Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԾԱՂԿԵՓՈՒՆՋ ՊԱՏՐԱՍՏԵԼՈՒ ԱՐՎԵՍՏԸ

Ապրիլ 18,2009 00:00

Իկեբանան՝ իբրեւ արտահայտչամիջոց

«Միայն թե զգույշ պտտիր բռնակը, հակառակ դեպքում՝ մի ամբողջ ստեղծագործությունս կփչացնես»,- ասում է 22-ամյա Լինը, ում սենյակը ոտք դնելով՝ կարծես հայտնվում ես ծաղիկների ու բույսերի թանգարանում: Լինը ճապոնուհի է եւ Հայաստան է եկել ուսումը շարունակելու նպատակով, իսկ ազատ ժամանակ էլ զբաղվում է ընկերներին իկեբանայի արվեստին ծանոթացնելով:

Իկեբանան ծաղկահարդարման, ծաղկեփունջ կազմելու, ծաղիկներից, տերեւներից ու այլ գեղազարդող նյութերից կոմպոզիցիա ստեղծելու արվեստ: Իկեբանան ունի 1500 տարվա պատմություն, սակայն սկսել է արվեստ համարվել միայն 15-րդ դարի կեսերից: Իկեբանայի առաջին դպրոցի ստեղծողը եղել է Կիոտո քաղաքի Ռակակուդո բուդդայական տաճարի մի հոգեւորական: «Իկե» ճապոներեն նշանակում է կյանք, իսկ «բանա»՝ ծաղիկ, այսինքն՝ «իկեբանան» կենդանի, ապրող ծաղիկն է:

Ասում են, որ ճապոնուհիները ամուսնանալու դաշինք չեն կարող կնքել՝ առանց կարուձեւի, խոհարարության ու իկեբանայի արվեստն իմանալու: Դեռեւս 7 տարեկանից ճապոնուհիներին ուսուցանում են ծաղիկներից կոմպոզիցիաներ ստեղծելու արվեստը, միաժամանակ երեխաների մեջ դաստիարակում ներդաշնակության ու կատարելության զգացում:

Յուրաքանչյուր կին Ճապոնիայում ինչ-որ չափով տիրապետում է այդ արվեստին: Իկեբանան իգական դպրոցներում ու քոլեջներում համարվում է հիմնական ու պարտադիր առարկա:

«Մասնագետներ դառնալու համար ուսանում են 3 տարի եւ 10 ամիս, որի ընթացքում ծանոթանում են գեղանկարչության, ծաղիկների բուրմունքի, գույների, երանգների ու բույսերի կազմաբանության հետ: Ճապոնիայում գոյություն ունի 300 դպրոց, որտեղ ծաղկահարդարման արվեստը դասավանդում են 1,5 միլիոն ուսուցիչներ»,- պատմում է Լինը:

Ճապոնական ծաղկեփնջի հիմքը կազմում են 3 հիմնական խորհրդանիշ-ցողուններ: «Իկեբանայի սկզբունքների համաձայն՝ ծաղկային կոմպոզիցիայի համար նախապատրաստված ցողունները ամրացվում են ոչ թե պատահմամբ, այլ հետեւյալ կերպ-, ասում է Լինը ու ցույց տալիս:- Երեք ցողուններից ամենաերկարը՝ սինը, խորհրդանշում է երկինքը, այն շատ կարեւոր տարր է, քանի որ նրա դիրքից եւ դինամիկայից է կախված կոմպոզիցիայի տպավորությունը, ուստի սինը ամրացվում է ծաղկամանում դրված մետաղյա հարմարանքի կենտրոնում: Երկրորդ ցողունը՝ յյուսին, խորհրդանշում է մարդուն եւ առաջին ցողունից կարճ է: Այն ամրացնում են առաջին ցողունի առջեւ՝ դրանից 30-40 աստիճան ձախ թեքված: Երրորդ ամենակարճ ցողունը՝ խիկեան, խորհրդանշում է գետինը, իր դիրքով հավասարակշռում է նախորդ ցողունները: Այն ավելի շատ թեքված է դեպի դիտորդը…»:

Իկեբանա ստեղծելիս օգտագործում են ոչ միայն թարմ ծաղիկներ, այլեւ տարբեր բույսերի ծռմռված ու բազմաձեւ չոր ճյուղեր՝ իրենց չոր պտուղներով, զանազան շիվեր, արմատներ եւ կեղեւներ, մի խոսքով՝ բոլոր այն բնական միջոցները, որոնք կնպաստեն արհեստական բնապատկեր ստեղծելուն: Պատրաստի կոմպոզիցիան դրվում է հատուկ պատվանդանի վրա եւ բնակարանում ունի իր սրբագործված անկյունը, որը կոչվում է տոկոնոմա:

Ճապոնիայում ընտանիքի հյուրը առաջին հերթին մոտենում է տոկոնոմային, ուշադիր զննում իկեբանան՝ ձգտելով հասկանալ տանտիրոջ կամ տանտիրուհու տրամադրությունը: Սկզբում խոնարհվում է իկեբանային, ապա տանտիրոջը եւ անցնում առօրյա զրույցին՝ անպատճառ ընդգծելով կոմպոզիցիայից ստացած իր տպավորությունը: Իսկ եթե կոմպոզիցիան հյուրին զգացնել տա, որ տանտերը անտրամադիր է, հյուրը պարտավոր է անմիջապես հեռանալ:

Ճապոնացի նկարիչների կարծիքով՝ կոմպոզիցիաներում եւ փնջերում պետք է օգտագործել կենտ ծաղիկներ, դրանք դասավորել սիմետրիկ եւ այնպես, որ ծաղիկները շփվեն միմյանց հետ:

Հարսանյաց հանդեսներին հարսնացուի տանը պատրաստվում են շքեղ ու վառ գույնի կոմպոզիցիաներ, որտեղ լրիվ բացված ծաղիկները եւ չոր տերեւներն արտահայտում են անցյալը, կիսաբաց ծաղիկները եւ թարմ տերեւները՝ ներկան, իսկ ապագան արտահայտվում է բողբոջներով ու դեռեւս չբացված ծաղիկներով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել