Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԱՐՄԵՆ ՇԵԿՈՅԱՆ

Ապրիլ 18,2009 00:00

\"a\"
ՀԱՅԿԱԿԱՆ ԺԱՄԱՆԱԿ

Գիրք ութերորդ

Գլուխ չորրորդ

 ՀՐԱՑԱՆԱՎՈՐ ՄԱՐԴԸ

 Երբ Արոն ավտոմատով վերադարձավ ու նստեց, Հայրյանն Արոյի ուսին թփթփացնելով ասաց՝ «միշտ պիտի զենքդ մոտդ պահես, տղա ջան», եւ Արոն ժպտալով ասաց՝ «ճիշտ այդպես, ընկեր գնդապետ», եւ Հայրյանն Արոյին ժպտալով ասաց՝ «թե չէ՝ մեր էս կոմունիստները զենքդ կխլեն ու հենց էս կաբինետում քեզ կգնդակահարեն», եւ Արոն նախ Հայրյանին նայեց, հետո նայեց Հայրյանի դիմաց նստած կոմունիստին, հետո նորից Հայրյանին նայեց ու ժպտալով ասաց՝ «ըտենց ղալաթ չեն անի, ընկեր գնդապետ», եւ Հայրյանը միանգամայն լուրջ տոնով ասաց՝ «կանեն. ես իմ կադրերին լավ եմ ճանաչում», եւ Արոն ժպտալով ասաց՝ «էս զենքը թշնամու համար ա, ընկեր գնդապետ», եւ Հայրյանը նախ իր դիմաց նստած կոմունիստին նայեց, հետո նայեց Արոյին ու ժպտալով ասաց՝ «դո՞ւք ինչ պակաս թշնամի եք», եւ Արոն՝ որ դեռեւս ուսանող տարիքից էր կոմունիստական կուսակցության շարքերն ընդունվել, նայեց Հայրյանին, հետո նայեց դիմացինին, հետո նորից Հայրյանին նայեց ու ժպտալով ասաց՝ «մենք եւ կոմունիստները ոչ թե թշնամիներ ենք, այլ ընդամենը գաղափարական հակառակորդներ ենք, ընկեր գնդապետ», եւ էդ պահին սեղանի գլխին նստած առաջին քարտուղարը հանդիսավոր տեղից վեր կացավ եւ առաջարկեց հոտնկայս խմել պատվավոր հյուրի՝ Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի կենացը, եւ բոլորս հոտնկայս խմեցինք, եւ ինքը՝ Գեւորգ Արմենակովիչն էլ պատասխան շնորհակալական խոսքն ասելուց հետո խմեց, եւ բոլորի ու հատկապես Հայրյանի տրամադրությունն էր բարձր, եւ չնայած Հայրյանը խմող չէր, էդ օրը հաճույքով էր խմում ու Արոյին էլ համակրանքով էր վերաբերվում, եւ չնայած Արոն մի գլուխ կոմունիստների ու կոմունիզմի դեմ էր խոսում, Հայրյանը դրանից առանձնապես չէր նեղվում, որովհետեւ Սովետի փլուզվելն ու Հայրյանի թոշակի անցնելը մեկին մեկ համընկել էին, եւ Հայրյանն, ըստ ամենայնի, էդ երկու իրողություններն իրար կապելով՝ միասնության մեջ էր տեսնում. այսինքն, հոգու խորքում ինքը Սովետի կայունության սասանման հիմնական պատճառներից մեկն իր թոշակավորվելն էր համարում եւ էդ մասին միայն մոտիկների մոտ էր արտահայտվում, եւ ինձ էլ մոտիկ համարելով՝ մի անգամ ասել էր՝ «Արմեն ջան, ինձ թոշակի ղրկելուց հետո ընդամենը չորս տարի կարեցան էս երկրի կայունությունը պահեն, էն էլ՝ վայ էն պահելուն», եւ Շամշադինի շրջկոմի առաջին քարտուղարի էդ հյուրասիրությունից անմիջապես հետո Բերդի մշակույթի տանը նախատեսված էր վաստակաշատ Գեւորգ Հայրյանի եւ նվաստիս հանդիպումը Շամշադինի ընթերցող հասարակայնության հետ, եւ երբ հանդիպումն սկսվեց, Հայրյանի քեֆն արդեն շատ լավ էր, եւ հանդիպման ժամանակ Հայրյանն ու ես բեմում էինք նստած՝ առաջին քարտուղարի աջ ու ձախ կողմերում, եւ հանդիպումն առաջին քարտուղարն անձամբ էր վարում, եւ դա չտեսնված բան էր ու վերստին առաջին քարտուղարի՝ Հայրյանի հանդեպ առանձնահատուկ հարգանքի մասին էր խոսում, եւ ցածում՝ առաջին կարգում իմ համակուրսեցի Խոջոյան Արարատն էր նստած՝ երկու այլ կամուֆլյաժավորների հետ, եւ էդ երեքի ինքնավստահ կեցվածքից զգացվում ու հասկացվում էր, որ Սովետն իսկապես փլվելու վրա է, ու երեւի առաջին քարտուղարն էլ էր դա զգում, ու երեւի էդ էր պատճառը, որ առաջին քարտուղարն ընդգծված զզվանքով էր նայում իմ համակուրսեցի Խոջոյան Արոյին ու էդ երկուսին, ու էդ հանդիպման ամբողջ ընթացքում առաջին քարտուղարը չափազանց լարված էր, որովհետեւ մեր ու Հայրյանի խմած էդ չտեսնված գինին արդեն իրենն արել էր, եւ առանց էդ էլ սրամիտ ու ազատախոս Գեւորգ Արմենակովիչն էդ ոսկեգույն ու չտեսնված գինու ազդեցությամբ առավել սրամիտ ու առավել ազատախոս էր դառել, եւ, բացի այդ, վաթսուն ու ավելի տարիներ Կենտկոմում ու այլուր չափազանց բարձր պաշտոններ վարած եւ էդ պաշտոնները վերջապես ու վերջնականապես թոթափած Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի ազատամտությունն ու ազատախոսությունն էդ օրերին իրենց գագաթնակետին էին հասել, եւ էդ օրն իր ելույթի ժամանակ բեմում նստած՝ զգում էի, որ Հայրյանի էդ օրվա աննախադեպ ազատախոսությունից ամենից ավելի առաջին քարտուղարն է լարվում, ու էդ տեսակ հանդիպումների բավական փորձ ունենալով՝ արդեն նաեւ զգում էի, որ առաջին քարտուղարը Հայրյանի ելույթի ավարտին սրտատրոփ էր սպասում, որպեսզի շուտափույթ ավարտեր ու փակեր էդ, ուրեմն, չարաբաստիկ հանդիպումը, եւ չնայած Հայրյանն իր ելույթը ճիշտ ժամանակին ու բարեհաջող ավարտեց, բայց, առաջին քարտուղարի չար բախտից, ավարտելուց հետո դիմեց դահլիճին ու ասաց՝ «եթե հարցեր կան, խնդրեմ. կարող եմ պատասխանել», եւ Հայրյանի խոսքի վրա ձեռքը բարձրացրեց ու ձայն խնդրեց առաջին կարգում բազմած իմ համակուրսեցի Խոջոյան Արոն, եւ Հայրյանն ամբիոնից Արոյին ժպտալով ասաց՝ «խնդրեմ, պարոն Արարատ», եւ Արոն ինքնագոհ ժպտալով վեր կացավ, ինքնավստահ ձգվեց ու չափազանց խրոխտ ձայնով հարցրեց՝ «պարոն Հայրյան, դուք տարիներ շարունակ մեր հասարակության մեջ լենինյան գաղափարներն եք քարոզել. հիմա, երբ արդեն վաստակած հանգստի եք անցել, եւ լենինյան գաղափարների սնամեջությունն էլ բոլորիս համար ակնհայտ է դարձել, դուք շարունակո՞ւմ եք հավատալ Վլադիմիր Իլյիչի գաղափարներին», եւ երբ իմ համակուրսեցի Խոջոյան Արոն իր էդ հարցն աղաղակելով՝ ինքնագոհ աջուձախ նայեց ու նստեց, առաջին պահին Հայրյանը կարծես անակնկալի եկավ ու շփոթվեց, եւ կողքս նստած առաջին քարտուղարի քրտինքը երեսնիվայր չռռաց, որովհետեւ, չնայած իննսուն թվականի գարունը դեռեւս ընթացքի մեջ էր, մշակույթի տան էդ դահլիճում ահավոր տոթ էր, գումարած՝ առաջին քարտուղարի գաղափարական լարվածությունն ու պատասխանատվությունը, եւ չնայած Հայրյանը թեթեւ վերնաշապիկով էր, ինքն էլ էր կարմրած ու քրտնած, եւ երբ իմ համակուրսեցի Խոջոյան Արոն իր էդ հարցն անսպասելի հնչեցնելով՝ ինքնագոհ աջուձախ նայեց ու նստեց, քրտնած, գինովցած ու կարմրած Հայրյանը մի պահ շփոթվեց, այնուհետեւ ինքն իրեն ու իր շուրջօրյա հումորը վերագտնելով՝ նայեց Արարատին եւ թեթեւակի ժպտալով պատասխանեց ու ասաց՝ «պարոն Արարատ, ես միշտ էլ Վլադիմիր Իլյիչին պաշտել եմ եւ հիմա էլ եմ պաշտում ու իր նկարն էլ միշտ սրտիս մոտ եմ պահում» ու էդ ասելով՝ Հայրյանն իր վերնաշապիկի գրպանից մի կարմիր տասանոց հանեց եւ թղթադրամի վրայի Լենինի նկարն Արոյին ու բոլորին ցույց տալով ասաց՝ «հիմա համոզվեցի՞ր, պարոն հեղափոխական», եւ Հայրյանի էդ անսպասելի պատասխանից Արոն, ընկերներն ու բոլորն անակնկալի եկան, եւ անակնկալի եկած դահլիճը մի պահ քարացավ, բայց մի քանի ակնթարթ անց դահլիճը ծիծաղից պայթեց, եւ Արոն ու ընկերներն էլ էին հռհռում, ու ես էլ, սփրթնած առաջին քարտուղարին նայելով, չկարողացա ծիծաղս զսպել, ու մինչ բոլորը ծիծաղում ու հռհռում էին, առաջին քարտուղարը տեղից կտրուկ վեր կացավ ու բեմը ցուցադրաբար լքելով՝ արագաքայլ խորացավ կուլիսների խորքերը, եւ առաջին շարքում նստած մյուս քարտուղարներն ու ռայկոմականներն էլ տեղներից կտրուկ վեր կենալով՝ շտապեցին սատարել առաջին քարտուղարին, ու մինչ Հայրյանը հանդիսականներից նոր հարցեր կակնկալեր, երկրորդ քարտուղարը վերադարձավ, թռավ բեմ ու հայտարարեց, որ հանդիպումն ավարտված է, եւ երբ բոլորը ցրվեցին, ես, Հայրյանն ու առաջին քարտուղարի երկրորդ վարորդ Աշոտը՝ որ մեզ Երեւանից բերել էր, չգիտեինք՝ ինչ անենք, եւ երբ դուրս եկանք, մշակույթի տան գլխավոր մուտքի մոտ Արոն ու ընկերները մեզ էին սպասում, եւ Արոն ժպտալով Հայրյանին ասաց՝ «պարոն Հայրյան, գնանք մեր տուն՝ նշենք», եւ Հայրյանը զարմացած հարցրեց՝ «ի՞նչը նշենք», եւ Արոն ծիծաղելով ասաց՝ «էսօրվա էս պատմական հաղթանակը», եւ խեղճացած ու շիվարած Հայրյանն Արոյին հարցրեց՝ «քարտուղարը երեւի նեղացավ, հա՞», եւ Արոյի զինակիցներից մորուքավորն ասաց՝ «կնեղանա էլ, կլենանա էլ», եւ Արոն Հայրյանին ժպտալով ասաց՝ «աշխարհում էնպիսի փոփոխություններ են տեղի ունենում, որ ոնց էլ անեք՝ նեղացողներ կլինեն», եւ Հայրյանը շփոթված ասաց՝ «փաստորեն, քարտուղարին անհարմար վիճակի մեջ դրինք», եւ Արոն ասաց՝ «ի՛նքը իրեն անհարմար վիճակի մեջ դրեց, պարոն Հայրյան», եւ Հայրյանը խեղճացած ասաց՝ «հաստատ նեղացած կըլնի», եւ մորուքավորն ասաց՝ «ամեն դեպքում՝ ինքը չպիտի՛ ձեզ մենակ թողեր ու ջհանդամվեր», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «շատ կոպիտ ես, տղա ջան», եւ մորուքավորն ասաց՝ «իրան կոպիտ ա հասնում», եւ Արոն ժպտալով ասաց՝ «անցած ըլնի» եւ մի քիչ մտածեց ու նորից առաջարկեց՝ «գնանք մեր տուն», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու Արոյին հարցրեց՝ «ասում ես՝ մի հատ ռայկոմ չհանդիպե՞նք», եւ մորուքավորն Արոյի փոխարեն խոսեց ու ասաց՝ «էդ քարտուղարն իրա արածի համար հըլը պատասխան պիտի տա», եւ Հայրյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ մորուքավորը պատասխանեց ու ասաց՝ «իրա արածի համար», եւ Հայրյանն ասաց՝ «խեղճ մարդն էդքան ծախս էր արել, ճոխ սեղան էր գցել», եւ մորուքավորն ասաց՝ «նախ՝ իրա ջեբից չէր էդ ծախսերն արել. երեւի մի քանի էդքան ձեր անունով հավաքել ա, բայց էդ հավաքածի կեսի կեսն էլ չի ծախսել», եւ Հայրյանն ասաց՝ «էդ արդեն մեզ չի վերաբերում» եւ մի քիչ մտածեց ու ծիծաղելով հարցրեց՝ «կարող ա՞ էդ ծախսերի հաշվով իրանից սմետա պահանջեինք», եւ Արոն ասաց՝ «էնքանով ա ձեզ վերաբերում, որ ինքը փոխանակ տեղից վեր կենար ու ռադը քաշեր, պարտավոր էր բեմից ձեզ հանդիսավոր շնորհակալություն հայտներ. ինչքան չըլնի՝ ձեր նման մարդիկ ամեն օր չեն էս շրջանում հայտնվում», եւ մորուքավորն ավելացրեց՝ «որ ճիշտն ուզում եք իմանաք, ձեզի մի-մի հատ էլ ճոխ նվեր պիտի տար», եւ Արոն ասաց՝ «թեկուզ սիմվոլիկ», եւ Արոյի երկրորդ՝ թրաշված զինակիցը, որ մինչ այդ չէր խոսել, քթի տակ փնթփնթաց՝ «վայ թե՝ էդ նվերների փողն էլ դուս գրած ըլնի», եւ Հայրյանը նախ փնթփնթացողին նայեց, հետո նայեց Արոյին ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, հեղափոխական սիտուացիան Շամշադինում լրիվ հասունացած ա», եւ Արոն ժպտալով ասաց՝ «ոչ թե Շամշադինում, այլ՝ Տավուշում, պարոն Հայրյան», եւ Հայրյանը նայեց ինձ ու ժպտալով ասաց՝ «փաստորեն, էստեղ լրիվ երկիշխանություն ա, Արմեն ջան», եւ Արոն ժպտալով Հայրյանին հարցրեց՝ «ասում եք՝ Երեւանում կոմունիստներն արդեն չամադանները կապե՞լ են», եւ մորուքավորն ասաց՝ «որ թողենք՝ սրանք էլ կկապեն», եւ Հայրյանն Արոյին ասաց՝ «շատ եք չարացած, Արարատ ջան», եւ մորուքավորն ասաց՝ «պատասխան պիտի տան», եւ Հայրյանը զարմացած հարցրեց՝ «ինչի՞ համար», եւ թրաշվածը խոսեց ու ասաց՝ «որ ձեզ բեմի վրա թողին ու ջհանդմվան», եւ Հայրյանը ժպտալով ասաց՝ «մենակ թե՝ ինձ պատճառ չդարձնեք», եւ Արոն ժպտալով ասաց՝ «լիքը ուրիշ պատճառներ կան, պարոն Հայրյան», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու ասաց՝ «որ ճիշտն ուզում եք իմանաք, ե՛ս քարտուղարին անհարմար վիճակի մեջ դրեցի», եւ Արոն ծիծաղելով ասաց՝ «ամեն ինչ իմ հարցից սկսվեց», եւ Հայրյանը ծիծաղելով ասաց՝ «հա. շատ ուժեղ պրովոկացիա արեցիր», եւ Արոն ծիծաղելով ասաց՝ «բայց ձեզնից ոչ ոք էդ տեսակ պատասխան չէր սպասում», եւ ես ժպտալով ասացի՝ «մանավանդ՝ առաջին քարտուղարը», եւ մորուքավորն ասաց՝ «էդ քարտուղարն իրա շվաքից էլ ա արդեն վախենում», եւ թրաշվածը քթի տակ խնդմնդալով փնթփնթաց՝ «երեւի գիտի, որ Երեւանում չամադաններն արդեն կապել են», եւ Արոն ինձ ասաց՝ «շատ ենք ջանջալացնում, Արմեն ջան. նստենք մեքենաները՝ գնանք տուն», եւ ես Արոյին ասացի՝ «ես համաձայն եմ. դու Գեւորգ Արմենակովիչին համոզի», եւ Արոն ասաց՝ «մերոնց ասել եմ՝ արդեն հավմավ են մորթել», եւ Հայրյանը նեղսրտելով ասաց՝ «ախր նոր ենք կերել, այ Արարատ» եւ մի քիչ մտածեց ու ժպտալով ավելացրեց՝ «թողեք տենանք՝ էդ կերածներս ու խմածներս մարսո՞ւմ ենք», եւ մորուքավորը քթի տակ խնդալով ասաց՝ «դրանց տված հացը դժվար էլ մարսվի, հրոխպեր», եւ Հայրյանը նախ մորուքավորին նայեց, հետո նայեց Արոյին ու ժպտալով հարցրեց՝ «էս հրացանավոր մարդն ա՞», եւ Արոն ժպտալով ասաց՝ «երեքս էլ հրացանավոր ենք, պարոն Հայրյան», եւ Հայրյանը մի քիչ մտածեց ու ծիծաղելով ասաց՝ «երեքդ էլ հրացանավոր եք, բայց մարդը ինքն ա», ու Հայրյանի էդ խոսքի վրա բոլորս ծիծաղեցինք, եւ Արոն ծիծաղելով իրենց վիլիսի դուռը բացեց ու ասաց՝ «պայեխալի», եւ մենք մեքենաները նստելով՝ գնացինք Արոյենց, եւ Արոն ու ես Հայրյանին համոզեցինք ու գիշերեցինք էդ հյուրընկալ օջախում, ավելի ճիշտ՝ էդ գիշեր էդ հյուրընկալ օջախում մեր մնալն ինքնաբերաբար ստացվեց, որովհետեւ, մինչ Հայրյանին ու հեղափոխականներին մեկ առ մեկ նարդիով կհաղթեի, եւ մինչ Արոյի հայրը խորովածի գործը կավարտեր, արդեն ինն անց էր, ու մեր Երեւան մեկնելն արդեն անհեթեթ էր, բայց Հայրյանն ինձ նարդիով պարտվելուց հետո ահագին խեղճացած էր, եւ ես հեղափոխականներին մեկ առ մեկ հաղթելուց հետո վերստին Հայրյանին խաղի հրավիրեցի ու դիտմամբ պարտվեցի, եւ իմ դիտմամբ պարտվելը չափազանց բնական ստացվեց, որովհետեւ ես նարդիով դիտմամբ պարտվելու մեծ փորձ ունեի, ու իմ էդ փորձը հորաքրոջս ամուսնու՝ Սուրիկ ձյաձյայի հետ խաղերում էի կուտակել, որովհետեւ Սուրիկ ձյաձյան նարդի խաղալ շատ էր սիրում, բայց պարտվել հեչ չէր սիրում, եւ երբ իրեն հաղթում էի, ահավոր վատ էր զգում ու հունից դուրս էր գալիս, ու էդպիսի դեպքերում հորաքույրս ինձ աչքով էր անում, որ նշանակում էր՝ մի հատ պիտի պարտվես, ու ես անմիջապես պարտվում էի ու մեր ընդհանուր հաշիվն էդպես արհեստականորեն ոչ-ոքի էի դարձնում, եւ չնայած էդ դեպքերում Սուրիկ ձյաձյան ինձ համոզում էր կոնտր թայլա խաղալ, ես հրաժարվում էի, որովհետեւ ես էլ պարտվել առանձնապես չեմ սիրում, իսկ հաղթելս հորաքույրս կտրականապես էր արգելում, եւ իր պատճառաբանությունը հետեւյալն էր՝ «դու կրում ու փախնում ես, բայց կուժնուկուլեն իմ գլխին ա ջարդում», ու էդպես տարիներ շարունակ մենք ոչ-ոքի էինք անում, եւ չնայած հորաքրոջս ամուսինը տարիներ շարունակ Լենինյանի միլպետի տեղակալ էր աշխատել ու իր ենթականերին նարդիով մշտապես հաղթել էր, իր թոշակի տարիքում ինձ հետ անընդհատ ոչ-ոքի խաղալով՝ մեր էդ շարունակական ոչ-ոքիների հարցում որեւէ դիտավորություն չէր տեսնում. ընդհակառակը. երբ սկզբում իրեն հաղթում էի, է՛դ ժամանակ էր դիտավորություն ու թշնամություն տեսնում, եւ հորաքույրս էլ մեր էդ համատարած ու շարունակական ոչ-ոքիներից իրեն շատ լավ էր զգում, եւ քանի որ հորաքույրս բժշկուհի ու հոգեբան լինելուց բացի՝ նաեւ կարդացած անձնավորություն է, մեր յուրաքանչյուր ոչ-ոքիից հետո ժպտալով նայում էր ինձ ու Սեւակին էր ցիտում՝ «Եվ եթե պետք է՝ նարդի է խաղում./Հարկ եղած դեպքում տանուլ է տալիս», եւ երբ հորաքույրս ժպտալով՝ Սեւակի էդ տողերն էր պաթոսով արտասանում, Սուրիկ ձյաձյան զարմացած նայում էր հորաքրոջս ու հարցնում էր՝ «էդ ի՞նչ ես արտասանում», եւ ամեն անգամ հորաքույրս ժպտալով պատասխանում ու ասում էր՝ «Արմենի գրած ոտանավորն ա», եւ ահա՝ իննսուն թվականի գարնանային էդ իրիկուն իմ համակուրսեցի հեղափոխական Խոջոյան Արոյի Բերդի տանը ճիշտ նույն ոճով Հայրյանի հետ նարդիով ոչ-ոքի արեցի՝ վերստին ու ամբողջովին վերականգնելով Գեւորգ Արմենակովիչ Հայրյանի հեղինակությունն ու տրամադրությունը, եւ խորովածն արդեն պատրաստ էր, եւ վերականգնված տրամադրությամբ Հայրյանն անմիջապես համաձայնվեց ստանձնել թամադայի պարտականությունները, եւ էդ իրիկուն ու մինչեւ գիշերվա կեսը չտեսնված քեֆ արինք, եւ տրամադրությունն իմ շնորհիվ վերականգնած Գեւորգ Արմենակովիչն էդ ամբողջ ընթացքում իր սրամտություններն էր շաղ տալիս, եւ քանի որ երկրում հեղափոխական իրավիճակ էր, իր սրամտությունները հիմնականում վերաբերում էին կոմունիստներին ու հհշականներին, եւ Հայրյանի ամեն խոսքի վրա սեղանակիցները լիաթոք հռհռում էին, եւ ամենից լիաթոք մորուքավորն էր հռհռում, եւ ամենից քիչ հռհռացողը ե՛ս էի, որովհետեւ Հայրյանի էդ սրամտությունները մի քանի անգամ լսել էի, եւ հիմա, երբ Ծաղկաձորի մեր էս ստեղծագործական տանը Հայրյանի շամշադինյան էդ պատմությունն եմ հիշելով պատմում, երկրում վերստին հեղափոխական իրավիճակ է, եւ էստեղ հանգստացող ու ստեղծագործող գրողներն առանձնապես ոգեւորված չեն էս նոր հեղափոխական իրավիճակով, եւ նոր հեղափոխության հետ հույսեր կապողը հիմնականում Պետրոսյան Երվանդն է, ու ես էլ առանձնապես ոգեւորված չեմ, որովհետեւ ինձ համար էս գլխից արդեն պարզ է, որ եթե էս անգամ էլ հեղափոխությունը հաղթի, էս նոր հաղթանակի պտուղներից էս բոլոր հանգստացողներս ու ստեղծագործողներս ինչ-որ չափով օգտվելու ենք՝ բացի, ուրեմն, Պետրոսյան Երվանդից, եւ երբ ճաշից հետո իմ ու Հայրյանի էս շամշադինյան պատմությունը հիշելով պատմեցի, Լյուդվիգն ու բոլորը շատ տպավորվեցին եւ Հայրյանի էդ Լենինով տասանոցի պատմության վրա Լյուդվիգն ու մյուս ներկաներն ահագին ծիծաղեցին, եւ մինչ Լյուդվիգը լուսահոգի Գեւորգ Արմենակովիչի ա՛յլ սրամտություններ հիշելով կպատմեր, ես աննկատ իմ սենյակ թռա ու ձեզ համար հիշելով գրի առա շամշադինյան էս պատմությունը, եւ եթե էս պատմությունը Լյուդվիգին ու մյուսներին էդքան հետաքրքրեց, մտածում եմ՝ ձեզ էլ կհետաքրքրի, եւ ահա շտապելով հիշեցի ու գրի առա էդ պատմությունը. շտապելով, որովհետեւ, չնայած Ծաղկաձորի Ալիկը երկար ժամանակով Ծաղկաձորից բացակայում է, փոխարենը՝ էս նախահեղափոխական ու հեղափոխական իրավիճակում Պետրոսյան Երվանդն է որոշել բիլիարդ խաղալ սովորել, եւ ես Պետրոսյան Երվանդին բիլիարդ սովորեցնելու պարտավորությունը միանգամայն հաճույքով եմ ստանձնել, որովհետեւ որեւէ մեկին որեւէ բան սովորեցնելն իսկական հաճույք է միայն է՛ն դեպքում, երբ սովորողն ի՛նքն է սովորեցնողին խնդրում այդ անել, ու ես շտապելով վայելել էդ բացառիկ հաճույքը՝ շտապում եմ վերջակետ դնել ու ձեզ հավաստիացնել, որ էս չափազանց սպասված վերջակետից հետո էլ են իմ, Երվանդի ու բոլորի խաղերը շարունակվելու։

Մենք շարունակ մեծ-մեծ բաներից ենք խոսում, բայց շատ հաճախ ամենափոքր ու աննշան բաներից ենք ոգեւորվում ու ուրախանում, ու էս պահի իմ ուրախությունն էն է, որ ընդամենը մեկուկես ժամում Պետրոսյան Երվանդին ահագին բիլիարդ խաղալ սովորեցրի, եւ չնայած էս պահի դրությամբ Պետրոսյան Երվանդն իր ու բոլորիս բախտը բացառապես Առաջինի երկրորդ հեղափոխության հետ է կապում, դուք պիտի տեսնեիք՝ ո՜նց էր ցնծում, երբ իրեն հաջողվում էր բիլիարդի գնդակներն իրար կպցնել, իսկ ինչ վերաբերում է ինձ, ես ո՛չ միայն Երվանդի էդ խաղային հաջողությունից եմ ուրախացած, այլեւ ընդհա՛նրապես եմ ուրախ, որովհետեւ էստեղ՝ Ծաղկաձորում ո՛չ միայն հաջողացրի յոթերորդ գիրքս ավարտել, այլեւ, ինչպես տեսնում եք, ութերորդն էլ հունի մեջ գցեցի, եւ եթե հաշվի առնենք, որ Մոսոյի շնորհիվ Ծաղկաձորում մնալու ու ստեղծագործելու ամբողջ երեք օր էլ ունեմ, գոհությունս պիտի որ ձեզ էլ հասկանալի դառնա, եւ հիմա մտովի ինքս ինձ հանձնարարում եմ էս երեք օրերի ընթացքում էս յոթերորդս ահագին առաջ գցել ու նոր միայն Երեւան վերադառնալ, եւ ինձ ու ընդունակություններիս վստահելով՝ երեւի դուք էլ չեք կասկածում, որ ինձ կհաջողվի էդ ու էդքանն անել, ու ես է՛լ եմ վստահ, մանավանդ որ՝ Ծաղկաձորի ու մեր էս ստեղծագործական տան ուշ աշնանային մթնոլորտը միանգամայն տրամադրող է, եւ նախորդ ու էս հատորներիս մթնոլորտային կապն էլ է կարծես ապահովված, եւ, որ ամենակարեւորն է, էս պահին գրելու նյութ է՛լ կա, եւ չնայած վաղ թե ուշ վերադառնալու եմ անցյալ դարի յոթանասունյոթ թվական ու «Ծիծեռնակ», հիմա երեւի մի քիչ էլ լռվեմ ու մլուլ տամ էս հեղափոխական իրավիճակների մեջ, որովհետեւ հեղափոխական իրավիճակից անմիջապես անցյալ տեղափոխվելն ինչքան անբնական է, նույնքան էլ՝ վտանգավոր, քանզի հեղափոխական իրավիճակից անցյալ տեղափոխվելու ցանկացած փորձ ցանկացած հեղափոխականի կողմից կարող է դավաճանություն որակվել, բայց իմ բախտից՝ էս պահին Ծաղկաձորում հանգստանում ու ստեղծագործում են բացառապես պահպանողական ու հակահեղափոխական գրողները, բացառությամբ, իհարկե, Պետրոսյան Երվանդի, եւ սրանց պահպանողականությունն ու հակահեղափոխականությունը ներվերիս վրա նույնքան է ազդում՝ ինչքան Երվանդի հեղափոխականությունը, որովհետեւ, եթե հեղափոխականությամբ տոգորված Երվանդի պարագայում բացահայտ է, որ հեղափոխության հնարավոր հաղթանակի պտուղներից վերստին ձեռնունայն է մնալու, մյուսների զգուշավոր ու հակահեղափոխական տրամադրությունները հուշում են, որ հեղափոխության հաղթանակի դեպքում վերստին էս մյուսներն են շահելու, որովհետեւ հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո հենց էս պահպանողականներն ու նախկին հակահեղափոխականներն են հեղափոխությամբ հաղթածների համար ցանկալի գոյություն ու գոյացություն դառնում, քանզի հեղափոխության հաղթանակից անմիջապես հետո հրատապորեն առաջանում է նաեւ կայունության գործընթացի ապահովման խնդիրը, ինչպես նաեւ՝ պահպանողականների ու կայունության պահապանների հույժ պահանջ ու պահանջարկ, եւ հեղափոխության հաղթանակից հետո սկսվում է հեղափոխության պտուղների անմնացորդ բաշխումը, եւ քանի որ սովորաբար հետհեղափոխական բերքահավաքը մեծ է լինում, պտուղները հերիքում են նաեւ կայունության նախկին ու ներկա գրեթե բոլոր պահապաններին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել