Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Չիրականացած երազանքները մի «փաթաթեք» երեխայի վզին

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Պետք չէ երեխային ստիպողաբար տանել դաշնամուրի

Դեռահասության շրջանում երեխաները դառնում են անհնազանդ, դյուրագրգիռ եւ գրեթե բոլոր հարցերում հակառակվում են ծնողներին: Դեռահասներին հաճախ թվում է, թե ծնողներն անտեսում են իրենց կարծիքն ու ստիպում անել այն, ինչ ծնողն է նպատակահարմար գտնում: Այդ պատճառով էլ շատ հաճախ ծնող-երեխա լարված փոխհարաբերությունները ընտանիքում անցանկալի հետեւանքներ են առաջացնում: Օրինակ, 14-ամյա Ալինայի ծնողները խուճապի մեջ են. նրանք դժվարությամբ են հասկանում իրենց աղջկան, Ալինան էլ չի կարողանում «լեզու գտնել» ծնողների հետ: Վերջիններս երեխային մեղադրում են իրենց չհնազանդվելու մեջ, Ալինան էլ իր հերթին դժգոհ է, որ ծնողները իրենց կարծիքն են պարտադրում: Ինչպես վարվել, որպեսզի ծնող-երեխա փոխհարաբերությունները լարված չլինեն:

Թեմայի վերաբերյալ զրուցեցինք ԵՊՀ հոգեբանության տեսության եւ պատմության ամբիոնի դասախոս, հոգեբան Նարինե Հարությունյանի հետ:

– Ի՞նչն է պատճառը որ ծնողը եւ երեխան միմյանց չեն հասկանում: Ավելի հաճախ ո՞ր տարիքում են խնդիրներ առաջանում:

– Խնդիրներ կարող են առաջանալ յուրաքանչյուր տարիքում: Ծնողի ու երեխայի միմյանց չհասկանալը սկսվում է դեռեւս երեխայի նորածին շրջանից: Բայց առավել ակնառու դրսեւորվում է դեռահասության տարիքում, երբ երեխան սկսում է ինքնահաստատվել: Որոշ երեխաների մոտ այդ ճգնաժամը առհասարակ չի էլ նկատվում, բայց այն անպայման կա: Շատ երեխաների մոտ դրսեւորվում է նեգատիվիզմի ձեւով, երբ նրանք մշտապես ձգտում են հակադրվել ծնողին: Իհարկե, նեգատիվիզմը կարող է դրսեւորվել ոչ միայն ընտանիքում, այլեւ ընկերների մոտ ու շրջապատում: Դեռահասության փուլում երեխան հաճախ ձգտում է դեպի դուրս, եւ այս դեպքում արդեն ընտանիքն ու սոցիալական միջավայրը հավասարազոր են դառնում: Իսկ դրսի արժեքները ավելի կողմնորոշիչ են թվում դեռահասներին, այդ պատճառով էլ առաջանում են տարաձայնություններ:

– Ի՞նչ պետք է անել երեխայի հոգեբանությունը ճիշտ հասկանալու համար:

– Ծնողն ու երեխան տարբեր մարդիկ են՝ չնայած արյունակցական կապին: Երեխան իր խառնվածքով, բնավորությամբ, նոր ձեւավորվող արժեքներով տարբեր է ծնողներից: Այդ պատճառով ծնողը երեխային պետք է ընդունի իբրեւ անհատականություն: Պիտի ընդունել երեխային այնպիսին, ինչպիսին նա կա: Միեւնույն ժամանակ, տեսնելով երեխայի համար անհասկանալի, բարդ հոգեկան իրավիճակը, ծնողը պետք է հանգստացնի նրան եւ փորձի երեխայի ու իր համար առաջացած հարցականների լուծումները նրա հետ միասին գտնել:

– Ինչպե՞ս կարող է ազդել շրջապատը երեխայի հոգեբանության վրա:

– Եթե միջավայրը դրական արժեքներ ու նորմեր ունի, ուրեմն երեխայի վրա պիտի որ դրական անդրադառնա: Առանց միջավայրի՝ մենք լիարժեք չենք: Շատ կարեւոր է երեխայի շփումը իր հասակակիցների հետ, որովհետեւ շրջապատը հաճախ կարող է տալ այն, ինչ չի տալիս ընտանիքը, եւ հակառակը՝ ընտանիքում կգտնես այն, ինչը շրջապատում բացառվում է: Դեռահասին չպետք է մեկուսացնել շրջապատից. այստեղ նա հատուկ դերակատարում ունի, որովհետեւ ինքնությունը հաստատելու ուղիներն այնտեղ է փնտրում: Բայց այս հարցում կա կարեւոր խնդիր: Ծնողը պետք է կարողանա ճիշտ գնահատել միջավայրը: Միջավայրը կարող է այնպիսի հակասական երեւույթներ ունենալ, որ երեխան ինքն էլ ցանկանա այդ երեւույթները ձեռք բերել, իսկ ծնողը չհասկանա, թե այդտեղ որն է բացասականը, որը՝ դրականը: Կարեւորն այն է, որ ծնողը ճիշտ ըմբռնի՝ երեխայի միջավայրը շեղվա՞ծ է, թե՞ ոչ: Հնարավոր է, որ երեխան գտնվի այդ միջավայրում, բայց չընդունի միջավայրի արժեքներն ու չկրկնի դրանք: Կամ ընդունի մակերեսորեն, իսկ ներքուստ մնա իր արժեքների մեջ: Ծնողը պիտի հստակ որոշի՝ երեխան հայտնվե՞լ է սոցիալական միջավայրում, թե՞ ոչ: Իսկ եթե արդեն հայտնվել է, դա արդեն խնդիրներ է առաջացնում: Բայց ո՞րն է պատճառը: Ինչո՞ւ երեխան հայտնվեց հենց այդ շրջապատում: Հաճախ ընտանիքներն իրենք են դուրս մղում երեխաներին, իսկ սոցիալական միջավայրում երեխան կարողանում է արտահայտել իր մեջ եղած նեգատիվ երեւույթները: Այդպիսի դեպքեր շատ են լինում հատկապես կոնֆլիկտային, ալկոհոլ եւ թմրանյութ օգտագործող ընտանիքներում: Այսպիսով, երեխան չի ունենում մարդկային հարաբերություններին վերաբերող նորմալ պատկերացումներ եւ կամա թե ակամա ընկնում է անհաջող միջավայր:

– Ծնողները հաճախ փորձում են իրենց չիրականացված երազանքները, այսպես ասած, «փաթաթել» երեխայի վզին: Ճի՞շտ դիրքորոշում է:

– Ծնողները երեխաներից սպասում են այն, ինչ իրենք են ուզում: Մինչդեռ երեխան իր ցանկություններով եւ ունակություններով կարող է բոլորովին նման չլինել ծնողներին: Օրինակ՝ ծնողը երազել է դառնալ դաշնակահարուհի եւ երեխային ուղարկում է դաշնամուրի դասընթացների: Բայց երեխան չունի երաժշտական ունակություններ, ուրեմն պետք չէ երեխային ստիպել: Ավելի լավ է փնտրել ու գտնել այլ արժեքներ եւ ոլորտներ, որտեղ երեխան իրեն ավելի լավ կարող է դրսեւորել: Ծնողը դա անում է երեխային ճիշտ ուղու վրա դնելու համար, մինչդեռ ամեն ոք անցնում է կյանքի սեփական ուղին:

– Լարված իրավիճակներում ծնողը պետք է կատարի՞ երեխայի կամքը, թե՞ ոչ:

– Պետք է գտնել ոսկե միջինը: Եթե ծնողն ամեն անգամ կատարի երեխայի ցանկությունները, ապա նրա մեջ կձեւավորվի սխալ վարքագիծ: Երեխան այդ դեպքում կանի ցանկացած արարք՝ մտածելով, որ իր կամքը, միեւնույն է, կատարվում է: Եթե ծնողը տեսնում է, որ արդեն չի կարողանում երեխային ագրեսիվ վիճակից հանել, անպայման պիտի դիմի անհրաժեշտ մասնագետի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել