Լրահոս
Օրվա լրահոսը

Շիրակում առողջապահությունը լավ վիճակում չէ

Ապրիլ 21,2009 00:00

Գյումրեցիների կարծիքով՝ մարզում կարգին մասնագետներ չկան

Վերջին 3 ամսվա կատարած ու չկատարած աշխատանքները ներկայացնելու նպատակով երեկ Շիրակի մարզպետարանում խմբակային մամուլի ասուլիս էին հրավիրել մի շարք վարչության պետեր: Քանի որ առողջապահության ու սոցիալական վարչության նորանշանակ պետ Սամվել Ղազարյանը առաջին անգամ էր հաշվետվություն ներկայացնում իր գործունեության մասին, ուստի լրագրողներին հուզող հարցերի մեծ մասը ուղղվեց հենց նրան: «Առավոտը» Ս. Ղազարյանից հետաքրքրվեց, թե մինչեւ ե՞րբ են գյումրեցիները բուժվելու համար մեծ գումարներ ծախսելու ու մայրաքաղաք հասնելու, քանի որ Գյումրիում լավ մասնագետներ չկան:

Նշենք, որ Գյումրիում մասնավորապես շաքարախտով հիվանդները լավ մասնագետների կարիք ունեն: Նկատենք, որ այս ոլորտում սերնդափոխություն գրեթե տեղի չի ունենում, Բժշկական համալսարան ավարտած գյումրեցի կադրերին Գյումրին կամ չի հրապուրում, կամ էլ նրանց համար առողջապահական հիմնարկներում լուրջ խոչընդոտներ են ստեղծում ու հիասթափեցնում: Առողջապահության վարչության պետը հավաստիացրեց, որ կադրերի ուղղությամբ լուրջ աշխատանքներ են տարվում, շուրջ 3-4 ամիս է՝ կառավարությունը որոշում է ընդունել բոլոր մարզեր գործուղել հանրապետության բարձրակարգ բժիշկներին, որպեսզի տեղում կատարվեն համապատասխան աշխատանքներ, եւ դրվի այն մասնագիտացման հիմքը, որը թույլ է տվյալ մարզում: Ըստ Ս. Ղազարյանի, արդեն իսկ էնդոկրինոլոգի ու ռեանիմատոլոգի (շաքարախտի ու վերակենդանացման բժիշկներ- Ա. Ն.) հայտ են ներկայացրել, որպեսզի վերջիններս գան ու աշխատեն Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցում: Մարզպետարանի պաշտոնյայի ասելով՝ ամենաուշը 1 տարի հետո Գյումրիի հիվանդանոցներից մեկում կբացվի էնդոկրինոլոգիական բաժանմունք, այս պահին մեծ աշխատանքներ են տարվում: Երիտասարդ կադրերի մասին էլ ասաց. «Վերջին 2 ամսվա ընթացքում մենք աշխատանքի ենք ընդունել 2 երիտասարդ կադրի, մեկը գինեկոլոգ է, գործուղել ենք Ամասիա եւ միաժամանակ աշխատում է Գյումրիի ծննդատանը, որպեսզի կատարելագործվի»:

Առողջապահության վարչության պետից նաեւ հետաքրքրվեցինք, թե նրան չի՞ անհանգստացնում այն փաստը, որ Գյումրիի «Սամարիթեր» հիվանդանոցում հաճախակի մահվան դեպքեր են արձանագրվում: «Դա մասնագիտական հարց է, քաղաքի միակ սրտաբանական բաժանմունքը գտնվում է հենց այս հիվանդանոցում, եւ ընդհանրապես հանրապետության կտրվածքով մահերի 80%-ից ավելին ընկնում է այդ բաժանմունքի վրա: Էդտեղ գալիս են հիվանդներ, որոնք արդեն ծայրաստիճան ծանր վիճակում են՝ կամ սուր ինֆարկտ, սուր ինսուլտ, փրկության հույսը շատ քիչ է, դրա համար էլ այդ հիվանդանոցում մահացության տոկոսը շատ բարձր է»,- ասաց վարչության պետը: Վերջինս փորձեց արդարացնել նաեւ պոլիկլինիկաների բժիշկներին, որոնք, թեեւ պարտավոր են բացառապես անվճար ծառայություններ մատուցել, սակայն Հիպոկրատի երդումը ոտնատակ տալը նրանց համար սովորական է դարձել: Մենք առողջապահության վարչության պետից հարցրինք, թե ինչո՞ւ մի կողմից ասուլիս են հրավիրում ու հայտարարում՝ «եթե շունը ձեզ կծի՝ անպայման բժշկի դիմեք, այլապես մահվան ելքով կավարտվի», իսկ մյուս կողմից պոլիկլինիկաներում պատվաստանյութի դեֆիցիտ կա, եւ այն դարձնում են կոռուպցիայի աղբյուր: Վարչության պետը չհամաձայնեց մեր դիտարկմանը, պահանջելով կոնկրետ փաստեր, սակայն ասաց, որ պատվաստանյութը հանրապետություն է ներկրում մի կազմակերպություն, որն արդեն 2 ամիս չի ներկրել: «Բայց մենք միշտ էլ ունեցել ենք, եւ էդպիսի դեպք տեղի չի ունեցել, որ շունը մարդուն կծի, եւ մենք պատվաստանյութը չունենանք, կարող է պատահի՝ մի տեղ չունենանք, բայց պահուստային միշտ ունենք, տրամադրում ենք նրան, ով ահազանգում է»,- վստահեցրեց Ս. Ղազարյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել