Լրահոս
Օրվա լրահոսը

«Օրինաց երկիրը» նրանց առաջին սերն է

Ապրիլ 21,2009 00:00

Երեւանի ավագանու ընտրություններին ՕԵԿ համամասնական ընտրացուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականը զբաղեցնող պրոֆեսորները վստահ են, որ ՕԵԿ-ը ընտրություններում հաղթելու բոլոր շանսերն ունի:

«Օրինաց երկրի» համամասնական ցուցակի երկրորդ եւ երրորդ հորիզոնականը զբաղեցնող պրոֆեսորներ՝ բժիշկ Հենրիկ Բակունցին եւ տնտեսագետ Գրիգորի Վահանյանին «Առավոտը» հարցրեց, թե որքան են սիրում իրենց կուսակցությունը: Պարզվեց՝ երկուսն էլ շատ-շատ են սիրում, որովհետեւ համոզված են՝ «Օրինաց երկիրը» միակ կուսակցությունն է, որի խոսքը գործ է դառնում եւ առաջնորդվում է ծրագրերով ու գաղափարներով: Հենրիկ Բակունցը հիշեց, որ երբ Արթուր Բաղդասարյանն էր Ազգային ժողովի նախագահը, խիստ կարեւոր օրենքներ էին նախագծվում եւ ընդունվում. «Օրինաց երկիր» կուսակցության նախագահը շատ մեծ պոտենցիալ ունեցող քաղաքական գործիչ է, եւ ես գտնում եմ, որ իր միջոցով հնարավոր է իրագործել այն խնդիրները, որոնք առկա են կոնկրետ մեր բնագավառում: Ես Արթուր Բաղդասարյանի հետ աշխատել եմ 2003-ից, երբ նա ինձ առաջարկեց խորհրդական աշխատել, եւ, ի զարմանս ինձ, նա ինձ առաջարկեց շատ ճիշտ, արդյունավետ քայլեր, ստեղծել մասնագիտական խորհուրդներ՝ ԱԺ նախագահին կից, որտեղ ներգրավվեցին Հայաստանի լավագույն մասնագետները: Այդպիսի քայլը եզակի է վերջին 20 տարվա մեջ: Այն մասնագետները, որ ներգրավվեցին, բավականին էֆեկտիվ աշխատեցին եւ կարճ ժամանակում մի քանի քայլ արեցին, որոնք, լուծման դեպքում, շատ օգտակար կլինեին մեր հասարակության համար: Պատկերացրեք, որ 20 տարվա մեջ մեր առողջապահության համակարգը գործում էր առանց մայր օրենքի, մենք կարողացանք կարճ ժամանակում այդ օրենքը դնել շրջանառության մեջ, եւ երկու ընթերցում անցավ: Երկու ընթերցում անցկացրեցինք նաեւ դեղերի մասին օրենքում: ԱԺ նախագահը հրաժարական տվեց, եկավ նոր ԱԺ նախագահ, որը ուղղակի երկու օրենքները դրեց մի կողմ: Մինչեւ հիմա դրանք մնացել են»: Այս ամենի մասին հիշելուց հետո պարոն Բակունցը ասաց, որ Արթուր Բաղդասարյանի արածները շատ բարձր են գնահատում մասնագետները եւ գիտնականները. «Չգիտեմ՝ դուք ոնց եք համարում, շատ եք սիրում, թե չէ, մենք ուղղակի բարձր ենք գնահատում այս կուսակցությունը եւ այդ քաղաքական գործչի աշխատանքները»:

Գրիգորի Վահանյանը չթաքցրեց՝ «Օրինաց երկիրը» իրենց առաջին սերն է, քանի որ հենց այս կուսակցությունն է իրենց առաջարկել կյանքի կոչել ծրագրերը: Երեւանի ավագանու ընտրություններին նախապատրաստվող ՕԵԿ-ականները երեկ պնդում էին, որ իրենց ցուցակը ամենամրցունակն է եւ հաղթելու առավել մեծ շանսեր ունեցողը: Գրիգորի Վահանյանն ասաց, որ իրենք հարգում են բոլոր մրցակիցներին, սակայն ի վերջո որոշողը լինելու է ժողովուրդը. «Մեր «Օրինաց երկրի» թիմը բավականին լավ մարզավիճակում է, եւ վստահ ենք, որ մեր գիտելիքները եւ հնարավորությունները արժանի են, որպեսզի հաղթենք»:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել