Տավուշի մարզի դպրոցներից տեղեկություն ստացանք, որ կառավարության որոշումով ընդհանուր առմամբ 297 միլիոն դրամով կրճատվել է մարզի դպրոցների ֆինանսավորումը: Լուրի իսկությունը ստուգելու համար զանգեցի Տավուշի մարզպետարանի ֆինանսատնտեսական վարչության պետ Ռոբերտ Ներսիսյանին: Նրա խոսքերով, կառավարության մարտի 26-ի թիվ 302-Ն որոշմամբ մարզի դպրոցների ֆինանսավորումը կրճատվել է 297 միլիոն դրամով:
Հաշվարկները, սակայն, ցույց են տվել, որ նման կրճատման դեպքում դպրոցների նախահաշիվները չեն բավարարվում, հնարավոր չի լինում ըստ հաստիքացուցակների ամբողջությամբ աշխատավարձ վճարել: Այս պատճառով կառավարությունը ընդունել է մեկ այլ որոշում (Տավուշի մարզպետարանն այն դեռ պաշտոնապես չի ստացել), որով 82 միլիոն դրամ է հատկացվել Տավուշի դպրոցների ֆինանսավորմանը: Այս որոշումից հետո, հաշվի առնելով կրճատումը եւ այս նոր հատկացումը, ըստ Ռոբերտ Ներսիսյանի, մարզի դպրոցներին պետական ֆինանսավորումը ընդհանուր առմամբ կրճատվել է 214 միլիոն 500 հազար դրամով: Ֆինանսատնտեսական վարչության պետի վկայությամբ, ֆինանսական կրճատումները չեն վերաբերելու մանկավարժների աշխատավարձերին: Դրանք կլինեն դպրոցների տնտեսական ծախսերի, ջեռուցման վճարների եւ այլնի հաշվին: Նախորդ տարիներին դպրոցների խնայած գումարները, որոնք պարոն Ներսիսյանն անվանում է «մնացորդային», ներառվել են այդ դպրոցների այս տարվա նախահաշիվների մեջ: