Լրահոս
Օրվա լրահոսը

«Ոչ մի ինքնասպան լինող մարդ չի ուզում մեռնել»

Ապրիլ 21,2009 00:00

Անուշադրության մատնվածը դիմում է ինքնասպանության

«Աստված երես է թեքել ինձնից, ես այլեւս չեմ կարող շարունակել ապրել նման ձեւով: Հեռանում եմ»… Սրանք այն տողերն են, որ մահվանից առաջ նամակում գրել է 23-ամյա Աստղիկը: Նա ինքնասպան է եղել, բայց բուն պատճառը մինչեւ օրս բացահայտված չէ: Հարազատներն ու ընկերները չէին հավատում այն փաստին, որ նա գնացել է այդ քայլին, քանի որ բոլորը Աստղիկին ճանաչում էին որպես աշխույժ, կյանքը սիրող ու գնահատող մի աղջկա: «Երեկո էր, ես տուն եկա եւ տեսա նրան գետնին ընկած՝ դեղահաբի տուփն ու չարաբաստիկ այդ նամակը՝ կողքին: Չհասկացա, թե ինչ է կատարվել: Իսկ հետո էլ չէի հավատում, որ դա ինքն է արել եւ մինչեւ այսօր էլ ինձ համար մութ է մնացել մի հարց՝ ինչո՞ւ»,- ասում է Աստղիկի մայրը:

Հոգեբան Կամո Վարդանյանն ասում է, որ ինքնասպանությունը բնորոշ է բոլոր մարդկանց՝ անկախ խառնվածքից ու բնավորությունից: Խնդիրը այն է, թե մարդ ինչ աստիճանի հոգեբանական ախտահարում է ստացել: «Ինքնասպանությունը անսպասելի ծագող միտք չէ: Այն կատարվում է տեւական ժամանակամիջոցում: Նախ մարդը անցնում է որոշ փուլերով՝ անտիվիդուալ (կյանքը մերժող-խմբ.) մտքեր, սուիսիդալ (անձնասպանական-խմբ.) մտքեր, որոշում եւ փորձ: Սա կոչվում է նախասուիսիդալ շրջան, որը կարող է տեւել մինչեւ 1,5 տարի: Եթե մարդը գտնվում հոգեպես հիվանդ վիճակում, ապա նրան կարելի է օգնել միայն դեղորայքի միջոցով, իսկ եթե նրա մոտ իրավիճակային հիմնախնդիր է՝ դավաճանություն կամ կյանքի իմաստի կորուստ, սա արդեն հոգեբանական խնդիր է ու կարելի է կանխել»,- ասում է հոգեբանը: Ինքնասպանությունը ինքնահաստատման, դիմացինին պատժելու, ինչպես նաեւ ուշադրություն գրավելու ձեւ է: «Երբ մարդ դիմում է ինքնասպանության, նա դրա մեջ դնում է իմաստ: Իմաստներից մեկն էլ հասարակության ուշադրությունը գրավելն ու հատկապես շրջապատինը՝ իր վրա ուղղելն է: Եթե ուշադիր լինես մարդու նկատմամբ, նա չի դիմի այդ քայլին: Ոչ մի ինքնասպան լինող մարդ չի ուզում մեռնել: Նա ուզում է, որ ինչ-որ մեկն իրեն ասի՝ մի արա»,- ասում է Կ. Վարդանյանը:

Ինքնասպանություն գործած մարդկանց զգալի մասը նամակ է գրում կամ նկարում. «Այդ նկարները նրանց հոգեկանի պրոյեկցիան են: Եթե մարդը դեռ ինքնասպան չի եղել, դրանցով կարելի է որոշել՝ նա կգնա՞ այդ քայլին, թե՝ ոչ, ու կարելի է որոշել նաեւ պատճառները»:

Շատերն են վիճում այն հարցի շուրջ, թե ինքնասպանություն գործող մարդիկ ուժեղ են կամ թույլ: Բայց, ըստ հոգեբանի, ուժեղի ու թույլի խնդիր չկա. «Իրավիճակի խնդիր է: Կան այնպիսի իրավիճակներ, որոնց մեջ հայտնվելով՝ մեզնից գրեթե յուրաքանչյուրը ինքնասպան կարող է լինել»:

Ի տարբերություն մահացու մեղքերի՝ ինքնասպանությունը համարվում է աններելի մեղք, քանի որ վերջինիս համար մարդ այլեւս ժամանակ չի ունենում ապաշխարելու: Արտակ սարկավագ Ղեւոնդյանի խոսքերով. «Աստված է ստեղծել մարդուն, եւ միայն նա կարող է մարդուն զրկել կյանքից: Ո՞վ ենք մենք, որ ըմբոստանանք Աստծո դեմ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել