Հարցազրույց «Արեւելք-Արեւմուտք» հետազոտությունների կենտրոնի ղեկավար Արաստուն Օրուջլիի հետ
– Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախագծին: Դա ի՞նչ կարող է տալ Ադրբեջանին:
– Ներգրավվելով «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մեջ՝ Ադրբեջանը հնարավորություն է ստանում Եվրոպական Միության հետ ուղիղ հարաբերությունների ստեղծման եւ եվրոպական ֆինանսական, տնտեսական, տրանսպորտային-մաքսային տարածություն հետագա ինտեգրման համար։
Այդ ծրագրի շրջանակում երկիրը ստանում է սեփական տնտեսական անվտանգությունն ամրապնդելու հնարավորություն, ինչպես նաեւ Եվրոատլանտյան անվտանգության համակարգի մաս դառնալու շանս։ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նաեւ ուղիղ ճանապարհ է բացում դեպի եվրոպական ներդրումներ եւ ժամանակակից տեխնոլոգիաներ։ Բացի այդ, տվյալ ծրագիրը նախատեսում է պետական ինստիտուտների բարեփոխման, ինչպես նաեւ ժողովրդավարության, մարդու իրավունքների, քաղաքացիական հասարակության եւ տնտեսական ազատությունների զարգացման միջոցառումներ։ «Արեւելյան գործընկերություն» ծրագիրը նաեւ պայմաններ է ստեղծում հեռավոր ապագայում Ադրբեջանի՝ Եվրամիության անդամ դառնալու համար։
– Ո՞րն է հիմնական տարբերությունը ԵՄ եւ Ադրբեջանի «Հարեւանության ծրագրի» ու «Արեւելյան գործընկերության» միջեւ:
– «Արեւելյան գործընկերություն» ծրագրի հիմնական տարբերությունը «Եվրոպական հարեւանության ծրագրից» այն է, որ այս ծրագիրը. ա) ներառում է ընդամենը 6 երկիր, ընդ որում՝ միայն նախկին խորհրդային հանրապետություններ («Եվրոպական հարեւանության ծրագիրն» ընդգրկում է Եվրոպայի, Ասիայի եւ Աֆրիկայի 11 երկիր), բ) ավելի որոշակի ձեւով է սահմանում Եվրոպական Միության եւ գործընկեր երկրների համագործակցության շրջանակը (ժամկետները, կողմերի պարտավորությունները, ֆինանսական օգնության չափը եւ այլն), գ) էլ ավելի է մոտեցնում գործընկեր երկրները Եվրոպական Միությանը։
– Ի՞նչ է գործնականում Ադրբեջանի եվրաինտեգրման գործընթացը, եւ արդյո՞ք երկիրը, եվրոպական ինտեգրումից բացի, այսօր ունի քաղաքական զարգացման այլընտրանքային հնարավորություն:
– Դա առաջին հերթին նշանակում է Ադրբեջանի եւ Եվրոպական Միության տնտեսական հարաբերությունների զարգացումն ու ամրապնդումը (առավելապես՝ Եվրոպայի տնտեսական անվտանգության ապահովման ոլորտում)։ Հնարավոր է նաեւ քաղաքական մերձեցում, սակայն Ադրբեջանի անդամակցումը ԵՄ-ին հեռավոր ապագայի հարց է (եթե դա առհասարակ հնարավոր է)։ Դա որոշակի ազդեցություն կթողնի նաեւ երկրում քաղաքական համակարգի բարելավման գործընթացի արագացման վրա։
Ադրբեջանի՝ որպես եվրոպական տարածության մասի, զարգացման ուղղությունը որոշվել է դեռեւս Ադրբեջանի Հանրապետության (1918-1920) տարիներին, ինչպես նաեւ հաստատվել է 1991 թվականին երկրի անկախացումից անմիջապես հետո։ Այդ ուղղությունն առաջին հերթին պայմանավորված է մշակութա-տնտեսական պատճառներով եւ այլընտրանք չունի։
– Ի՞նչ օգնություն այսօր, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, եվրոպական եւ միջազգային կազմակերպությունները կարող են ցուցաբերել Ադրբեջանին ամենահրատապ խնդիրները լուծելու համար, եւ որո՞նք են այդ խնդիրները (ճգնաժամի պայմաններում գոյատեւումը, երկրի ժողովրդավարացումը, ղարաբաղյան հակամարտության լուծումը եւ այլն):
– Ադրբեջանի հիմնական խնդիրներն են՝ ղարաբաղյան հակամարտության չլուծվածությունը, կառավարման համակարգի թուլությունը՝ ընդհանրապես եւ տնտեսության կառավարման համակարգինը՝ մասնավորապես, կոռուպցիան, քաղաքացիական ինստիտուտների թուլությունը, ինչպես նաեւ ազատ տնտեսական գործունեության համար անհրաժեշտ պայմանների բացակայությունը, իշխանության տարանջատված չլինելը։ Ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում այս խնդիրներն ավելի են խորանում եւ դրանց ավելանում են նաեւ սոցիալ-տնտեսական խնդիրներ։ Անկասկած, այս պայմաններում միջազգային կազմակերպությունների ուշադրությունը Ադրբեջանի խնդիրների նկատմամբ կաճի, քանի որ ճգնաժամի պայմաններում երկրի քաղաքական ղեկավարության դիմադրության կարողությունը կնվազի եւ համապատասխանաբար կաճի միջազգային կառույցների արդյունավետությունը։ Երկրի ժողովրդավարական զարգացման գործում դա կարող է հանգեցնել դրական, բայց ղարաբաղյան հարցում՝ բացասական արդյունքների։