Նախակրթարանների գործունեության մասին այսպես արտահայտվեց «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանը:
Հմտությունները կրել եւ փոխանցել. այս սկզբունքն է ընկած «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրում անցկացվող «Նախակրթարանների հանրապետական ծրագրի» շրջանակներում կազմակերպված՝ դաստիարակների երկշաբաթյա վերապատրաստումների հիմքում: Այդ գործընթացի ամփոփումը օրերս տեղի ունեցավ կրթահամալիրի մեդիա կենտրոնում, որի ժամանակ վերապատրաստված դաստիարակները Համբարձման տոնին նվիրված ծեսի միջոցով ցուցադրեցին այն բոլոր հմտությունները, որոնք ձեռք էին բերել երկու շաբաթվա ընթացքում:
«Առավոտը» զրուցեց ծրագրի ղեկավար Աիդա Պետրոսյանի հետ: Նա տեղեկացրեց. «Վերապատրաստվել է 2-4 տարեկանների նախադպրոցական հաստատությունների 50 դաստիարակ՝ Երեւանից եւ մարզերից: Այդ ընթացքում նրանց սովորեցրել ենք տիկնիկագործություն, ստացել են պարի, երաժշտության, բանահյուսության դասեր: Բայց այդ հմտությունները նրանց են փոխանցվել ոչ թե դասախոսությունների, այլ` գործունեության միջոցով: Ըստ այդմ՝ դաստիարակների վերապատրաստման ընթացքում հատկապես ուշադրություն է դարձվել այն հանգամանքին, որ երեխան ավելի մեծ հմտություն է ձեռք բերում գործունեության ընթացքում, եւ ոչ թե դպրոցական նստարանին նստած»: Ա. Պետրոսյանն «Առավոտին» փոխանցեց որոշ դաստիարակների մտահոգությունները. «Նրանց ամենից շատ անհանգստացնում է այն, որ իրենց կրթօջախներում ազատության պակաս կա, հնարավոր է իրենց ղեկավարները թույլ չտան նրանց անել այն, ինչ ցանկանում են: Այնինչ, ազատության դեպքում երեխան ինքնակազմակերպվում է, կարողանում ինքնուրույն գործունեություն ծավալել»:
Նշված խնդիրների մասին զրուցեցինք նաեւ «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի տնօրեն Աշոտ Բլեյանի հետ: Նա նկատեց. «Դաստիարակները պիտի ազատությունը նվաճեն, քանի որ այն չի տրվում, այլ նվաճվում է: Առանց ազատության ի՞նչ կրթություն, ի՞նչ դաստիարակություն, ի՞նչ հասարակություն: Իհարկե, այս առումով տարեցտարի առաջընթացը շոշափելի է դառնում, քանի որ հասարակական պատվերն է այդպիսին»:
Պարոն Բլեյանին հիշեցրինք այն իրավիճակը, որն այսօր տիրում է նախադպրոցական կրթական հաստատություններից շատերում՝ հին մանկավարժական մեթոդներ, ֆիզիկական ռեսուրսների պակաս եւ այլն: Ա. Բլեյանն ասաց. «Իհարկե, առաջընթացը շատ դանդաղ է: Իրականում համայնքի ղեկավարն ինքը պիտի լինի կրթական հաստատությունների գլխավոր պաշտպանը, բայց այդպես չէ: Ցավոք, հասարակական պատվերն այսօր չի գերիշխում: Համայնքի ղեկավարի կամայականությունից շատ բան է կախված, իսկ եթե գլխավորը հասարակական պատվերը լիներ, այդպես չէր լինի»:
«Առավոտը» զրուցեց նաեւ վերապատրաստմանը մասնակցած դաստիարակների հետ: Աջափնյակ համայնքի թիվ 311 մսուր-մանկապարտեզի դաստիարակ Նելլի Ենգոյանն ասաց. «Մեր առջեւ ծառացած առաջնային խնդիրներից է երեխաների ֆիզիկական, հոգեւոր զարգացման համար համապատասխան պայմանների ոչ լիարժեք բավարարումը: Օրինակ՝ խաղային պայմաններ մենք ինքներս ենք ստեղծում, բայց դա լիովին չի բավարարում այժմյան նոր կրթական մոտեցումների պահանջներին»: Իսկ Աշտարակի Արաքս Մուրադյանի անվան մանկապարտեզի դաստիարակ Թամարա Պապյանն ասաց. «Մենք ունենք միջավայրի հետ կապված խնդիրներ: Օրինակ՝ երեխայի դաստիարակությանը խոչընդոտում է մանկական կահույքի բացակայությունը, նրա զարգացմանը նպաստող այլ անհրաժեշտ պարագաների բացակայությունը: Մյուս կողմից էլ մենք այժմ գտնվում ենք փնտրտուքների մեջ, որպեսզի ինչ-որ տեղից համապատասխան գրականություն, այլ միջոցներ գտնենք երեխաների առօրյան ավելի հետաքրքիր դարձնելու համար»: