«Առավոտը» բազմիցս անդրադարձել է այն 1100 ուսանողների ճակատագրին, որոնք սովորում էին լիցենզիաները կասեցված 13 մասնավոր բուհերում: «Առավոտում» (02.04.2009) տպագրված «Դուրս մնացածների ճակատագիրն անորոշ է» հոդվածում ԿԳՆ «Լիցենզավորման եւ հավատարմագրման ծառայություն» գործակալության պետ Մհեր Մակիչյանը տեղեկացրել էր, որ այդ պահի դրությամբ իրենք տեղեկություններ ունեն միայն 350 ուսանողի մասին: Այդ ուսանողները դիմում էին ներկայացրել, որպեսզի շարունակեն կրթությունը:
Երեկ «Առավոտը» պարոն Մակիչյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ եղավ այդ ուսանողների ճակատագիրը: Նա պատասխանեց. «Այդ 350 դիմումներին նախարարությունը համաձայնություն չի տվել՝ դրանցում տեղ գտած անճշտությունների պատճառով: Մասնավորապես խնդիրն այն էր, որ ուսանողները սովորել են նախկինում չհավատարմագրված ուսումնական հաստատություններում, իսկ ներկայումս դիմում են ներկայացրել հավատարմագրված մասնագիտությամբ կրթությունը շարունակելու համար: Երբ այդ ուսանողները կապահովեն չհավատարմագրված մասնագիտության դեպքում հավատարմագրված չտեղափոխվելու սկզբունքը, ԿԳՆ-ն կտա իր համաձայնությունը եւ այդ ուսանողները կշարունակեն ուսումը»:
Մանրամասնելով՝ Մհեր Մակիչյանն ասաց. «Կասեցված ուսումնական հաստատությունների շարքում կային այնպիսիները, որտեղ ուսանողները միաժամանակ սովորում էին երկու ուսումնական հաստատությունում: Ուստի մոտ երեք հարյուր ուսանող էլ այդ պատճառով է հրաժարվել կասեցված ուսումնական հաստատությունից, դրա համար էլ նրանք ուսումը շարունակելու դիմում չեն ներկայացրել, այսինքն՝ մեկ ուսումնական հաստատությունից հրաժարվել են եւ շարունակում են սովորել մյուս ուսումնական հաստատությունում»:
Ինչ վերաբերում է «մերժված» ուսանողներին, ապա, ինչպես տեղեկացրեց Մ. Մակիչյանը, այն բուհերը, որտեղ նրանք սովորում էին, կիրազեկեն այդ ուսանողներին, որպեսզի ճիշտ ներկայացվեն դիմումները: Իսկ դրանից հետո նրանք կշարունակեն ուսումը: