Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«AFTERSHOCKREPUBLIC»-Ը՝ ՍԵՓԱԿԱՆ ՀԱՐԿԻ ՆԵՐՔՈ

Ապրիլ 18,2009 00:00

Սփյուռքահայ երիտասարդներն ուզում են ապրել հայրենիքում

Երեւանյան ակումբներին («Ulikhanyan», «Ակումբ», «Ակումբ 12», «Աստրալ», «Ավանգարդ-ֆոլք», «Ստոպ» եւ այլն) ավելացավ եւս մեկը՝ «Aftershockrepublic»-ը: Ապրիլի 16-ին Տերյան 91 հասցեում կայացավ «Aftershockrepublic»-ի հանդիսավոր բացման արարողությունը՝ տարբեր ոլորտների ու հատկապես շոու-բիզնեսի ճանաչված ներկայացուցիչների մասնակցությամբ, տոմսերի զվարճալի խաղարկությամբ, անակնկալներով: Մթնոլորտը շիկացրին «Կատուները»՝ Վահագն Հայրապետյանի ղեկավարությամբ:

«Aftershockrepublic»-ի հիմնադիրները 27-28 տարեկան սփյուռքահայ երիտասարդներ են՝ Հակոբ Բարսեղյանը՝ ԱՄՆ-ից եւ Միհրան Գրիգորյանը՝ Իսրայելից: «Առավոտի» հետ զրույցում Հակոբն ասաց. «Արդեն 4 տարի է Հայաստանում ամառներն աշխատում ենք գիշերային կյանքի «կազմակերպման» ուղղությամբ, միշտ փարթիներ ենք նախաձեռնել տարբեր ակումբներում: Ես ու Միհրանը որոշեցինք վերջապես տարածք վերցնել ու մեր գործունեությունը շարունակել սեփական հարկի ներքո: Ինչպես տեսնում եք, այսօր հաճելի մթնոլորտ է տիրում…»:

Միհրանն էլ (DJ MIRO) հավելեց, որ իրենց նպատակը հետեւյալն է. «Մենք ուզում ենք, որ արտասահմանցիներն ու հայաստանցիները մի ջերմիկ ու գեղեցիկ անկյուն ունենան, որտեղ միասին կշփվեն ու լավ ժամանակ կանցկացնեն»:

Երիտասարդները հավաստիացրին, որ ակումբում կարող ենք վայելել թե տեղացի, թե արտասահմանյան խմբերի համերգներ, լինելու են պարային օրեր, կինոցուցադրումներ, գունագեղ ու լիցքաթափող կոկտեյլներ եւ այլն: Ընդ որում, այստեղ գործելու է «ազատ միկրոֆոն» հասկացությունը. ցանկացած խմբի հնարավորություն կտրվի անվճար ելույթ ունենալ:

Մեր զրուցակիցներից հետաքրքրվեցինք՝ ի՞նչն է ստիպել, որ «գործ դնեն» ու հաստատվեն Հայաստանում՝ արտերկրում ունենալով կայանալու մեծ հնարավորություններ եւ հեռանկարներ: Նրանք ժպտալով պատասխանեցին, որ հայրենիքում ապրելու ու աշխատելու համար իրենց ոգեւորել են «Օրրան» բարեգործական կազմակերպության հիմնադիր Արմինե Հովհաննիսյանն ու սփյուռքահայ գործարար Վահագն Հովնանյանը:

Իսկ ինչո՞ւ ընտվեց «Aftershockrepublic» անունը: Այս հարցին էլ Հակոբը կամ DJ JACKO-ն այսպես պատասխանեց. «Մեր առաջին փարթին կազմակերպել էինք 4 տարի առաջ՝ «Բունկեր» ակումբում: Մի պահ ինձ թվաց, թե տեսնում եմ մարդկանց՝ շոկից կամ երկրաշարժից հետո (լավ իմաստով, իհարկե): Ինչ վերաբերում է republic-ին, այն էլ մեր սիրելի Հայաստանն է, որին պետք է սատար կանգնի ցանկացած սփյուռքահայ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել