Լրահոս
Օրվա լրահոսը

Շամշյանը դատապարտվեց

Ապրիլ 18,2009 00:00

Ֆոտոլրագրողը հրաժարվեց «վերջին խոսքից»

Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում, դատավոր Ա. Խաչատրյանի նախագահությամբ, լսվեց «Առավոտ» եւ «Չորրորդ իշխանություն» թերթերի ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի գործի քննությունը: Վերջինս մեղադրվում էր մեկ այլ դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու համար: Իսկ «անհարգալից վերաբերմունքը» նա դրսեւորել է անցյալ տարվա օգոստոսի 5-ին՝ Սմբատ Այվազյանի դեմ հարուցված քրեական գործի դատաքննության ժամանակ: Ֆոտոլրագրողը չի ենթարկվել դատավոր Գ. Ավետիսյանի հրահանգին, ըստ մեղադրանքի, չի դադարեցրել լուսանկարումը:

Գ. Շամշյանի պաշտպան, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Հովիկ Արսենյանը միջնորդեց, որ գործը կարճվի եւ հանցակազմի բացակայության հիմքով դադարեցվի իր պաշտպանյալի նկատմամբ քրեական հետապնդումը: «Նա ֆոտոլրագրող է: Որեւէ մեկի մտքով թող չանցնի, թե նա եկել էր դատարան՝ դատական նիստը խոչընդոտելու կամ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու նպատակով»,- ասաց Հ. Արսենյանը: Պաշտպանն ուշադրություն հրավիրեց նախաքննության մարմնի վարած քննությանը: «Այս գործով չեն հարցաքննվել նախագահող դատավորը, մեղադրողը, այլ՝ միայն դատական կարգադրիչները: Կարծես այլ քաղաքացիներ չեն եղել դահլիճում»,- նշեց նա:

Հ. Արսենյանն ասաց, որ դատական նիստի ձայնագրությունների վերծանումներով չի հաստատվում այն, որ Գ. Շամշյանը վիրավորական արտահայտություններ է արել դատավորի նկատմամբ: (Ի դեպ, նկատենք, որ ձայնագրությունները, որոնք արվում են դատական նիստերի դահլիճում, լսելի են միայն դատավոր-դատական նիստերի քարտուղար-մեղադրյալ- մեղադրող հատվածում: Դահլիճում լսելիությունը բացարձակ զրո է- Ռ. Մ.):

Պաշտպանը պաշտպանական ճառում պնդեց, որ Գ. Շամշյանն այդ օրը զբաղվել է իր մասնագիտական գործունեությամբ եւ երբ դատավորից պահանջել է տրամադրել իրեն դատարանից հեռացնելու մասին որոշումը, նա տեղյակ չի եղել, որ այդ կարգի որոշումներն արձանագրային են: «Դատարանները պատժիչ մարմին չեն, ագիտացիոն խնդիրներ, դաստիարակչական նշանակություն ունեն»,- շարունակեց նա: Հ. Արսենյանը նկատեց, որ Գ. Շամշյանը այն բացառիկ լրագրողներից է, ովքեր ոչ ստանդարտ իրավիճակներում կարողանում են իրականացնել իրենց աշխատանքը:

Գ. Շամշյանն ասաց, որ պատրաստել է 37 էջից բաղկացած պաշտպանական ճառ, սակայն հրաժարվում է, քանի որ գնալու է մեկ այլ գործ լուսաբանելու: Նա հիշեց «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմի այն հատվածը, երբ ասվում է. «Դատարան են կանչել, դատարան են կանչել», ակնարկելով, որ եղել է Ահնիձորում, ծառատունկի նպատակով: Գ. Շամշյանը հրաժարվեց իր վերջին խոսքից էլ, որն, իր ասելով, նույնքան գեղարվեստական էր ստացվել, որքան այդպես էլ չլսված պաշտպանական ճառը. «Վերջին խոսքը սովորաբար ասում են մահապատժից, մահից առաջ: Ես դա խոստանում եմ ասել իմ թոռներին, երեխաներին»,- հավելեց նա: Դատավոր Ա. Խաչատրյանը Գ. Շամշյանին դատապարտեց 350 000 դրամ տուգանքի: Այն պետք է «մարվի» մինչեւ նոյեմբերի 1-ը:

Հիշեցնենք, որ մեղադրող Լեւոն Չարխիֆալակյանը պահանջել է 500 000 դրամ տուգանք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել