«Առավոտը» տեղեկացրել է, որ ոռոգման շրջանի մեկնարկին զուգահեռ, ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը շրջայցերով ուսումնասիրում է մայր ջրանցքների վիճակը: Տեղեկացրել ենք նաեւ, որ ամենուր ջրանցքները ահավոր կեղտոտ են, ինչի արդյունքում նվազել է դրանց թողունակությունը: Սա, սակայն, ամենամեծ խնդիրը չէ:
Արարատյան դաշտավայրի համար ջուր ապահովող ջրանցքների մի մասը անցնում է Երեւանի տարածքով ու տեղ-տեղ փակ է: Եվ եթե ջրանցքների բաց հատվածներում հիմնականում կենցաղային աղբ է, ապա, ինչպես հավաստիացնում է Արմեն Գեւորգյանը, ջրանցքների փակ հատվածները՝ դյուկերները մաքրելիս դուրս է գալիս ինչ ասես՝ անվադողեր, մեքենայի մասեր ու անգամ դեն նետված հեռուստացույց ու սառնարան: Իսկ դրանց միջով անցնող ջրով աճեցրած վարունգը, լոլիկը կամ սմբուկը ուտում ենք բոլորս:
Ի հավելումն այս աղբի՝ Երեւանի Էրեբունի համայնքում ջրանցքը ողջ երկարությամբ կառուցապատված է՝ հիմնականում ավտոտնակներ են կառուցված, շատ հաճախ անօրինական եւ հիմա բնակիչները փորձում են օրինականացնել կառուցածը: «Սա է իրականությունը, դե հիմա ասեք՝ ի՞նչ անենք,- հարցնում է Արմեն Գեւորգյանն ու ինքն էլ պատասխանում,-պիտի քանդենք այդ շինությունները: Ավելի լավ է մի քանի հոգու համար վատամարդ դառնամ, քան թե Արարատյան դաշտավայրի հողերը մնան առանց ոռոգման ջրի»: