Լրահոս
Օրվա լրահոսը

Վկաները հրաշքներ են գործում

Ապրիլ 21,2009 00:00

Նրանք փլուզում են «Յոթի» գործի մեղադրանքը

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների 1-ին ատյանի դատարանում շարունակվեց «Յոթի» գործով անցնող ՀՀ ԱԳ նախկին նախարար Ալեքսանդր Արզումանյանի եւ Սուրեն Սիրունյանի գործով դատաքննությունը: Երեկ ցուցմունք տվեցին դատակոչված երկու վկաներ՝ Էմմա Բեգլարյանը եւ Աշոտ Հարությունյանը: Նրանցից որեւէ մեկի ցուցմունքը, սակայն, այդպես էլ չհաստատեց ՀՀ հատուկ քննչականի՝ ամբաստանվողներին առաջադրված մեղադրանքն առ այն, թե նրանք մարտիմեկյան «զանգվածային անկարգություններ» են կազմակերպել: Ավելին, վկաներից որեւէ մեկն անձամբ չէր տեսել, որ, օրինակ՝ Ազատության հրապարակում հետընտրական պրոցեսների հետ կապված հանրահավաքներում Ալ. Արզումանյանը կամ Ս. Սիրունյանը փող բաժանած լինեն կամ Մյասնիկյանի արձանի մոտ հրահանգեն եւ դրդեն մարդկանց զանգվածային անկարգություններ անել: Վկա Է. Բեգլարյանին Ս. Սիրունյանը ճանաչեց որպես մեկն այն կանանցից, ովքեր 2008թ. նախագահական ընտրություններից հետո մասնակցել էր ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանի առանձնատան մոտ կազմակերպված ցույցին: Ի պատասխան Ս. Սիրունյանի հարցին՝ տիկինը հաստատեց այդ փաստը՝ արդարանալով, թե իրեն ընկերուհիներն էին խաբելով տարել այդ ցույցին մասնակցելու, ասելով, թե՝ թաղում են գնում, բայց պարզվել էր, որ թաղում չկա: Մեղադրանքին վերաբերող ավելի առարկայական հարցադրումներին Է. Բեգլարյանը պատասխանեց, թե ինքը մարտի 1-ին Մյասնիկյանի արձանի մոտ հայտնվել է դեպքերի բերումով եւ հետաքրքրությունից ելնելով, տարածքում մնացել է 1-1,5 ժամ: Վկայի ասելով, ինքը որեւէ անկարգության կամ ժողովրդի կողմից ոստիկանների նկատմամբ բռնությունների ականատես չի եղել:

Վկան ճանաչում էր միայն Ս. Սիրունյանին, որին, իր նախաքննական ցուցմունքների համաձայն, տեսել էր Մյասնիկյանի արձանի մոտ, որը շատ ակտիվ էր եւ մարդկանց ցուցումներ էր տալիս: Է. Բեգլարյանի նկարագրությամբ, այդ պահին Ս. Սիրունյանը «փրչոտ»՝ չսափրված է եղել: Սա այն դեպքում, երբ նաեւ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով Ս. Սիրունյանն այդ օրը սափրված է եղել: Թե հատկապես ի՞նչ ցուցումներ է տվել Ս. Սիրունյանը իր կողքին կանգնածներին՝ վկան, իր ասելով, չի լսել, փոխարենը կողքի կանգնածից իմացել է, որ դա «Վանոյի ճուտն է»: Պաշտպանական կողմի հարցին ի պատասխան՝ վկան ասաց, թե իր ցուցմունքն անձամբ չի գրել: Պարզվեց, որ նա պատմել է քննիչին, իսկ համակարգչի մոտ նստած մի անձնավորություն գրի է առել, վկան էլ վերջում անձամբ կարդացել եւ ստորագրել է ցուցմունքի տակ:

Պարզվեց՝ քննիչը «ավելի գրագետ» ձեւակերպումներ էր տվել նաեւ մյուս վկայի՝ Աշոտ Հարությունյանի պատմածին եւ թելադրել նրա ցուցմունքը: Թերեւս հենց այդ պատճառով երեկ դատարանում նա դարձավ իր նախաքննական եւ դատաքննական ցուցմունքների հակասության գերին:

Մարտի 1-ին, ժամը 13-15-ն ընկած ժամանակահատվածից մինչեւ ժամը 19-ը, նա էլ էր եղել Մյասնիկյանի արձանի մոտ՝ զուտ հետաքրքրությունից դրդված ու, ինչպես արդեն հարցաքննված մեկ այլ վկա, լսել էր Ալ. Արզումանյանի ելույթը: Թե ի՞նչ բովանդակությամբ ելույթ էր «ունեցել» նախկին նախարարը, վկան մտաբերել չկարողացավ՝ «չեմ հիշում՝ կոնկրետ ինչ էր ասում, բայց ասում էին, որ ընտրությունների կեղծման մասին է խոսում», հետո էլ անակնկալի գալով, որ իրականում, նաեւ՝ նախաքննության տվյալներով, մարտի 1-ին Ալ. Արզումանյանը Մյասնիկյանի արձանին հարակից տարածքում եղել է միայն երեկոյան ժամը 21-ից հետո, բայց որեւէ ելույթ չի ունեցել, Ա. Հարությունյանը հիշեց, որ անձամբ չի տեսել, այլ՝ «բոլորն էլ դա տեսել են հեռուստատեսությամբ»: Վկայի նախաքննական ցուցմունքի համաձայն, ինքը նկատել է, որ Ազատության հրապարակում փող էին բաժանում ժողովրդին: Դատարանում, սակայն, պարզվեց, որ նա ոչ թե անձամբ է տեսել, այլ՝ «լսել է ժողովրդից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել