Լրահոս
Օրվա լրահոսը

ԽՈՇՈՐԱՑՈՒՄՆ ԱՅԼԸՆՏՐԱՆՔ ՉՈՒՆԻ

Ապրիլ 21,2009 00:00

\"\"

Երեւանի ավագանուն սպառնում է Հայաստանի խորհրդարանի ճակատագիրը

ՀՀ տարածքային կառավարման նախարարության նախաձեռնությամբ ապրիլի 17-ին եւ 18-ին տեղական ինքնակառավարման եւ տարածքային կառավարման խնդիրները լուսաբանող լրագրողները, այդ խնդիրներով զբաղվող հ/կ-ների ներկայացուցիչները, նախարարության ղեկավարության հետ քննարկում էին համայնքների խորոշացման եւ միջհամայնքային միավորումներ ստեղծելու հարցերը:

ՀՀ Սահմանադրությունը, տեղական ինքնակառավարման մասին եւ մի շարք այլ օրենքներ խրախուսում են համայնքների խոշորացումը, եւ այժմ Արագածոտնի մարզում ուսումնասիրվում են խոշորացման հնարավորությունները: Այս պահին խոշորացման յոթ անհրաժեշտ պայման է ձեւավորված. տնտեսական նպատակահարմարություն, բնակչությանը ծառայություններ մատուցելու հնարավորության ապահովում, մարդկային ռեսուրսներով ապահովվածություն, ինքնուրույնության ապահովում, ներհամայնքային տրանսպորտ, ընդհանուր սահման, միմյանցից առավելագույնը 5 կմ հեռավորություն եւ այլն: Լեռնային գյուղերը չեն խոշորացվի: Ըստ նախարարության, խոշորացման արդյունքում կունենանք կառավարման օպտիմալ մոդել, ֆինանսական, հողային, մարդկային ռեսուրսները չեն փոշիանա, կարողությունները կուժեղանան եւ այլն:

Համայնքների խոշորացմանը ոչ ոք դեմ չէր, պարզապես կա մտավախություն, թե փոքր համայնքը մեծի հետ միանալու պարագայում, թեեւ արդեն մեկ համայնք կոչվելուն, համայնքապետը միշտ նախկին մեծ համայնքից կլինի, նախկին փոքրի բնակիչները իրենց մի տեսակ արհամարհված կզգան: Այս կասկածները փարատեց ՀՀ տարածքային կառավարման փոխնախարար Վաչե Տերտերյանը: Ըստ նրա, որեւէ համայնքապետ չի ուզենա ընտրազանգված կորցնել եւ չի կարող համայնքի բնակիչների մի մասի կարծիքը հաշվի չառնել: Ու բացի սրանից, հիմա կան փոքր համայնքներ, որ, ասենք, բուժկետ կամ մանկապարտեզ չունեն, եւ մարդիկ գնում են հարեւան գյուղ: Խոշորանալու պարագայում, երբ ռեսուրսները եւս միավորվելու են, կա մեծ հավանականություն, որ նման հարցերը կլուծվեն: Փոքր եւ թույլ համայնքները խոչընդոտում են զարգացմանը, հայտարարեց Վաչե Տերտերյանը: Նույն կարծիքին է նաեւ ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը: Այսօր Հայաստանում մեկ համայնքում ապրում է միջինը 3488 մարդ, տարածքը՝ 20 քառ. կմ, սակայն ունենք 199 համայնք, որտեղ ապրում է 300-ից պակաս մարդ, իսկ 27 համայնքում՝ 100-ից պակաս մարդ: 45 կամ 56 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը ունի նույն իրավունքները, ինչ 5000 կամ 12 000 բնակիչ ունեցող համայնքի ղեկավարը եւ պետությունից նույն օժանդակությունն է ստանում: Ըստ Արմեն Գեւորգյանի, ճիշտ կլինի, որ նման փոքրերը միանան մեծերին: Առավել եւս քիչ չեն դեպքերը, երբ քաղաքին կպած որեւէ գյուղ առաջներում եղել է քաղաքի մաս: Թե պետական կառույցները, թե հ/կ-ները կարծում են, որ Հայաստանում խոշորացումների արդյունքում եղած 926 համայնքից կմնա մոտ 750-ը: Իսկ միջհամայնքային միավորումներ կարող են ստեղծվել՝ երբ համայնքները կամենան: Այս պարագայում, համայնքները պահպանում են իրենց ինքնուրույնությունը, սակայն միավորումը կարող է ունենալ ինքնուրույն բյուջե, միասնական ծրագրեր իրականացնել, ինչը էլի նշանակում է՝ ռեսուրսների առավել նպատակային ծախս: Ուշագրավ է այս ոլորտում Դանիայի փորձը: Պետությունը համայնքներին որոշակի ժամանակ է տվել սեփական կամքով միավորվելու, խոշորանալու համար, իսկ ժամկետի ավարտին իր կամոք խոշորացրել չխոշորացածներին: ՀՀ տարածքային կառավարման նախարար Արմեն Գեւորգյանը հայտարարեց, որ խոշորացմանը այլընտրանք չկա, իսկ ՀՀ համայնքների ասոցիացիայի ներկայացուցիչ Էմին Երիցյանը, կողմ լինելով խոշորացմանը, ասաց, որ ամեն կոնկրետ դեպքում ասոցիացիան իր տեսակետը կներկայացնի:

Եթե այս հարցում լուրջ տարաձայնություններ չկային, ապա Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքի քննարկումը շատ ավելի բուռն ստացվեց:

Օրենքի հեղինակ, իրավաբան Հրայր Թովմասյանը քաղաքապետի անուղղակի ընտրության կողմնակից է: Ու, համաձայն օրենքի, Երեւանի 65 հոգանոց ավագանին է քաղաքապետ ընտրում: Քաղաքապետը միշտ պետք է ավագանու մեծամասնության կամքը կատարի: Ավագանին, պատկերավոր ասած, Երեւանի խորհրդարանն է, իսկ Հայաստանի խորհրդարանի պատմությունը վկայում է, որ օրենսդիրը գործադիրի կցորդն է, նրան չի հակառակվում ու առնետավազքով շատ արագ դառնում է փոփոխված գործադիրի կցորդ: Սրա արդյունքում է, որ ԱԺ-ն «կոճակ սեղմողների խորհրդարան» որակումն է ստացել: Երեւանի ավագանին, փաստորեն, գործադիրի կցորդ է ի սկզբանե, ըստ օրենքի: Մեր այս դիտարկմանը Հրայր Թովմասյանը չհամաձայնեց ու ասաց, որ ավագանու մեծամասնության՝ քաղաքապետ ունենալը նպատակ ունի խուսափել հակադրություններից, կոնֆլիկտներից:

Հեռուստատեսության եւ ռադիոյի մասին օրենքով սահմանված է, որ կառավարության գործունեությունը «Հ1»-ով օրական երեք րոպեից ավելի չի կարող լուսաբանվել: Այս դրույթը միշտ խախտվել է հօգուտ գործող իշխանության եւ երբեք խախտողը չի պատժվել: Երեւանում տեղական ինքնակառավարման մասին օրենքում նման սահմանափակում չկա, եւ Հանրայինը կարող է օրը 25 (քսանհինգ) ժամ խոսել գործող քաղաքապետի մասին:

Ընտրական օրենսգրքի համաձայն, ԱԺ ընտրություններին մասնակցող կուսակցությունների համամասնական ցուցակի 15%-ը պետք է կանայք լինեն: Երեւանի ավագանու ընտրությունների պարագայում կանայք անտեսվել են՝ նման պահանջ չկա:

Միակ դրականը այս օրենքում որեւէ խմբակցության, եւ ոչ թե ողջ ավագանու կամոք քննիչ հանձնաժողով ձեւավորելու հնարավորությունն է: Մեկ էլ, թերեւս, վասն քաղաքապետարանի թափանցիկ աշխատանքի, պաշտոնական կայք ունենալու պարտադրանքը: Ի դեպ, «Հայաստանի ավագանիների ասոցիացիա» հ/կ նախագահ, ԱԺ պատգամավոր Արայիկ Հարությունյանը, կարեւորելով ավագանու դերը, ասաց, որ շատ հաճախ օրենքի ոչ բոլոր կետերն են կիրառվում, եւ ժողովրդավարական Երեւան ունենալը կախված է հենց նրանից, թե ինչպես կկիրառվի օրենքը:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել