Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Ո՞Վ Է ՈՍՏԻԿԱՆԻ ԻՐԱԿԱՆ ՔԱՎՈՐԸ

Ապրիլ 18,2009 00:00

Ոստիկանության օրվա կապակցությամբ ապրիլի 16-ին ոչ միայն մեդալներ հանձնվեցին համակարգի աշխատակիցներին, այլեւ համերգ կայացավ շոու-բիզնեսի ճանաչված եւ անհայտ ներկայացուցիչների մասնակցությամբ:

Փոքրիկ «բեմադրություններ» էլ կային, օրինակ, թե ինչպես է ոստիկանության ազնվագույն աշխատակիցը կանգնեցնում խախտում կատարած «թույն» համարով մի մեքենայի, եւ նրա «հաբռգած» վարորդն ու ուղեւորը ոստիկանին սպառնում են ամեն ինչով, այդ թվում՝ իրենց քավորով. «Արա, գիտե՞ս ով ա իմ քավորը…»: Հիրավի, տարածված եւ օրենքի պաշտպանին հնազանդեցնող հայկական ժողովրդական «տրյուկ»: Բայց արի ու տես, որ «բեմադրության» ոստիկանը ավելի ծանրակշիռ «փաստարկ» ունի. «Իսկ դու գիտե՞ս ով ա իմ քավորը, օրե՛նքն ա»: Այս ամենին հետեւում է երիտասարդներին ձեռնաշղթաներ հագցնելն ու ոստիկանի խոսքը. «Բա՜, դե իմացեք, մեր դեմ խաղ չկա»: Ուղղակի ծիծաղ են առաջացնում նման սարքովի կերպարները, թեկուզ տոնական առիթներով. հայրենի ոստիկանի վարկանիշը վաղուց, մեղմ ասած, ցածր է, իսկ համազգեստը նրան ծառայում է որպես վահան ու փող կորզելու միջոց: Ուզում եմ հիշել օրեր առաջ կատարվածը: Կրկեսում ընթանում էին «Մարտեր առանց կանոնների» մրցումներ, որը դիտելու էին եկել բազմաթիվ ամրակազմ եւ սափրագլուխ «ջիփավորներ», նրանց մեքենաները հանգիստ «բազմել» էին մայթերին, կրկեսի շրջակայքով մեկ, մի պահ ոմանց մեքենաներն ուղղակի հայտնվել էին փողոցի կենտրոնում, որոշներն էլ բառացիորեն խանգարում էին, որ խեղճուկրակ երթուղայինները կանգառից վերցնեն ուղեւորներին: Ի դեպ, ոստիկաններ էլ կային տարածքում, բայց չէին միջամտում՝ քանի՞ գլուխ ունեին: Փաստորեն, այդ ամրակազմ տղամարդիկ ոստիկանների քավորներն էին կամ հենց քավորների քավորները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել