Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՀԱՅԿԸ ՓԱՅԼԵՑ ԻՍՐԱՅԵԼՈՒՄ

Ապրիլ 18,2009 00:00

Հայ քանդակագործի «Ընտանիք» կոմպոզիցիան ուշադրության է արժանացել

\"\"\"\"
Հայկ Թոքմաջյանն իր «Ընտանիքի» հետ: Քանդակագործի իսրայելական մրցանակը:

Քանդակագործ Հայկ Թոքմաջյանը մասնակցել է մարտի 29-ից ապրիլի 14-ը Իսրայելի Մալո Տարշիհա քաղաքում կայացած Քանդակագործների 19-րդ միջազգային սիմպոզիումին: Նրա «Ընտանիք» կոմպոզիցիան արժանացել է քաղաքապետարանի հատուկ մրցանակին: Հ. Թոքմաջյանն «Առավոտին» պատմեց, որ սիմպոզիումի այս տարվա թեման քաղաքային կյանքն էր: Տարբեր երկրների քանդակագործները նախապես էսքիզներ էին ուղարկել միջոցառման կազմակերպիչներին, դրանց ուսումնասիրության արդյունքում ընտրվել էր 10 քանդակագործ. Հայկը՝ Հայաստանից, 3-ը՝ Իսրայելից, 3-ը՝ Թուրքիայից, մեկական արվեստագետ էլ՝ Վրաստանից, Բուլղարիայից, Ռումինիայից եւ Քենիայից: «Քենիայի ներկայացուցչի՝ Ջերալդ Մարտոլդիի հետ երրորդ անգամ էի հանդիպում հերթական սիմպոզիումին, հոյակապ անձնավորություն է, հետաքրքիր քանդակագործ, բուլղարացի Կամենին էլ ծանոթ էի Անկարայում կայացած սիմպոզիումից»,- հայտնեց մեր զրուցակիցը: Նաեւ դրվատանքով խոսեց թուրք արվեստագետների մասին, որոնցից երկուսը ամուսիններ են՝ Ստամբուլից, երրորդը՝ կին քանդակագործ՝ Իզմիրից: Հ. Թոքմաջյանն ասաց, որ սիմպոզիումի մասնակիցները ձեռնպահ էին մնացել ֆիգուրատիվ ստեղծագործություններ ներկայացնելուց. դա պայմանավորված էր իսրայելցիների նախասիրություններով եւ ժամանակակից քանդակագործության ներկա միտումներով:

Հայկը նշեց, որ բոլորը աշխատել են Գալիլիայի քարով, որը հայկական տրավերտինին նման է՝ միայն առանց անցքերի եւ ավելի փափուկ: Ստեղծագործել են 12 շաբաթ եւ դա, քանդակագործի խոսքով՝ տաժանակիր աշխատանք էր: Քանդակագործն ասաց, որ, հայկական Եռագույնը իր քանդակի կողքին տեսնելով, իրեն հաճախ են մոտեցել, ջերմ խոսքեր ասել, իսկ իսրայելցի լրագրողներին զարմացրել է իր նորմալ շփումը եւ կողք կողքի թուրք արվեստագետի հետ աշխատելը. «Խնդրում էին, որ միասին լուսանկարվենք իրենց համար…»:

Մեր դիտարկմանը, որ ի տարբերություն հայաստանցի այլ քանդակագործների, ինքն ավելի հաճախ է մասնակցում սիմպոզիումների, արդյո՞ք դա մասնագիտական խանդ չի առաջացնում կոլեգաների մեջ, Հ. Թոքմաջյանը պատասխանեց, որ անձամբ ինքն ուրախանում է, երբ որեւէ հայ քանդակագործ հաջողություններ է ունենում արտերկրում, հետեւաբար կարծում է, որ իր մասին էլ այդպես են մտածում: «Եվ հետո այնպես չի, որ ինձ «դրսում» ճանաչում են ու ասում՝ արի, մանավանդ ժյուրիի անդամներն էլ հայ չեն… Չեմ բացառում, որ կա մասնագիտական խանդ, բայց ավելի լավ է, որ մարդը ոչ թե մտածի այդ ուղղությամբ, այլ գործի: Ախր ոչինչ հեշտ չի տրվում: Օրինակ, պատկերացրեք, թե ինչ լավն են եղել թուրքերի ներկայացրած էսքիզները, որ 10 քանդակագործից 3-ին Թուրքիայից են ընտրել: Եվ դա այն դեպքում, երբ սիմպոզիումի կազմակերպիչը Ուկրաինայից գնացած հրեա էր եւ առանձնապես ջերմ զգացումներ չէր տածում մահմեդականների հանդեպ»,- հայտնեց նա:

Հ. Թոքմաջյանն ասաց, որ մինչեւ հիմա մասնակցել է 10 սիմպոզիումի եւ գտնում է, որ տարեկան 2-3 նման միջոցառման գնալը՝ նորմալ է. «Քանդակագործներ կան, որ տարեկան 10 սիմպոզիումի են մասնակցում, այդ պարագայում չի կարող ստեղծագործություն ծնվել, արդեն արտադրություն է ստացվում: Բուլղարացի քանդակագործն էլ էր նույնը խոստովանում: Ասում էր՝ ճիշտ չէ: Ավելին, ինքը երիտասարդ տղա էր, բայց արդեն առողջական խնդիրներ ուներ: Ախր արվեստը միայն սեւագործ աշխատանքը չէ քարի հետ, այն նաեւ համապատասխան հոգեվիճակ է, մտածումներ…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել