Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԻՄՆ ԲՈՂՈՔՆԵՐ

Ապրիլ 18,2009 00:00

ԿԳ նախարարության պարզաբանումը դասագրքերի մրցույթի վերաբերյալ

Ավագ դպրոցի «Հայ գրականություն» դասագրքի մրցույթին մասնակցած հեղինակային խմբի անդամները (Սերգեյ Սարինյան, Դավիթ Գասպարյան, Հենրիկ Բախչինյան) օրերս մամուլում հանդես են եկել բաց նամակով՝ 2009 թվականին Պետական գնումների գործակալության հայտարարած մրցույթի վերաբերյալ: Նրանք դժգոհություն են հայտնում իրենց հեղինակած դասագրքերի՝ մրցույթի հենց առաջին փուլում դուրս մնալու կապակցությամբ:

Չնայած դասագրքերի մրցույթի առաջին՝ նախնական փուլի կազմակերպումը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության իրավասությունը չէ, բայց հեղինակային խմբի անդամները հանդիպել են ԿԳ նախարարի հետ ու առաջարկներ ներկայացրել այդ առումով: Հանդիպումից հետո էլ հեղինակային խմբի անդամները հանդես են եկել բաց նամակով. հայտնել են իրենց մտահոգությունները դասագրքերի մրցույթի գործընթացի կազմակերպման վերաբերյալ՝ մեղադրանքներ հնչեցնելով նաեւ ԿԳ նախարարության հասցեին:

Ուստի, ներկայացնում ենք ԿԳ նախարարության պարզաբանումները: Հեղինակային խումբը նախարարին ներկայացրել է հետեւյալ առաջարկությունները՝ ա) հնարավորություն ընձեռել, որ փաստաթղթերի անլիարժեքության պատճառով մրցույթի առաջին փուլում դուրս մնացած դասագիրքը մասնակցի երկրորդ՝ բովանդակային փուլին, բ) հայտարարել նոր մրցույթ, գ) իրենց հեղինակած դասագրքերը եւս տպագրել «Մակմիլան-Արմենիա» հրատարակչության կողմից:

Նախարարը պարզաբանել է.

ա) նախարարությունը իրավասու չէ թույլատրել, որ առաջին փուլից դուրս մնացած դասագիրքը մասնակցի մրցույթի երկրորդ փուլին, քանի որ դա կանոնակարգի խախտում է:

բ) Նոր մրցույթ հայտարարելու որեւէ իրավական հիմք չկա: Բացի դրանից, դասագրքերի մրցույթը հայտարարում եւ ըստ կանոնակարգի՝ անցկացնում է Պետական գնումների գործակալությունը։ ԿԳ նախարարությունը, մրցույթի երկրորդ փուլում, բացառապես իրականացնում է դրանց բովանդակային փորձաքննությունը:

գ) Նախարարությունը իրավասու չէ որեւէ հրատարակչության միջնորդել՝ այլ հեղինակային խմբի դասագիրքը տպագրելու համար: Առավել եւս, որ մրցույթում «Մակմիլան-Արմենիա» հրատարակչությունն արդեն ներկայացել է այլ դասագրքով:

Հեղինակային խումբը բաց նամակում մտահոգություն է հայտնում նաեւ ներկայումս դպրոցում գործածվող «Հայ գրականության» դասագրքերում առկա մի շարք բացթողումների վերաբերյալ: Հարկ ենք համարում նշել, որ ԿԳ նախարարությունը, շահագրգիռ լինելով դասագրքերի որակի բարելավմամբ, իր իրավասությունների շրջանակում այս տարի առաջին անգամ կազմակերպել է մանկավարժների եւ դասագրքաստեղծ հեղինակային խմբերի համատեղ քննարկումներ: Նման ձեռնարկները նպատակ ունեն հետագայում հնարավորինս բացառել նաեւ այնպիսի բացթողումները, որոնց մասին նշում է հեղինակային խումբը:

Անդրադառնալով «Արեւիկ» հրատարակչության հայտին, որն էլ այս հեղինակային խմբի դասագրքերը ներկայացրել էր մրցույթի, պարզաբանենք. այն մերժվել է՝ պահանջվող փաստաթղթերի փաթեթի անհամապատասխանության պատճառով։ Ընդ որում, փաթեթում պակասել է ոչ թե «ինչ-որ տեղեկանք», ինչպես բաց նամակում հայտնում են հեղինակները, այլ բացակայել կամ թերի է եղել 4 կարեւոր փաստաթուղթ:

Ներկայացված չեն եղել՝

1. հայտատուի կողմից առաջարկված գնի ինքնարժեքի հաշվարկը,

2. տպագրության երկրի եւ տպարանի մասին հայտարարությունը:

Ամբողջական չեն եղել եւ մրցույթի հրավերով սահմանված պահանջներին չեն համապատասխանել՝

3. նախորդ ժամանակաշրջանում կատարված աշխատանքների մասին պայմանագրերը,

4. 2007 թվականի ֆինանսական հաշվետվությունների պատճենները:

Նման մրցույթների մասնակցության փորձ ունեցող ցանկացած հրատարակչություն քաջատեղյակ է գործընթացը կարգավորող իրավական ակտերին, որոնց համաձայն՝ պահանջվող փաստաթղթերի անհամապատասխանության հայտնաբերման դեպքում հանձնաժողովը մրցույթի մասնակցության հայտը մերժում է:

Բաց նամակում հեղինակային խմբի անդամները նշում են նաեւ մրցութային հանձնաժողովի կողմից իրենց ավելի էժան գնային առաջարկն անտեսելու մասին: Ընդ որում, շեշտվում է գրքերը 110 մլն դրամով էժան տպագրելու պատրաստակամությունը: Մրցութային փաթեթում գնի ինքնարժեքի հաշվարկի բացակայության պարագայում նման պնդումն անհասկանալի է, առավել եւս, որ մրցույթի կանոնների համաձայն, գնային առաջարկը հանձնաժողովը տվյալ փուլում չի էլ քննարկում:

Անհասկանալի է նաեւ հեղինակային խմբի այն դիտարկումը, որ մրցույթից դեռեւս մի քանի ամիս առաջ են իրենց մրցակիցները սկսել պատրաստվել դրան՝ ստեղծելով հեղինակային խումբ եւ աշխատելով դասագրքերի ուղղությամբ: Մրցույթ, որի հնարավոր հայտարարման մասին, ինչպես գրում են բաց նամակի հեղինակները, դեռեւս 2008 թվականի սեպտեմբերից հայտնի է եղել դասագրքաստեղծ գործունեությամբ զբաղվող բոլոր շրջանակներին, այդ թվում՝ իրենց, եւ հետեւաբար իրենք եւս հավասարապես կարող էին դրան սկսել պատրաստվել ամիսներ առաջ:

Իրականում, այս ամենն իսկապես հիշեցնում է «հայկական տարբերակ», ինչպես բնորոշում են հեղինակները, որի դեպքում գործում է հետեւյալ տրամաբանությունը՝ «Եթե հաղթողը ես չեմ, ապա մրցույթն անարդար է»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել