Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲՈԼՈՐ ԵՐԵԽԱՆԵՐԻՆ ԷԼ ԸՆՏԱՆԻՔ Է ՊԵՏՔ»

Ապրիլ 21,2009 00:00

\"\"

Մեր երկրում որդեգրվում են հիմնականում 10 տարեկանից ցածր երեխաները

Եթե սովորական ընտանիքում մարդիկ երեխա ունենալիս ցանկալի, բայց ոչ պարտադիր են համարում, որ բնակարանով ապահովված լինեն, մշտական աշխա

տանք ունենան, տուբերկուլյոզով հիվանդացած չլինեն, հոգեկան շեղումներ չունենան, թմրանյութեր չօգտագործեն, ապա որդեգրելու դեպքում այս ամենն ամրագրվում է օրենսդրությամբ: Սա վերաբերում է եւ մեր, եւ օտարերկրյա քաղաքացիներին: Եթե դուք ցանկանում եք երեխա որդեգրել, ապա պետք է ունենաք մշտական բնակության վայր, հաստատուն աշխատանք, դատարանի կողմից անգործունակ ճանաչված չլինեք, տկարամտություն չունենաք, թմրանյութեր չօգտագործեք, մի խոսքով՝ հիվանդ չլինեք այնպիսի հիվանդություններով, որոնց առկայության դեպքում երեխան կարող է տուժել: Բացի այդ, որդեգրողները չպետք է զրկված լինեն ծնողական իրավունքից, չպետք է դատական կարգով ազատված լինեն խնամակալի կամ հոգաբարձուի պարտավորություններից, կատարած չլինեն բարոյականությունը պղծող ծանր հանցագործություններ: Եթե դուք դիմել եք երեխա որդեգրելու համար եւ ձեզ մերժել են, ապա առնվազն 1 տարի հետո կարող եք նույն հարցով դիմում ներկայացնել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարություն:

Նշենք, որ, ըստ ՀՀ օրենքի, Հայաստանում զույգերին չի թույլատրվում երեխա որդեգրել, եթե նրանք «զագսավորված» չեն: Սա մեզ հետ զրույցում հայտնեց նույն նախարարության ընտանիքի, կանանց եւ երեխաների հիմնահարցերի վարչության երեխաների հիմնահարցերի բաժնի պետ Լենա Հայրապետյանը: Նրա խոսքերով՝ միայնակ մարդիկ նույնպես կարող են դիմել երեխա որդեգրելու համար, սակայն նախապատվությունը տրվում է զույգերին. «Իհարկե, միայնակներին նույն ոգեւորությամբ չեն եզրակացություն տալիս, ինչպես կտային ընտանիքին, սակայն դա չի խանգարում, որպեսզի նրանք երեխա որդեգրեն»: Մենք տիկին Հայրապետյանից հետաքրքրվեցինք, թե մեկ ընտանիքը առավելագույնը քանի՞ երեխա կարող է որդեգրել: Լ. Հայրապետյանն ասաց, որ այդ դեպքում հանձնաժողովներն ուսումնասիրում են դիմողի եկամուտները. «Նայում են, թե նա քանի երեխա կարող է պահել: Իմ կարծիքով, առավելագույնը ամեն ընտանիք 2 երեխա կարող է որդեգրել: Դժվար թե մարդ ունենա այնքան եկամուտ, որ շատ երեխաներ խնամի: Սակայն եթե, ասենք, 3 քույրեր են, իրարից չբաժանելու համար, կարող է 3 երեխային էլ որդեգրել»: Օրենսդրությամբ եկամուտի չափերը հաստատված չեն, դա հաշվարկում են որդեգրմամբ զբաղվող հանձնաժողովները: Մեր հարցին, թե նվազագույն աշխատավարձի դեպքում թույլ կտրվի՞ 1 երեխա որդեգրել, տիկին Հայրապետյանը պատասխանեց, որ նվազագույն աշխատավարձը 1 քաղաքացու համար լրիվ բավարար է. «Եթե նա ունի բնակարան, մշտական աշխատանք, ընտանեկան պայմանները բավարար են՝ կարող է որդեգրել»:

Լ. Հայրապետյանի տվյալներով, 2000-2008 թթ. ընթացքում երեխա որդեգրելու համար դիմել է 2 հազար 793 անձ: Այն հարցին, թե ինչո՞ւ են հայերը խուսափում որդեգրումից, բաժնի պետը պատասխանեց. «Մարդիկ վախենում են, որ որդեգրման գաղտնիքը կբացահայտվի: Փոքր երկիր ենք, քիչ ժողովուրդ, կարող է երեխայի հետեւից ծնողները կամ հարազատները գան»: Ներկա դրությամբ, այսպես ասած, որդեգրման ենթակա է 70 երեխա, որից առնվազն 30-ը 10 տարեկանից անց է: Դա նշանակում է, որ նրանց որդեգրման հավանականությունը նվազում է, քանի որ որդեգրողները նախընտրում են փոքր տարիքի երեխաներին: Բաժնի պետի համոզմամբ, ցանկացած երեխա ակնկալում է, որ ինքն էլ ընտանիքում կտեղավորվի, սակայն երբեմն ապագա ծնողների հետ հանդիպման ժամանակ երեխան հրաժարվում է, երբեմն էլ՝ ծնողներն են հրաժարվում. «Որդեգրման կարգի մեջ կետ կա, ըստ որի՝ որդեգրվողն ու որդեգրողը կարող են ծանոթանալ, շփվել՝ նոր միայն վճիռ կայացնել: Երբեմն կողմերը ծանոթանալուց հետո հրաժարվում են: Դրանք շատ եզակի դեպքեր են: Սա պատահում է այն դեպքերում, երբ երեխան 10 տարեկանից անց է: Անկախ նրանից՝ հեշտ կլինի որդեգրումը, թե դժվար, որդեգրումն ամենաճիշտ տարբերակն է, որի արդյունքում երեխան ընտանիք է ունենում: Չնայած օրենսդրությունը թույլ չի տալիս, սակայն ամեն ինչ քարացած չէ, շատ անգամ մենք էլ ենք որդեգրված երեխայի հետեւից գնում, խնամակալության եւ հոգաբարձական մարմիններն էլ են հետեւում, եւ համոզվում ենք, որ երեխան շահեկան վիճակում է, երբ ընտանիքում է: Մի քանի օր առաջ մեր 10 տարեկան երեխաներից մեկը, որը արդեն 1 տարի է որդեգրվել է եւ ապրում է Երեւանում, զանգել էր մեզ եւ իր մայրիկի մասին էր հիացած պատմում»: Մենք հետաքրքրվեցինք, թե վերահսկո՞ւմ են, արդյոք, թե ինչ պայմաններում են ապրում որդեգրված երեխաները: Տիկին Հայրապետյանն ասաց, որ միջպետական որդեգրման դեպքում վերահսկողությունը կարգավորվում է Հաագայի կոնվենցիայով. «Իսկ մեր պետությունում որդեգրված երեխային վերահսկելու լծակ չկա: Բայց քանի որ երեխան ու ծնողը որդեգրումից հետո ձեռք են բերում ծնող-երեխա հարաբերություններ, ապա մեր վերահսկողությունը առանձնապես մեծ պահանջ չի ներկայացնում»: Հարցին՝ իսկ եթե, այնուամենայնիվ, ծնող-երեխա կապը չի՞ ստացվում, նա պատասխանեց. «Եթե որդեգրում են, ապա դառնում են մայր, հայր եւ երեխա, չի կարող ձեռք չբերվել այդ հարաբերությունը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել