Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՐԵԽԱՅԻ ՀՈԳԻՆ ԽԱՂԱՂ ՉԷ

Ապրիլ 21,2009 00:00

Ծնողների դիմումները մնացել են անպատասխան

«Առավոտն» անդրադարձել է անցյալ տարվա մայիսի 26-ին Սարդարապատի հուշահամալիրում հերոսամարտի 90-րդ տարելիցի նախօրեին տեղի ունեցած ողբերգությանը:

Բեմահարթակը շրջվելու հետեւանքով մահացավ Երեւանի թիվ 97 միջնակարգ դպրոցի 7-րդ դասարանի աշակերտուհի, «Ծիծեռնակ» պարային համույթի սան, ծնողների միակ երեխա Լուսինե Հակոբյանը: Այդ օրը մարմնական վնասվածքներ ստացան Հայկուհի Աղաջանյանը, Արտակ Կիրակոսյանը (վերջինիս բուժման համար օրեր առաջ բարեգործական համերգ կազմակերպվեց), Հասմիկ Խամբեկյանը, Լիլիթ Մարկոսյանը: Փաստի առթիվ հարուցվեց քրեական գործ: Տոնակատարության պատասխանատուն Հայաստանի պետական ֆիլհարմոնիան էր: Վերջինս պայմանագիր էր կնքել տեխնիկական մասն ապահովող «Արմեն Հարությունյան» ձեռնարկության հետ: Ձեռնարկությունը «Փրոդիջի» ՍՊԸ-ից պատվիրել էր 2006թ. հունիսին Չինաստանից բերված չինական ալյումինե կոնստրուկցիաներ: Նախաքննության ժամանակ շրջանառության դրվեց միայն «մի անսպասելի, կարճաժամկետ, 25 մ/վրկ. ուժգնությամբ քամու» վարկածը, որը շրջել էր բեմահարթակը:

Հիշեցնենք, որ երեխաները փորձերն արել են երեկոյան ժ. 21-ին: «Երեխայիս մահը գցեցին քամու վրա, իբր քամի է եղել, քամին է բեմը շրջել: Սակայն ես ո՞ւմ վրա գցեմ, որ երեխա եմ կորցրել: Ճակատագրի՞: Բայց ճակատագիրն ինձ տվել էր առողջ եւ տաղանդավոր երեխա, որին ուսման եմ տվել, որի համար երջանիկ եմ եղել»,- ասում է պետական անտարբերության մատնված Լուսինեի մայրը: «Ուրախ ենք, որ Արտակ Կիրակոսյանին օգնեցին նրա ընկերները, համերգ կազմակերպեցին, գումար հավաքեցին: Իմ աղջիկը 13 տարեկան էր եւ ընկերներ չունի, որ գումար հավաքեն, օգնեն գոնե գերեզմանաքարը գցենք: Մինչ օրս նրա գերեզմանին հուշաքար չի դրված: Ես որեւէ տեղ չեմ աշխատում»,- շարունակում է դստերը կորցրած մայրը:

Իսկ Լուսինեի տատը՝ Ալվարդ Ստեփանյանը, որը 1970-74թթ. եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր՝ թիվ 174 ընտրատարածքից, ցնցված է, որ իր թոռնիկի հարցով ԱԺ, ՀՀ նախագահի աշխատակազմ ուղարկված նամակները կամ չեն պատասխանվում, կամ ուղարկվում են այլ հասցեատիրոջ: Մասնավորապես, վերջերս ՀՀ նախագահի աշխատակազմից Հակոբյանների նամակն ուղարկվել է Երեւանի քաղաքապետարան: Վաղամեռիկ երեխայի ծնողները կասկածում են ամեն ինչին: Նրանց հիվանդանոցում ասել էին, թե Լուսինեն իր ոտքով է վիրահատարան գնացել եւ ասել է, թե փորն է ցավում: Մինչդեռ ծնողները համոզված են, որ Լուսինեն իր փխրուն ուսերին չէր կարող պահել բեմահարթակը եւ նրա մահը վրա է հասել տեղում:

Փաստորեն, բեմահարթակի տեխնիկական շահագործման հետ կապված քննություն չի ընթացել: Ընդ որում, չի քննարկվել այն հարցը, թե տոնակատարության պատասխանատուներն իրավունք ունեի՞ն փորձեր անել մի բեմահարթակի վրա, որը դեռ պատրաստ չէր, ամրացված չի եղել եւ, հետեւաբար, տեղի է տվել անսպասելի «ամբաստանյալին»՝ քամուն:

Չնայած, ըստ Արմավիրի մարզի դատախազի տեղակալ Ռ. Դանիելյանի. «Դեպքի օրը տեղի ունեցած դժբախտ պատահարի հարցում մեղավոր անձ չկա, եւ քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումն օրինական է»:

Լուսինե Հակոբյանի ծնողները բավարարված չեն այդ պատասխանից: Նրանք գտնվում են ծանր սթրեսային վիճակում: Պետությունը պարտավոր է հոգալ Լուսինեի ծնողների հոգեբանական, ֆիզիկական, նյութական ծանր վիճակի մասին, որին պատրաստ չեն եղել նրանք: Անցել է ուղիղ մեկ տարի, իսկ պատահարի զոհ դարձած երեխայի ծնողներին որեւէ մեկը ձեռք չի մեկնում, ինչո՞ւ…

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել