«ԱրմենՏել» ընկերությունը որոշել է ֆիքսված հեռախոսակապի բաժանորդներին առաջիկայում սակագնային պլաններ ընտրելու հնարավորություն առաջարկել:
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն ապրիլի 20-ի նիստում հաստատել է «ԱրմենՏելի» ներկայացրած ֆիքսված հեռախոսակապի ծառայությունների այլընտրանքային սակագնային փաթեթները, ըստ որի, գործող սակագնային պլաններից զատ, ֆիզիկական եւ իրավաբանական անձանց համար նախատեսված է այլընտրանքային 3-ական տարբերակ:
Բաժանորդները կարող են ընտրել իրենց համար առավել հարմարավետ տարբերակը: Օրինակ, ֆիզիկական անձանց համար նախատեսված «Տնային 600» փաթեթով, վճարելով ամիսը 4100 դրամ, բաժանորդը ստանում է անվճար 600 րոպե, որից 530 րոպեն՝ տեղական, 50 րոպեն՝ միջքաղաքային ու եւս 20 րոպեն՝ դեպի բջջային ցանցեր հեռախոսազանգ կատարելու համար: Ֆիզիկական անձանց համար նախատեսված են «Տնային 1200» եւ «Տնային 1800» փաթեթներ: Սակագնային փաթեթներով սահմանված անվճար րոպեների չափաքանակները լրանալուց հետո կիրառվում են գործող բազային սակագներ: Իրավաբանական անձինք, իրենց ծախսերն օպտիմալացնելու համար, կարող են օգտվել «Բիզնես 550», «Բիզնես 1100» կամ «Բիզնես 1650» փաթեթներից: Այլընտրանքային փաթեթները կոմերցիոն շահագործման հանձնելու մասին «ԱրմենՏելը» կհայտարարի առաջիկայում: Ընկերության վաճառքի տնօրեն Գենադի Կալգաշկինի խոսքերով՝ «Ճգնաժամի պայմաններում արդիական խնդիրներից է՝ ծախսերի օպտիմալացումը: Մենք փորձում ենք առաջարկել մեր բաժանորդներին այնպիսի ծառայություններ եւ սակագներ, որպեսզի նրանք կարողանան տնտեսել՝ չսահմանափակելով անձնական կամ գործնական շփումները»: