Լրահոս
Օրվա լրահոսը

ԿՐԿԻՆ ԱՆԹԱՓԱՆՑ «ԼՈՒՅՍԻ» ՄԱՍԻՆ

Ապրիլ 18,2009 00:00

Այսօր, ապրիլի 18-ին, լրանում է «Լույս» հիմնադրամի գրանցման 1 տարին: 2008թ. ապրիլի 11-ին ՀՀ նորընտիր նախագահը եւ նորանշանակ վարչապետը համատեղ ներկայացրին այդ հիմնադրամի գրանցման հայտը: Ապրիլի 18-ին հիմնադրամը գրանցվեց: Հիշեցնենք, որ «Լույս» հիմնադրամը պիտի ծառայեր արտասահմանյան հեղինակավոր բուհերի հայ ուսանողներին օժանդակելու կարեւոր ռազմավարական նպատակին:

Անցել է ուղիղ մեկ տարի: Այս մեկ տարվա ընթացքում, կարելի է ասել, ոչինչ չի արվել: Եթե չհաշվենք այն, որ ավելի քան երեք ամիս առաջ, հունվարի 9-ին, կայացել է հիմնադրամի տնօրենի մրցույթը, եւ, ըստ ոչ այնքան պաշտոնական աղբյուրների (քանի որ պաշտոնական հաղորդագրություն այդպես էլ չեղավ՝ չհաշված վարչապետի նախկին մամլո խոսնակ Դիանա Մնացականյանի բանավոր խոսքը), կա այդ մրցույթի հաղթողը՝ ամերիկահայ գիտնական, կրթական բնագավառում բավականին ճանաչված եւ լուրջ հարգ ունեցող գործիչ Ժակլին Կարաասլանյանը: Սակայն առ այսօր որեւէ տեղեկություն այն մասին, թե՝ հաստատվե՞լ է տիկին Կարաասլանյանն այդ պաշտոնում, թե՝ ոչ, ծավալե՞լ է որեւէ գործունեություն «Լույս» հիմնադրամը (չհաշված՝ Ջիվան Գասպարյանի հոբելյանական համերգի ֆինանսավորումը), թե՝ ոչ, չկա:

Տարբեր ժամանակներում լրատվության տարբեր միջոցներ, այդ թվում՝ «Առավոտը», բազմիցս անդրադարձել են այս խնդրին: Մեր բոլոր փորձերը՝ որեւէ նոր, թարմ տեղեկություն ստանալ հիմնադրամի գործունեության մասին, անցել են ապարդյուն:

Հիմնադրամի ստեղծման ակունքներում կանգնած, այս նախաձեռնության ջատագով Արթուր Իշխանյանը եւս որեւէ տեղեկություն չունի՝ ի՞նչ է արվել այս մեկ տարվա ընթացքում: Եվ նա իր հերթին հարցնում է երկրի առաջին դեմքերին (որոնք ներկայացրել են հիմնադրամի գրանցման հայտը) ու նաեւ ինքն իրեն՝ ինչո՞ւ ոչինչ չի արվել այս ամբողջ ընթացքում: Ինքն իր այդ հարցի պատասխանը չուներ: Իսկ՝ նախագահն ու վարչապե՞տը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել