Ասում է ՀՀԿ խմբակցության պատգամավոր եւ ՀՀԿ խորհրդի անդամ Արմեն Աշոտյանը՝ նկատի ունենալով քաղաքապետի ընտրությունների հետեւանքով կոալիցիայից ՀՅԴ-ի դուրս գալու հեռանկարը:
– Ինչպե՞ս եք վերաբերվում Երեւանի ավագանու ընտրություններում ՀՅԴ ցուցակը գլխավորող Արծվիկ Մինասյանի հայտարարություններին, որ եթե խախտումներն աղաղակող չափերի լինեն, ապա ՀՅԴ-ն ոչ միայն կհայտարարի ընտրության արդյունքները չճանաչելու մասին, այլեւ կխզի կապերն այն քաղաքական ուժերի հետ, որոնք պարտավորվել էին արդար եւ ազնիվ ընտրություններ անցկացնել՝ չբացառելով, որ կփլուզվի կոալիցիան։
– Երբ հայտնի դարձավ, որ Արծվիկ Մինասյանն է գլխավորելու ՀՅԴ ցուցակը՝ իմ գործընկերոջ համար ուրախություն ապրեցի, քանի որ նա այս 2 տարիների ընթացքում խորհրդարանում դրսեւորվել է որպես բանիմաց, ակտիվ ու գիտակ պատգամավոր: Թեպետ նաեւ հասկանալի էր, թե որոշակի քաղաքական ավանս է այն մեծագույն պատիվը, որ քաղաքապետի ընտրություններին նա մասնակցում է որպես համամասնական ցուցակի առաջատար՝ այն էլ գլխավորելով ՀՅԴ-ի նման կուսակցության ընտրացուցակը: Ցավոք, մինչ այս պահն իմ գործընկերոջից չեմ լսում նոր սերնդին հատուկ գործելաոճի մեթոդաբանության կիրառումն ընտրական տեխնոլոգիաների մեջ: Հաշվի առնելով, որ Արծվիկ Մինասյանը քաղաքական դաշտում նոր կերպար է՝ ՀՅԴ այլ առաջնորդների համեմատ, ակնկալվում էր, թե իր գործելաոճը լրացուցիչ թարմություն ու նորամուծություն կմտցնի քարոզարշավի մեջ: Բայց, ցավոք, ՀՅԴ թեկնածուն գործադրում է իր գործընկերների կողմից վաղուց կիրառվող քարոզչական հնարքը. այն է՝ «ընդդիմություն՝ իշխանության ներսում» գործելաոճը, որն արդեն հայտնի, եթե չասեմ՝ մաշված ընտրական տեխնոլոգիա է: Այն ՀՅԴ-ն կիրառում է տարիներ շարունակ, եւ այստեղ չկա որեւէ նորություն: Ուզում եմ հիշեցնել, որ անգամ Վահան Հովհաննիսյանի նման քաղաքական առաջնորդը, որը նախագահական ընտրություններում ներկայացնում էր ՀՅԴ-ն՝ այդ տեխնոլոգիաների կիրառմամբ կարողացավ ողջ Հայաստանում հավաքել շուրջ 100 հազար ձայն: Եվ կարծում եմ, որ այդ քարոզչական հնարքը սպառված է եւ չի կարող բերել որեւէ լուրջ արդյունք:
Խորին հարգանք ունենալով իմ գործընկեր Արծվիկ Մինասյանի նկատմամբ ու բարձր գնահատելով իր քաղաքական դերակատարությունն ու խոսքը, այնուհանդերձ, կարծում եմ, որ նա՛ չէ այն քաղաքական գործիչը, որը լիազորված է խոսել ՀՅԴ ապագա քայլերի վերաբերյալ:
– Դուք Արծվիկ Մինասյանին վերագրեցիք այս ընտրություններում «ընդդիմություն՝ իշխանության ներսում» գործելաոճը, սակայն հիշեցնեմ, որ Վահան Հովհաննիսյանն էլ վերջերս գնահատելով ՀՀ նախագահի պաշտոնում Սերժ Սարգսյանի գործունեությունը՝ ասաց. «Ծափահարելու առանձնապես պատճառներ չկան», բացի այդ՝ նշեց, որ կոալիցիայի մեջ կան տարաձայնություններ՝ ժողովրդավարության էության եւ զարգացման ուղիների մասին: Իրականում այսպիսի՞ն է կոալիցիայի պատկերը:
– Իրականությունն այն է, որ նախընտրական քարոզչությունն իր դրոշմը, ազդեցությունն է թողել բոլոր քաղաքական ուժերի եւ գործիչների հրապարակային խոսքի վրա: Եվ բնականաբար՝ եթե մեր գործընկեր ՀՅԴ-ն նախընտրական արշավում որպես հնարք է որդեգրում քաղաքական այդ մոտեցումը՝ այն պիտի սատարվի իր բոլոր կուսակիցների կողմից: Եվ չեմ կարծում, թե Արծվիկ Մինասյանն է այստեղ հետեւել Վահան Հովհաննիսյանի խոսքին, այլ պրն Հովհաննիսյանն է, որպես խմբակցության ղեկավար՝ այս պահին իր հրապարակային խոսքերով սատարում ընդհանուր կոնցեպտին, որն առաջարկվում է՝ որպես նախընտրական հնարք:
Բազմիցս ասել եմ, որ կոալիցիայի ներսում ՀՅԴ տեղը կա, բայց դա ոչ թե քաղաքական անհրաժեշտության, այլ քաղաքական կամքի կոալիցիա է: Եվ սա մի քանի անգամ բուռն հակադարձումների է արժանացել մեր կոալիցիոն դաշնակցական գործընկերների կողմից: Ցանկացած հիշատակում, որ գուցե տեղափոխվեք ընդդիմադիր դաշտ՝ սվիններով էր ընդունվում, ու ակնհայտ էր, որ մեր գործընկերները չէին ուզում տեղափոխվել: Ի դեպ, Արծվիկ Մինասյանն էլ այժմ խոսելով կոալիցիայից դուրս գալու մասին՝ ընդամենը կրկնում է իմ այն միտքը, որն անցած 2 տարում հնչեցրել եմ մի քանի անգամ (ժամանակին Աշոտյանի այդ առաջարկին՝ դուրս գալ կոալիցիայից, Արծվիկ Մինասյանն ասուլիսում արձագանքել էր, թե լուրջ չի վերաբերվում դրան.- Ա. Ի.): Այնուհանդերձ, շատ նորմալ կհամարեմ, եթե քաղաքապետի ընտրությունների արդյունքում կոալիցիոն ձեւաչափի փոփոխություններ լինեն, քանի որ յուրաքանչյուր կուսակցություն ինքն է տնօրինում իր քաղաքական ապագան: Եվ եթե մեր կոալիցիոն գործընկերներն ընտրություններից հետո այնուհանդերձ գտնեն, որ դրա կարիքը կա, եւ իրենց քաղաքական ուղիով այլեւս անհամատեղելի են կոալիցիայի հետ, ապա ճանապարհը բաց է բոլորի համար՝ ցանկացած տեղաշարժ ու քաղաքական «մանյովր» անելու:
Բայց ուզում եմ նաեւ շեշտել, որ ամեն ընտրությունից առաջ հնչում են նման կարծիքներ ու խիստ դիտարկումներ՝ «մռութներ ջարդելուց» մինչեւ կոալիցիայից դուրս գալու սպառնալիքներ: Սակայն ընտրություններն ավարտվում են, եւ ամեն ինչ վերադառնում է իր քաղաքական տրամաբանության շրջանակ:
– Բայց պիտի այնուամենայնիվ ընդունեք, որ Արծվիկ Մինասյանը, Լիլիթ Գալստյանը եւ ՀՅԴ մի քանի այլ պատգամավորներ նաեւ միջընտրական փուլում են բավական քննադատական ելույթներով հանդես եկել, այնպես որ՝ սա բացառապես ընտրությունների հետ կապելն այնքան էլ արդար չէ:
– Արդար չէ այն մոտեցումը, որ եթե այդ տարաձայնությունները շատ սկզբունքային ու խորքային են, ապա մինչ այսօր պահպանվում է գործող ձեւաչափը: Ինչ վերաբերում է քննադատությանը՝ ուզում եմ հիշեցնել, որ մինչ ընտրությունները նման գործելաոճ ցուցաբերել են ոչ միայն ՀՅԴ, այլեւ հենց ՀՀԿ պատգամավորները, որոնք պարբերաբար քննադատել են կառավարության ներկայացրած այս կամ այն նախագիծը, նաեւ ԲՀԿ պատգամավորները, որոնք երբեմն այլ կերպ են քվեարկում, քան կոալիցիոն այլ ուժերը: Այսինքն՝ այդ մոտեցումը եղել է ոչ ՀՀԿ-ՀՅԴ կամ ՀՀԿ-ԲՀԿ բաժանման գծով, այլ օրենսդիր-գործադիր բաժանման գծով: Հիմա դրսեւորումները կարծես թե նույնն են՝ քննադատական, բայց հարթությունն այլ է՝ քաղաքական:
– Հայ ազգային կոնգրեսի գործիչներն այնուամենայնիվ ներկոալիցիոն այս հակադրությունները դիտարկում են որպես շոու՝ ենթադրելով, որ ինչպես եղավ նախագահական ընտրություններից հետո, հիմա էլ ընդդիմադիր կեցվածք ընդունած ՀՅԴ-ն ի վերջո կոալիցիայի մաս կկազմի այս անգամ Երեւանի ավագանու կազմում: Իրատեսակա՞ն կանխատեսում է:
– Կարծում եմ, որ այս պահին չկան կոալիցիոն ձեւաչափի փոփոխության իրական նախադրյալներ, իսկ թե ընտրություններից հետո քաղաքական ուժերն ինչպիսի կեցվածք կորդեգրեն Երեւանի ավագանու ներսում համագործակցության որեւէ ձեւաչափ ընտրելու հարցում՝ ապագայի խնդիր է:
ՀԱԿ-ի այդ դիրքորոշումը մեզ ու մեր կոալիցիոն գործընկերներին ցույց է տալիս, թե քանի որ միասին ճանապարհ ենք անցել ու պատրաստվում ենք այն անցնել նաեւ ապագայում՝ մեր գործելաոճով չպետք է ավելորդ զվարճություն եւ ուրախություն պատճառենք քաղաքական հակառակորդներին: Պաշտոնական քարոզարշավը դեռեւս չի մեկնարկել, եւ կարծում եմ, որ նյարդերը խնայելու եւ ավելորդ լարվածություն չդրսեւորելու կարիք կա թե՛ հիմա, թե՛ առավել եւս՝ ընտրարշավի ընթացքում: