ նվագող չորս երեխաների «խաթր», Հայաստանում այդ գործիքը նվագողներ չեն մնացել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել