Ռուս նշանավոր գրող Անդրեյ Բիտովի «Հայաստանի դասերը» գիրքը՝ Ռուս-հայկական սլավոնական համալսարանի նախաձեռնությամբ եւ թարգմանչուհի Անահիտ Խաչատրյանի ջանքերով, հրատարակվել է հայերեն: Երեկ Ռուս-հայկական սլավոնական համալսարանում կայացավ գրքի շնորհանդեսը ու համալսարանի ուսանողների հանդիպումը գրողի հետ: Մշակույթի փոխնախարար, կինոգետ Դավիթ Մուրադյանի խոսքով՝ «Հայաստանի դասերը» օգնում է՝ վերաիմաստավորել Հայաստանի դերն ու նշանակությունը: ՀԳՄ նախագահ Լեւոն Անանյանն էլ ասաց. «Իր հարցազրույցներից մեկում Բիտովը խոստովանել է, որ ամբողջ կյանքը ճանապարհորդություն է եղել եւ այն վաղուց դադարել է հոբի լինելուց: Գուցե այդ նախախնամության շնորհիվ է, որ 1967թ. սեպտեմբերյան մի առավոտ Բիտովն այցելեց Հայաստան: Արդյունքում ծնունդ տրվեց «Հայաստանի դասերը» վիպակին, որն իսկապես ցնցում առաջացրեց մեր սերնդի մեջ… Սա Բիտովի միակ հրապարակումը չէր Հայաստանին ու հայերին նվիրված: Նրա բազմաթիվ հրապարակումներից ինձ համար թերեւս հատկանշական են Հրանտ Մաթեւոսյանին նվիրված գործերը»:
«Հայաստանի դասերը» ամփոփում է 3 բաժին՝ հեղինակի 60-ականներին գրած պատմվածքները, երկրորդում տեղ են գտել գրողի գրականագիտական հոդվածները, իսկ երրորդ բաժինը, որն ամբողջությամբ խոհագրություն է, նվիրված է Պուշկինին: «Ուրախ եմ ու հպարտ, որ գիրքս արդեն կարող է հասանելի լինել հայ հասարակության լայն շերտերին՝ մեծից փոքր: Այն ինձ համար մեծ նշանակություն ունեցող հրապարակում է, որով ես փորձել եմ առաջին անգամ մուտք գործել հայի հոգին, ձուլվել նրա առօրյային, ուսումնասիրել պատմությունը եւ հասնել ներկա…»,- նշեց Ա. Բիտովը: Թարգմանչուհի Անահիտ Խաչատրյանն էլ ընդգծեց. «1994-ին Հայաստանի գրողների միության կողմից հայտարարված թարգմանիչների մրցույթը միջոց հանդիսացավ թարգմանելու նշանավոր գրողի պատմվածքներից մեկը: Բիտովից դա իմ առաջին թարգմանությունն էր, որին հաջորդեցին շատերը: Նրա բնագիրը շատ բարդ է, բայցեւ՝ գրավիչ: Ինձ համար մեծ պատիվ է թարգմանել Բիտովին»: