Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ ՎԵՐՋԻՆ ՇԱՆՍԸ

Ապրիլ 21,2009 00:00

\"\"Հովհաննես Հովհաննիսյանն այդ շանսը տեսնում է քաղաքապետի արդար ընտրություններ անցկացնելու մեջ

«Այն բեռը, որն այսօր ունի Հայաստանը՝ ԼՂՀ հարց, հայ-թուրքական հարաբերություններ, սոցիալական հարցեր, ճգնաժամ, ֆինանսական ռեցեսիա եւ այլն, եթե իշխանությունը ցանկանում է, որ Հայաստանն ինչ-որ կերպ դիմակայի դրանց եւ փրկվի՝ ունի այդ հնարավորությունը»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց Հայաստանի լիբերալ կուսակցության նախագահ Հովհաննես Հովհաննիսյանը՝ մատնանշելով ելքը. «ՀԱԿ-ը համաձայնել է եւ Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ գնում է քաղաքապետի ընտրությունների: Նրանք արդար, նորմալ ընտրություններով կարող են այդ բեռի մի մասը փոխանցել Լեւոն Տեր-Պետրոսյանին, որին կհետեւեն նոր քաղաքական գործընթացներ: Դա կլինի աշնանը, գարնանը, սկզբում խորհրդարանական, թե նախագահական ընտրություններ՝ արդեն կարեւոր չէ: Սա չհասկանալ եւ չգնալ իրավիճակը շտկելուն՝ նշանակում է ատել սեփական ժողովրդին եւ պետությունը: Ցավոք, իշխանությունը գնում է հենց այդ ճանապարհով, եւ դա արդեն նախ իրենց վերջն է, ապա՝ երկրի: Առաջիկա ընտրություններն այս իշխանության վերջին շանսն են՝ երկրի ու ժողովրդի մասին մտածելու»: Իսկ հայ-թուրքական վերջին շրջանի մերձեցումների մասին մեր զրուցակիցն ասում է. «Թուրքական դիվանագիտությունը բավականին հաջող եւ գեղեցիկ մի քաղաքական ծուղակ է լարել, որում մտածված, թե չմտածված, ցանկանալով, թե չցանկանալով, հայտնվել է հայկական դիվանագիտությունը, Հայաստանի արտաքին քաղաքականությունը»: Հղում անելով անցյալ հարյուրամյակի իրադարձություններին՝ մեր զրուցակիցը փաստում է նաեւ, որ նոր բան տեղի չի ունենում. «Պատմությունը կրկնվում է: Թուրքերը կարողացան ոչինչ չզիջելով՝ բավականին լուրջ դիվիդենդներ ձեռք բերել: Տարածաշրջանում մեծացնելով իրենց քաղաքական դերը՝ Թուրքիան նաեւ բավականին մեծ դերակատարություն է ձեռք բերել ԼՂՀ խնդրի կարգավորման հարցում՝ Հայաստանի հետ ընդամենը սահմանների բացման կամ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման խաղեր խաղալով: Հիմա թուրքերը շատ անթաքույց խոսում են պատմաբանների հանձնաժողովի մասին: Մի քանի տարի առաջ դա կարող էր ազգային դավաճանություն որակվել: Հիշո՞ւմ եք, ինչ քննադատության ենթարկվեց հայ-թուրքական հաշտեցման հանձնաժողովը, մինչդեռ հիմա պատմաբանների հանձնաժողովի գոյությունն ու գործունեությունն է սովորական համարվում: Կարծես հատուկ են նման խոսակցություններն անընդհատ դրվում շրջանառության մեջ, որպեսզի հասարակության համար սովորական եւ նորմալ դառնան նման բաները»: Այդ քաղաքականությունը, ըստ մեր զրուցակցի, հանգեցրել է նրան, որ ՌԴ նախագահն ու Թուրքիայի վարչապետն իրենց իրավունք են վերապահում բացեիբաց քննարկել ԼՂՀ կարգավորման կամ հայ-թուրքական հարաբերությունների հարցը, ավելին, որոշումներ կայացնել՝ «մի բան, որն անգամ նախորդ իշխանության օրոք չկար (նկատի ունի Ռ. Քոչարյանի իշխանությունը-Ն. Գ.): Փակուղի է՝ անհասկանալի եւ ծանր լուծումներով: Ոչ մի քաղաքական ուժ, ոչ մի իշխանություն կամ նախագահ չի կարող նման բարդ խնդիրների լուծում տալ, երբ ինքը երկրի ներսում ունի լուրջ ներքաղաքական հարցեր, տասնյակ քաղբանտարկյալներ եւ հասարակության հետ՝ ոչ մի կապ: Այս զրոյական վիճակում հայ-թուրքական կամ ԼՂՀ խնդիրների լուծման փորձ անել՝ նշանակում է վճարել պահանջվելիք գինը»:

Հարցին՝ հիմա ավելի՞ քան իրական է ազատագրված տարածքների վերադարձը, մեր զրուցակիցը պատասխանեց. «Իհարկե, Մեդվեդեւն Ալիեւի հետ հանդիպումից հետո հայտարարում է, որ ԼՂՀ խնդրի կարգավորումը պետք է լինի ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի ընդունած բանաձեւերի շրջանակներում. դա արդեն շատ ռեալ է դառնում: Եվ դրանից հետո, երբ Ալիեւն ասում է, որ ԼՂՀ հարցի կարգավորումը շատ շուտով կլինի, հիմա քննարկում են՝ մայիսի 7-ին համաձայնագիրը Պրահայում ստորագրեն, թե հունիսի վերջին՝ Սանկտ Պետերբուրգում՝ ես չգիտեմ, թե այս ամենից հետո Սերժ Սարգսյանը երկու օր հետո Մեդվեդեւի հետ Մոսկվայում ի՞նչ է քննարկելու»: Հետաքրքրվեցինք՝ նկատի ունենալով Հայաստանի համար այս բացասական զարգացումները՝ ինչո՞ւ արմատական ընդդիմությունը՝ ի դեմս ՀԱԿ-ի, չի վերսկսում բողոքի ակցիաները. «Մեկ անգամ մենք առիթ ունեցել ենք հայտարարելու, որ պատրաստ ենք մեկ ժամվա ընթացքում աջակցել Ղարաբաղի ժողովրդին, երբ նրանք կընդվզեն: Առայժմ ԼՂՀ-ից որեւէ ազդակ չկա»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել