Լրահոս
Օրվա լրահոսը

«ԵՎՐԱԻՆՏԵԳՐՎՈՂ» ՀԱՅԱՍՏԱՆ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆ

Ապրիլ 21,2009 00:00

Եվրոպական կառույցների, եվրաինտեգրման ողջ գործընթացի նկատմամբ վերաբերմունքը Հայաստանում եւ Ադրբեջանում երկակի է: Ոմանք եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությունը համարում են անխուսափելի, քանի որ դրանց հետ համագործակցում է նաեւ Ղարաբաղի համար մրցակից պետությունը: Մյուսների համոզմամբ՝ եվրաինտեգրումն այլընտրանք չունի, անկախ վերջին մեկ տարուց մի քիչ ավելի ժամանակաընթացքում Հայաստանում եւ Ադրբեջանում տեղի ունեցած ժողովրդավարական ետընթացներից, անկախ այդ պատճառով հիասթափված հասարակական մեծ խմբերից: Արդյո՞ք այդպես է դա իրականում, եւ արդյո՞ք երկու երկրներում գոյություն ունեցող վերաբերմունքը Եվրոպայի եւ առհասարակ ամեն մի եվրոպականի նկատմամբ չի ենթարկվել փոփոխության: «Եվրաինտեգրվող» Հայաստան եւ Ադրբեջան» թեմայով երկու երկրներում անցկացրած հարցազրույցների նոր շարքով փորձենք գտնել այս հարցերի պատասխանները:

«Առավոտ» եւ Բաքվում «Նովոյե վրեմյա» թերթերում տպագրվող նյութերը պատրաստվել են «Հաշտեցման ռեսուրսներ» (Conciliation Resources) կազմակերպության աջակցությամբ:

«Ռեգիոն» հետազոտական կենտրոն

ԵՄ-ն հուշում է՝ որտեղ փնտրել հակամարտության լուծման բանալին

Հարցազրույց Հայաստանում ԵՄ Առեւտրի պալատի տնօրեն Հովհաննես Իգիթյանի հետ

– Ադրբեջանը եւ Հայաստանը պատրաստվում են մասնակցել Եվրամիության «Արեւելյան գործընկերություն» նախագծին: Ի՞նչ կարող է դա տալ Հայաստանին:

– «Արեւելյան գործընկերություն» ծրագրում ընդգրկված է 6 ԱՊՀ երկիր: Ենթադրում եմ, որ այս երկրներն ապագայում կարող են դառնալ ԵՄ անդամներ: Այսինքն՝ կարելի է ասել, որ ԵՄ-ն սրանով գծում է այն սահմանը, որով պետք է, ի վերջո, սահմանափակվի դեպի արեւելք Եվրամիության ընդլայնումը՝ եւ աշխարհագրորեն, եւ քաղաքականորեն:

Նախ՝ բուն ծրագրի նպատակներում երեք կետ կա, որոնք Հայաստանին պետք է առավել հետաքրքրեն: Դրանք են՝ այսպես ասած, ազատ առեւտրի գոտու ստեղծումը, որը կհեշտացնի հարկային, մաքսային, ինչպես նաեւ սերտիֆիկատների հետ կապված որոշ հարցեր: Երկրորդը՝ էներգետիկ կայունությունն ու էներգետիկ ռեսուրսների ազատ, ավելի հեշտ փոխանակումը: Եվ երրորդը վիզային ռեժիմի բարելավումն է:

Այս երեք կետերը կարող են խթան լինել Հայաստանի թե տնտեսապես, թե սոցիալապես Եվրամիություն ինտեգրվելու համար: Այս ծրագրում ավելի մեծ հնարավորություններ են տրվում առեւտրային եւ տնտեսական համագործակցության համար, ինչը շատ կարեւոր է հատկապես այս ճգնաժամային իրավիճակում: ԵՄ շուկայում ակտիվության ցանկացած հնարավորություն մեծ աջակցություն է Հայաստանի տնտեսության համար: Ի վերջո, Հայաստանը փոքր շուկա է, եւ մենք պետք է մեր արդյունաբերությունը կապենք այլ շուկաների հետ: ԵՄ-ն այս ծրագրին շատ լուրջ է վերաբերվում, եւ եթե Հայաստանը նույնպես լուրջ վերաբերվի, ապա դա Հայաստանի առջեւ մեծ հնարավորություններ կբացի: Բայց թե ինչքանով Հայաստանը կօգտագործի դա, ինչքանով լուրջ կպատրաստվի ու քայլեր կանի այդ ուղղությամբ՝ կախված է հիմնականում իշխանությունից: Հայաստանի իշխանության այն մասը, որն առնչվում է այդ ծրագրին, սովորել է միայն արտասանել մի քանի բառակապակցություն՝ «կայուն զարգացում», «ինտեգրում» եւ այլն: Հայաստանն իր 17 տարվա պատմության մեջ (նույնիսկ պատերազմի տարիներին) եվրաինտեգրումից ավելի հեռու, քան հիմա, չէր եղել: Ինձ թվում է, որ առայժմ Հայաստանի իշխանությունը Եվրամիության այդ ծրագրին նայում է ընդամենը գումարային տեսակետից, թե ինչքան վարկ կտա այս կամ այն ծրագիրը: Բայց Եվրամիության բոլոր ծրագրերը, եւ հատկապես այս վերջինը, առանց գլոբալ, ինստիտուցիոնալ, համակարգային մոտեցման հնարավոր չէ կատարել: Նկատի ունեմ՝ մեր երկրներում ժողովրդավարական համակարգի ձեւավորումը: Քանի որ այս ծրագիրն արդյունավետ կաշխատի միայն այն դեպքում, եթե մենք՝ Հայաստանը եւ ԵՄ-ն, նույն արժեքային համակարգն ունենանք:

– Ո՞րն է հիմնական տարբերությունը ԵՄ եւ Հայաստանի «Հարեւանության ծրագրի» ու «Արեւելյան գործընկերության» միջեւ:

– «Հարեւանության ծրագրի» նպատակն էր ԵՄ-ի շուրջը ստեղծել կայուն գոտի: Հենց անվանումներն էլ են հուշում: Դու պետք է ընտրես՝ ուզում ես միայն լավ հարեւա՞ն լինել, թե՞ նաեւ՝ գործընկեր: Գործընկերությունը հետագայում հնարավորություն է տալիս ավելի լուրջ նեգրավվել այդ կառույցին: «Հարեւաններ» կարող են լինել եւ Թունիսը, եւ Բելառուսը, եւ Հայաստանը: Մենք կարող ենք հավերժ հարեւան լինել, դա ոչ թե դիվանագիտական հաղթանակ է, այլ ընդամենն աշխարհագրական դիրք: Իսկ գործընկեր լինելն արդեն պարտավորեցնում է. ունենալ նույն համակարգը, ինչպիսին ունի քո գործընկերը՝ սկսած ազատ շուկայական հարաբերություններից, վերջացրած ժողովրդավարական ինստիտուտների ձեւավորմամբ: Այս ամենն ավելի խորն առկա է «Արեւելյան գործընկերության» ծրագրում: Վերջինս իրականացնելու համար ԵՄ-ը նաեւ գումարային աջակցություն կցուցաբերի: Պակաս կարեւոր չէ նաեւ էներգետիկ համագործակցությունը, հատկապես 21-րդ դարում ու առկա ֆինանսատնտեսական ճգնաժամային իրավիճակում:

– Ի՞նչ է գործնականում Հայաստանի եվրաինտեգրման գործընթացը, եւ արդյո՞ք երկիրը, եվրոպական ինտեգրումից բացի, այսօր ունի քաղաքական զարգացման այլընտրանքային հնարավորություն:

– Երկիրը՝ հասարակության, այլ ոչ թե իշխանության համար. այս բանաձեւից պետք է բխեն մնացած բոլոր քայլերը, որոնք հնարավորություն կտան հասարակությանը ձեւավորել իշխանություն՝ խոսքի ազատություն, մարդու իրավունքներ, ընտրական համակարգ ձեւաչափերով: Սա այն հիմքն է, որի վրա պետք է կառուցել երկրի տնտեսությունը: «Գործընկերության» մեջ հիմնական շեշտադրումը տնտեսական է, բայց եթե փորձենք խորը հասկանալ, ապա, իհարկե, դա նույն ժողովրդավարական չափանիշներն են, որոնց հիմքի վրա պետք է կառուցվի թե պետությունը, թե քաղաքական ու տնտեսական դաշտը: Ես չեմ կարծում, որ կա այլընտրանք: Բայց կան մարդիկ, նույնիսկ բարձր պաշտոնյաներ, քաղաքական գործիչներ, որոնք ենթադրում են, որ այս գործընկերությունը կարող է լինել ի վնաս հայ-ռուսական հարաբերությունների: Այդպիսի հայտարարություններ կան եւ ռուսական, եւ հայկական մամուլում: Ես չեմ կարծում, որ դա գալիս է մեկը մյուսին փոխարինելու կամ մեկը մյուսի հետ մրցակցելու համար: Հայ-ռուսական հարաբերությունները կարող են նույն ձեւով շարունակվել: Բայց այդ հարաբերությունները չեն խանգարում, որ Հայաստանը փորձի ձեւավորել մի արժեքային դաշտ՝ ԵՄ արժեքային դաշտին համահունչ: ԵՄ անդամ երկրներից որոշներն ավելի լավ հարաբերություններ ունեն Ռուսաստանի հետ, քան նույնիսկ Հայաստանը:

Հայաստանի համար այսօր այլ բանաձեւ գոյություն չունի, եթե մենք իրոք ուզում ենք զարգացած երկիր կառուցել:

– Ի՞նչ օգնություն այսօր, ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, եվրոպական եւ միջազգային կազմակերպությունները կարող են ցուցաբերել Հայաստանին ամենահրատապ խնդիրները լուծելու համար, եւ որո՞նք են այդ խնդիրները (ճգնաժամի պայմաններում գոյատեւումը, երկրի ժողովրդավարացումը, ղարաբաղյան հակամարտության լուծումը եւ այլն):

– Օգնությունը մենք չպետք է դիտարկենք զուտ գումարային տեսանկյունից, որը կարող է գալ եւ ուղղակիորեն բաժանվել ժողովրդին: Չնայած՝ ԵՄ-ի «Գործընկերության» ծրագիրը նախատեսում է նաեւ որոշ ֆինանսական աջակցություն, բայց այստեղ կարեւոր է՝ Հայաստանը ճգնաժամային իրավիճակից դուրս բերելու հարցում օժանդակությունը: Բոլոր դեպքերում, ճգնաժամում են գտնվում նաեւ ԵՄ անդամ երկրները, յուրաքանչյուրն ունի ճգնաժամի դեմ պայքարելու սեփական փորձ, եւ այդ փորձի փոխանակումն արդեն իսկ մեծ աջակցություն կլինի Հայաստանի համար:

Հայաստանի նման փոքր շուկա ունեցող երկրների համար՝ ճգնաժամն առաջին հերթին կապված է միջին սպառողի վճարունակության հետ: Իհարկե, միջազգային տարբեր կազմակերպություններ կարող են աջակցել բանկերին կամ պետությանը վարկերի տեսքով, բայց դա չի կարող լիովին լուծել խնդիրը: Այս հարցում «Արեւելյան գործընկերության» ծրագիրն անուղղակի ձեւով կարող է շատ օգտակար լինել Հայաստանին: Ավելի վճարունակ շուկա մուտք գործելը Հայաստանին կտա տնտեսապես զարգանալու հնարավորություն: «Արեւելյան գործընկերության» ծրագիրը ենթադրում է քայլեր, որոնք կաջակցեն Հայաստանի գործարարներին հայկական արտադրանքը ներմուծել եվրոպական շուկա: Սա ես համարում եմ ավելի մեծ օգնություն, քան վարկային կամ գումարային այլ աջակցությունը:

Ինչ վերաբերում է Արցախի հարցին՝ հենց ԵՄ-ն իր մոդելով հուշում է, թե որտեղ պետք է փնտրել ԼՂ հակամարտության լուծման բանալին: Ցանկացած կոնֆլիկտի, այդ թվում՝ ղարաբաղյանի, հիմքում հիմնականում ընկած է սահմանը գծելու խնդիրը: Ահա այս խնդիրը Եվրամիությունում, կարելի է ասել, լուծված է: Այնտեղ էլ ժամանակին որոշ երկրների միջեւ սահմանների հետ կապված լուրջ խնդիրներ են եղել, որոնք այլեւս ակտուալ չեն:

Եվ եթե եվրոպական այս մոդելը, որտեղ սահմանը, որպես երկրները բաժանող ցանկապատ, վերացվել է ու դարձել պետության պատասխանատվության դաշտի սահմանում, կիրառվի մեր տարածաշրջանում, ապա, իմ կարծիքով, բավականին կհեշտանա ԼՂ հակամարտության լուծումը:

Բայց ամենահրատապ հարցն այսօր մեր տարածաշրջանի, հատկապես Հայաստանի համար մնում է ժողովրդավարացման խնդիրը, որը հնարավորություն կտա լուծել թե հակամարտությունների, թե ճգնաժամային խնդիրները:

Միայն ժողովրդավարական եւ արդար ձեւով ընտրված իշխանությունները Հայաստանում եւ Ադրբեջանում կարող են լուծել ԼՂ հիմնահարցը:

«Արեւելյան գործընկերության» ծրագրի շրջանակներում կարող է լինել նաեւ այլ աջակցություն, ինչպիսին է՝ բազմատեսակ խորհրդատվական կենտրոնների ստեղծումը, փոքր եւ միջին բիզնեսին աջակցությունը, համաշխարհային բարձր տեխնոլոգիաներին Հայաստանի ներգրավումը, ինչպես նաեւ՝ կրթական, սոցիալական, աղքատության հաղթահարման եւ այլ ծրագրերի իրականացումը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել