Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

ՂՐՂԸԶԱԿԱՆ ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆԸ ՄԻԱՎՈՐՎՈՒՄ Է

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Պատմության մեջ առաջին անգամ Ղրղըզստանի ընդդիմությունը կարող է առաջ քաշել միասնական թեկնածու՝ առաջիկա նախագահական ընտրություններում: Ըստ ամենայնի, այդպիսի թեկնածու կդառնա նախկին վարչապետ, «Սոցիալ-դեմոկրատական» կուսակցության առաջնորդ Ալմազբեկ Աթամբաեւը: 52-ամյա գործչի՝ որպես միասնական թեկնածուի ընտրությունը, ըստ «Կոմերսանտի», հեշտ չի անցել: 2005 թվականին նա մասնակցում էր Կակաչների հեղափոխությանը, որի արդյունքում պաշտոնանկ է արվել այն ժամանակվա նախագահ Ասկար Ակաեւը: Նոր իշխանության ժամանակ Աթամբաեւը կարճ ժամանակ աշխատեց որպես արդյունաբերության նախարար, սակայն շատ արագ անցավ ընդդիմության շարքերը: Այնուամենայնիվ, 2007 թվականի գարնանը, ընդդիմության զանգվածային ցույցերից առաջ, նախագահ Կուրմանբեկ Բակիեւը նրան առաջարկել էր վարչապետի պաշտոնը: Ճիշտ է, այդ պաշտոնում նույնպես Աթամբաեւը երկար չմնաց եւ նույն տարվա աշնանը հրաժարական տվեց: Ընդդիմադիրներից շատերը չեն ներել Աթամբաեւին, որ նա չդիմացավ արմատական ընդդիմությանը, սակայն մյուս կողմից նույն հանգամանքը ավելացրեց նրա կողմնակիցների թիվը ոչ միայն Ղրղըզստանի հյուսիսում, այլեւ հարավում, որտեղ ծնվել է ներկայիս նախագահը: Ղրղըզստանի նախագահի ընտրությունները կայանալու են հուլիսի 23-ին: Կուրմանբեկ Բակիեւը արդեն իսկ հայտարարել է, որ պատրաստվում է երկիրը ղեկավարել եւս մեկ ժամկետ, սակայն Բակիեւին խանգարում են լուրերն իր վատառողջ լինելու մասին: Անցած տարվա ընթացքում նա 2 անգամ մեկամսյա բուժում է ստացել Գերմանիայում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել