Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՕԿԼԱՀՈՄԱՅԻ ՏՂԱՄԱՐԴԻԿ՝ ՀԱՅՈՑ ԵՂԵՌՆԻՆ

Ապրիլ 18,2009 00:00

Երեւանյան հայտագրերը այսօրվա դրությամբ լռում են համերգասրահներում կայանալիք Մեծ եղեռնի նահատակների հիշատակին նվիրված միջոցառումների մասին, իսկ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախումբը եւ ակադեմիական երգչախումբը՝ դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ, մեկ օր անց հանդես կգան Վերդիի «Ռեքվիեմի» կատարմամբ: Ամերիկայից էլ ժամանել է «Singing Men of Oklahoma» արական երգչախումբը, որը ապրիլի 24-ին «Ա. Խաչատրյան» համերգասրահում՝ սկսած ժամը 15-ից մինչ ուշ երեկո, կներկայացնի հոգեւոր երաժշտություն: Մուտքն էլ ազատ է:

«Առավոտի» հետ զրույցում երգչախմբի ղեկավար, երաժշտագիտության դոկտոր Բիլլ Գրինն ասաց, որ իրենց՝ քրիստոնյաների համար մեծ պատիվ է առաջին անգամ Հայաստան այցելելը՝ որպես առաջինը քրիստոնեություն ընդունած երկիր, եւ իրենք հայաստանյան ելույթներով ցանկանում են հարգանքի տուրք մատուցել հայ ժողովրդին՝ ի հիշատակ 1,5 միլիոն նահատակվածների, որոնց ճշմարիտ հավատքի պատմությունն իրենց համար վառ օրինակ է: Նշենք, որ երգչախմբի հետ ԱՄՆ-ից Հայաստան է ժամանել նաեւ 70 հոգի: Նրանց թվում են երգչախմբի անդամների կանայք, որոնք էլ հանդիսանում են մաեստրո Գրինի ղեկավարած «Singing Women of Oklahoma» երգչախմբի արտիստներ: Ի դեպ, մինչ ապրիլքսանչորսյան համերգը, արական երգչախումբը այսօր եւ վաղը հանդես կգա «Ա. Խաչատրյան» համերգասրահում, ապրիլի 20-ին՝ Գյումրիում, 21-ին՝ Դիլիջանում եւ 22-ին՝ Վանաձորում:

«Առավոտի» հարցին, ի վերջո, ԱՄՆ նախագահը եւ ողջ Ամերիկան ե՞րբ կընդունեն Հայոց ցեղասպանությունը, Բ. Գրինը, հիշեցնելով, որ Օկլահոմայի նահանգն ընդունել է այդ իրողությունը, պատասխանեց. «Իհարկե, կուզենք, որ թե նախագահը, թե ողջ Ամերիկան, ավելին՝ աշխարհն ընդունի այդ փաստը»: Նա հատուկ շեշտեց, որ իրենց հայաստանյան այցը որեւէ քաղաքական նպատակ չի հետապնդում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել