Պետք է լինի ամենաշատը 101՝ եւ բոլորը համամասնական
Հիմնավորումը պարզ է ու «տեսանելի». բոլոր 131-ը չէ, որ հետամուտ են իրենց պատգամավորական պարտականությունների կատարմանը: Չաշխատող «ազգընտիրները» ԱԺ քառօրյա նիստերին են հաճախում միայն, այն էլ՝ «շեֆերի կամոք»՝ պահանջվող «կողմ» սեղմումների քանակն ապահովելու համար: Իսկ խորհրդարանական հանձնաժողովների աշխատանքներին կանոնավոր մասնակցելու մասին խոսելն իսկ ավելորդ է. նման «մանրուքների» համար նրանք «բանուգործը» հո չե՞ն թողնի:
ԱԺ պատերից ներս պատգամավորների մեծամասնության համար հետաքրքրությունների շրջանակը, թերեւս, խիստ սահմանափակ է՝ բուֆետ, կառավարության հետ հարցուպատասխանի օրերին՝ նախարարներին հանդիպելու եւ սեփական հարցերը լուծելու առիթ, երբեմն նաեւ՝ վերջին նորությունները միմյանց հետ քննարկել-զբաղվելու հանդիպավայր: Մնացած բոլոր դեպքերում՝ նրանց ներկայությունը խորհրդարանում, ըստ էության, կանխորոշված է կոճակ սեղմելու գործառույթի իրականացմամբ:
Վերջերս մի քանի ակտիվ պատգամավորների կողմից ավելի են հաճախակիացել աշխատող գործընկերներին հաշվելու դեպքերը: Որպես կանոն՝ վերջիններիս թիվը տատանվում է 15-ից մինչեւ 20-22: Հիմնականում այդ երկու տասնյակ պատգամավորներն են, որ իրենց ուսերին կրում են ԱԺ-ում օրենքները քննարկելու եւ լրամշակելու, օրինագծեր ներկայացնելու աշխատանքային ծանրաբեռնվածությունը (խմբ. իշխանության շահերից բխող նախագծերի «մոգոնումը» այլ խոսակցության նյութ է): Հետաքրքիրն այն է, որ վերոնշյալ հաշվարկի հետ կապված՝ «անհավես» մեծամասնությունից կամայական մեկը կամ կոալիցիոն խմբակցությունների ղեկավարներից ցանկացածը հրապարակայնորեն որեւէ կերպ չարձագանքեցին: Սա վկայում է, որ իշխող մեծամասնությունն ինքն էլ համաձայն է այդ տեսակետին:
Վերոգրյալից ելնելով՝ կարծում եմ, որ ԱԺ՝ հնարավոր արտահերթ, կամ նույնիսկ՝ 2012թ. հերթական ընտրությունների համար ներկայիս 131 պատգամավորների թիվն անհրաժեշտ է կրճատել, դիցուք՝ մինչեւ 101-ի: Վերջիններիս համապետական ընտրությունն էլ անցկացնել միմիայն համամասնական ընտրակարգով: Վաղուց հասունացած՝ 100 տոկոս համամասնական ընտրակարգի անցնելու յուրատեսակ փորձարկումը, անտարակույս, մայիսի 31-ին նախանշված Երեւանի ավագանու ընտրություններն են:
Ի դեպ, պատգամավորների թվաքանակի 30-ով կրճատումը (հետեւաբար նաեւ՝ նրանց «օգնականների») կտնտեսի ոչ միայն քաղաքացիների եւ աշխատող պատգամավորների նյարդերն ու ժամանակը, այլ նաեւ պետական բյուջեի միջոցները: Էլ չասած այն մասին, որ էապես կկրճատվի հարեւանի տեղը կոճակ սեղմելու հայաստանյան հիվանդության վերածված «ավանդույթը» (կրճատման դրական հետեւանքների թվարկումը ցանկության դեպքում կարելի է եւ շարունակել):
ՀՀ Սահմանադրության եւ «Ընտրական օրենսգրքի» մեջ համապատասխան փոփոխությունների կատարումը, համաձայն որոնց՝ պատգամավորների թիվը կկրճատվի մինչեւ 101-ի եւ ընտրությունը կդառնա միայն համամասնական, կուսակցությունների ղեկավարներին կամ նախընտրական ցուցակները կազմողներին կստիպի լրջորեն խորհել, որպեսզի հասարակությանը ներկայանան՝ հնարավորինս չվարկաբեկված, պատշաճ գիտելիքներ ունեցող, ինտելեկտով օժտված անհատներից կազմված ցուցակով: Ցուցակ, որի մեջ արդեն՝ մականունավոր օլիգարխիկ անձանց ընդգրկման նպատակահարմարությունը կասկածի տակ կլինի: