Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՆՔՆԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՂԱՎՈՐԸ ԲԱՑԱՀԱՅՏՎԵԼ Է

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Բարեգործականի վարկը չմարելու պատճառով դիմել է ծայրահեղ քայլի

Արմավիրի մարզի Զարթոնք գյուղի բնակիչ Վարազդատ Սահակյանն անցյալ տարվա հունիսի 29-ին ինքնասպան եղավ: Նա տանը խմել էր «ԲԻ-58» թունաքիմիկատ: Վարազդատին տեղափոխեցին հիվանդանոց: Սակայն բժիշկներին չհաջողվեց փրկել նրա կյանքը, եւ նա իր մահկանացուն կնքեց հաջորդ օրը՝ հունիսի 30-ին: Արմավիրի մարզի դատախազ Հակոբ Ղարախանյանի կողմից հարուցվեց քրեական գործ: Նախաքննությունն իրականացնողներին հետաքրքրում էր մեկ հարց. արդյո՞ք Վարազդատին դրդել են ինքնասպանության, ի՞նչն է, ի վերջո, եղել այդ ծայրահեղ քայլին դիմելու պատճառը:

Նյութերի նախապատրաստման ընթացքում պարզվեց, որ Սահակյանի՝ ինքնասպանության դիմելու «թելերը» տանում են այլ տեղ: Վ. Սահակյանը 2007թ. դեկտեմբերին Երեւանի Երզնկյան 52 հասցեում գործող «Կամուրջ» միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամից ստացել է 300 000 դրամ՝ մանր փոխառություն: Հետագայում փոխառության գումարը չի կարողացել վերադարձնել եւ որոշել է վերջ տալ կյանքին:

Նախաքննություն իրականացնող մարմինը բացահայտել էր, որ նման գործարքներ են կնքվել նաեւ բազմաթիվ այլ քաղաքացիների հետ: Այդ գործունեությունը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն:

ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմի ներքին աուդիտի գնահատման եւ ֆինանսական վերահսկողության վարչության մասնագետների միջոցով ստուգում է կատարվել «Կամուրջ» միկրոձեռներեցության զարգացման բարեգործական հիմնադրամում: Ստուգման արդյունքում պարզվել է, որ դեռեւս 2005թ. սեպտեմբերի 25-ի գրությամբ ՀՀ կենտրոնական բանկի նախագահը «Կամուրջ» միկրոձեռներեցության զարգացման հիմնադրամի տնօրենին հայտնել է, որ հիմնադրամն իրականացնում է լիցենզավորման ենթակա գործունեություն եւ առաջարկել է մինչեւ 2006թ. մարտի 1-ը ՀՀ ԿԲ ներկայացնել լիցենզավորման համար անհրաժեշտ փաստաթղթերը: 2006թ. «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպության նախաձեռնող, հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահ Ս. Խաչատրյանը դիմել է Կենտրոնական բանկի նախագահին՝ խնդրելով քննարկել ներկայացված փաստաթղթերը, իսկ լրացուցիչ փաստաթղթերը Հիմնադրի կողմից ներկայացնելուց հետո գրանցել եւ լիցենզավորել է վարկային կազմակերպությունը: 2006թ. հուլիսի 18-ին ՀՀ ԿԲ խորհուրդը որոշել է կասեցնել «Միկրոձեռներեցության զարգացման հիմնադրամի» կողմից «Կամուրջ» ունիվերսալ վարկային կազմակերպություն ՍՊԸ կանոնադրական հիմնադրամում նշանակալից մասնակցություն ձեռք բերելու նախնական համաձայնություն տալու միջնորդագրի քննման ժամկետը եւ մերժել «Կամուրջի» գրանցման եւ լիցենզավորման դիմումը: Ըստ Արմավիրի դատախազության, կազմակերպությունը՝ առանց լիցենզավորման, դրանից հետո շարունակել է իրականացնել լիցենզավորման ենթակա գործունեություն:

2007թ. մայիսի 21-ին ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության պետի հանձնարարագրի հիման վրա բանկերի եւ վարկային կազմակերպությունների հարկային տեսչության կողմից հիմնադրամում կատարվել է բյուջեի հետ փոխհարաբերությունների եւ հարկային մարմնի կողմից վերահսկվող օրենսդրության պահանջների կատարման ճշտության ստուգում՝ 2003-2007 թթ. ընկած ժամանակահատվածի համար:

Հարկային մարմինն իր հերթին 2007-2008թթ. կատարված ստուգումներով արձանագրել է, որ նաեւ «առանց պետական գրանցման, առանց սահմանված ժամկետում հարկային մարմնում հաշվառման, առանց լիցենզավորման ենթակա օրենսդրությամբ արգելված գործունեության» հարցի շուրջ ստուգումներով խախտումներ չեն արձանագրվել:

ՀՀ ֆինանսների նախարարության մասնագետների կողմից կատարված ստուգմամբ էլ պարզվել է, որ հիմնադրամը իրականացրել է փոխառությունների ներգրավում եւ տրամադրում, ինչը «Վարկային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքի 3-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն, համարվում է վարկային կազմակերպության գործունեություն, իսկ փոխառություններ եւ վարկեր տրամադրելը՝ ձեռնարկատիրական գործունեություն: Արմավիրի մարզի դատախազությունը քրեական գործի հարուցման հիմքում դրել է նաեւ լիազորությունների չարաշահման փաստը: Ըստ նախաքննությունն իրականացնող մարմնի, վարկային կազմակերպությունը, օրենքով սահմանված կարգով, լիցենզիայի հիման վրա կարող է տրամադրել վարկեր եւ փոխառություններ, ինչը համարվում է լիցենզավորման ենթակա գործունեություն: «Կամուրջն» իրականացրել է փոխառությունների տրամադրում առանց համապատասխան լիցենզիայի առկայության: 2006թ. մարտի 1-ից մինչեւ 2009թ. հունվարի 1-ը հիմնադրամի համախառն եկամուտը կազմել է 2.918.805.200 դրամ, ինչի նկատմամբ «ՀՀ հարկերի մասին» օրենքի 26-րդ հոդվածի համաձայն, հաշվարկվում է տուգանք 50%-ի չափով՝ 1.459.402.600 դրամ:

Քրեական գործը, «Առավոտի» տեղեկություններով, ուղարկվել է Հատուկ քննչական ծառայություն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել