Լրահոս
Օրվա լրահոսը

ՄՐՑԱՆԱԿ՝ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ

Ապրիլ 18,2009 00:00

Ինչպես տեղեկացնում է ՀՀ նախագահի լրատվական ծառայությունը՝ Հայաստանի ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի հիշատակը հավերժացնելու, ինչպես նաեւ նրա գիտական ժառանգության զարգացումը խթանելու նպատակով, նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 16-ի հրամանագրով հիմնվել է ՀՀ ազգային հերոս, ակադեմիկոս Վիկտոր Համբարձումյանի անվան միջազգային գիտական մրցանակ: Մրցանակը շնորհվելու է աստղաֆիզիկայի, ինչպես նաեւ դրան հարակից ֆիզիկայի, մաթեմատիկայի բնագավառներում ակնառու գիտական աշխատանքի համար` անկախ գիտնականի քաղաքացիությունից: Մրցանակը տրվելու է երկու տարին մեկ անգամ, եւ մրցանակաբաշխության առաջին տարին համարվելու է 2010 թվականը: Նախատեսված է, որ մրցանակի չափը լինելու է $500 000-ին համարժեք դրամ: Հրամանագրով ՀՀ կառավարությանը հանձնարարվել է մրցանակ հայցողների ներկայացրած աշխատանքների փորձաքննության անցկացման եւ մրցանակի թեկնածուի ընտրության նպատակով, երեք տարի ժամկետով, ստեղծել ինը հոգուց բաղկացած հանձնաժողով, որի կազմի 1/3-ը փոփոխվելու է յուրաքանչյուր տարի, եւ որտեղ կարող են ընդգրկվել նաեւ օտարերկրյա գիտնականներ, ինչպես նաեւ հաստատել հանձնաժողովի գործունեության կարգը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել