Լրահոս
Օրվա լրահոսը

ԳԵՆԵՏԻԿ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Այն, ինչի մասին լռում է առաջին սերունդը, երկրորդ սերունդը կրում է իր մարմնի մեջ

Երբ հինգ տարի առաջ Նվարդ Մելքոնյանի ընտանիքը պիտի մեկներ Անթալիա՝ հանգստանալու, նրա հինգ տարեկան տղան ասաց. «Ես չեմ գա, ընդեղ հայերին սպանում են»: «Դա խոսակցություն էր, որ իմ ընտանիքում երբեք չէր վարվել, ես իրեն այդ ոգով չէի սոցիալականացրել: Հավանաբար, դա կողքից լսած խոսակցություն էր, ու երեխայի մեջ արդեն տպավորված էր»,- ասում է Ն. Մելքոնյանը ու սկսում պատմել այս խնդրի հետ իր առաջին «առճակատման» ու առաջին տպավորությունների մասին. «Ես շատ փոքր էի, երբ տեսա մի ֆիլմ, որը պատմում էր Եղեռնի մասին: Տատիկիս հարց տվեցի, նա պատմեց: Ես հիշում եմ իմ շոկը եւ հիշում եմ իմ այդ զգացումը, որ սա ինձ հետ է եղել: Թեեւ դա ինձ համար այնքան հոգեհարազատ էր, որ նման խոսակցությունները հետեւողական ու պարբերական էին դարձել»:

Լինելով Արտամետի հարուստ հայի աղջիկ՝ Նվարդ Մելքոնյանի մեծ տատը 1915 թ. ջարդերի ժամանակ փրկվել է մի հայ հովվի շնորհիվ եւ ամուսնացել նրա հետ: «Ամբողջ կյանքում նա ասաց՝ ա՜խ, Արտամետ: Անգամ նրա գերեզմանի վրա է գրված այդ արտահայտությունը: Սակայն ինքս, լինելով վանեցիների թոռ եւ նման պատմություն ունենալով, երբեք չեմ դաստիարակվել այդ ոգով եւ ատելություն ցանկացած թուրքի հանդեպ ինքս չունեմ: Դրա համար երեխայիս էլ զերծ եմ պահել ատելությունից: Բայց այն, որ նա հինգ տարեկանում դա գիտի, նշանակում է՝ երեւույթը վերարտադրվում է: Ես միշտ այդ խոսակցությունը հետաձգել եմ՝ սպասելով մինչեւ ինքը կհասկանա այն, ինչ ես կպատմեմ: Գուցե սա ինչ-որ գենետիկ հիշողություն է»,- ասում է Ն. Մելքոնյանը:

Հոգեբան Գայանե Մարտիրոսյանը վերջերս ուսումնասիրություն է կատարել Ցեղասպանության, դրա հետեւանքների, ինչպես նաեւ ԶԼՄ-ների ունեցած ազդեցության մասին: Ըստ նրա՝ մեզ հետ կատարվող ոչ մի բան անդարձ չի կորչում, ինչ-որ հետք թողնում է: Իսկ առավել ուժեղ, ցնցող դեպքերը շատ խորն են տպավորվում: Այն՝ ինչ ցնցում, շոկային վիճակի մեջ է գցում, չի մոռացվում: Անգամ հղիության ժամանակ ծնողի տարած սթրեսային վիճակները փոխանցվում են երեխային եւ հնարավոր է՝ ծնվելուց հետո որոշակի դրսեւորումների հիմք հանդիսանան: Գ. Մարտիրոսյանը մեջբերում է հոգեբան Ֆրասուազ Դոլտոյի խոսքերը, թե այն, ինչի մասին լռում է առաջին սերունդը, երկրորդ սերունդը կրում է իր մարմնի մեջ: «Անմիջապես ցեղասպանությունից հետո եղան վերապրողներ, սակայն նրանք ժամանակ չունեցան ցավելու, տխրելու, քանի որ պիտի շարունակեին իրենց կյանքը փրկել: Նրանք ապրեցին ու շատ հաճախ ընդհանրապես չխոսեցին, լռության մատնեցին վիշտը, կորուստը: Սակայն վաղ թե ուշ ինչ-որ ձեւով արտահայտվում է դա»,- ասում է Գ. Մարտիրոսյանը: Հոգեբանն օրինակ է բերում ամերիկացի գրող Մայքլ Առլենին, որը, լինելով գաղթական, երբեք ո՛չ իր գործերում, ո՛չ հասարակական գործունեության մեջ չի խոսել ցեղասպանության մասին: Մինչդեռ նրա որդին՝ Մայքլ Առլեն կրտսերը, առանձնացել է ցեղասպանության հադեպ ունեցած իր հետաքրքրությամբ: Ժամանակին նա մեկնել է Թուրքիա, այցելել Հայաստան, եւ արդյունքը եղել է նրա «Դեպի Արարատ» աշխատությունը:

Գ. Մարտիրոսյանի խոսքերով՝ այդ փոխանցումը բացատրող, մեկնաբանող բազմաթիվ տեսություններ կան, որոնք շատ տարբեր են: Օրինակ՝ ըստ ֆրանսիացի մի հոգեբանի՝ դա տեղի է ունենում ժեստերի միջոցով, մահացող ծնողը որոշակի ժեստեր է անում: Ընդ որում՝ փոխանցվում են ոչ այնքան ժեստերը, որքան դրանց ժամանակ եղած զգացողությունները: Իսկ ըստ հոգեբան Ժանին Ալթունյանի՝ երեխան, որին սեփական կյանքի գնով փրկել է ծնողը, կարող է հետագայում այդ պահի զգացողությունների ազդեցությամբ մեղքի որոշակի զգացում ունենալ:

Հոգեբանը նշում է մի տարբերակ եւս, երբ խիստ ուժեղ ապրումները փոխանցվում են ժառանգաբար, քանի որ դրանք միշտ ակտիվ են ծնողի՝ առաջին սերնդի գիտակցության մեջ: Եվ փոխանցվելու համար պարտադիր չէ, որ դրանց մասին խոսվի: «Երեխաները շատ զգայուն են: Նրանք կարող են ընկալել եւ շարունակել դա: Այլ բան է, որ իրենց համար կարող է այնքան էլ հասկանալի չլինել, թե ինչու է ծնողն այդքան նեղված, ինչն է նրան տանջում: Բազմաթիվ մարդկանց հուշերում կհանդիպեք, որ նրանք հիշում են իրենց տատին կամ ծնողին՝ անվերջ լաց լինելիս: Երեխան չգիտի լացի պատճառը, բայց տեսնում է դրա հետեւանքը ու պատկերացնում՝ թե ինչ սարսափելի բան կարող է լինել»,- ասում է Գ. Մարտիրոսյանը:

Ըստ նրա՝ գոյություն ունի մի այլ տեսություն եւս, որն առաջ է քաշել հայտնի հոգեբան Անսելին Շուտցենբերգերը: Դա տրանսգեներացիոն շղթայի միջոցով փոխանցումների տեսությունն է: «Սրա հիմքում այն է, որ մեր նախնիների համար կարեւոր իրադարձություններ, տարեթվեր, ամսաթվեր պահվում են հիշողության մեջ եւ կարող են կրկնվել: Եթե մեկն ինչ-որ կոնկրետ ամսաթվի ինչ-որ դժվարություն է ունեցել, եւ դա ամրապնդվել է տրավմայի կամ բացասական ազդեցությունների հետեւանքով, հնարավոր է, որ իր մոտ ամեն տարի այդ օրը դա կրկնվի կամ ինչ-որ բացասական բան կատարվի: Եվ դա կարող է փոխանցվել»,- ասում է Գ. Մարտիրոսյանը: Շուտցենբերգերն աշխատում էր քաղցկեղ եւ սրտանոթային հիվանդություններ ունեցող մարդկանց հետ: Բուժումներն իրականացնելիս նա միշտ հաշվի էր առնում, թե իր մոտ եկած այցելուները նախկինում ինչ հիմքեր են ունեցել դա ժառանգաբար ունենալու: Քանդելով ֆիզիկապես փոխանցվող հիվանդության այդ կապը՝ նա թուլացնում էր հիվանդությունը: Սակայն Շուտցենբերգերի պրակտիկայում եղավ մի դեպք, երբ նա պարզեց, որ ոչ ֆիզիկական հիմքով խնդիրը նույնպես կարող է փոխանցվել ժառանգաբար: Հետագայում այս դեպքն ամբողջ աշխարհում հայտնի դարձավ որպես «Ժակլինի դեպք»: Մի հայ կին, ով գալիս էր Շուտցենբերգերի մոտ խմբային աշխատանքների, պարանոցի հատվածում խնդիր ուներ եւ վիզն ամուր պահող հատուկ սարք էր կրում: Նրանց ամբողջ ընտանիքի կանայք նույնպես ծնվում էին պարանոցային խնդիրներով: Այս բոլոր կանանց կյանքում ճակատագրական թիվ էր ապրիլի 24-ը: Մեկն ամուսնանում էր այդ օրը, մյուսը՝ մահանում, մեկ ուրիշը ավտովթարի էր ենթարկվում: Երբ Շուտցենբերգերը փորփրեց նրանց անցյալը, տեսավ, որ այդ կնոջ տատը 1915 թ. ապրիլի 24-ին տեսել է, թե ինչպես են բերում իր մորաքրոջ երկու աղջիկների մարմինները՝ ցցի վրա հանած, գլխատված ու արյունոտ վզերով: Ըստ Շուտցենբերգերի՝ այդ պատկերն այնքան ծանր ազդեցություն է ունեցել ու այնքան է ամրապնդվել, որ ենթագիտակցաբար, տարբեր փոփոխությունների ենթարկվելով եւ միայն տեսողական ընկալման միջոցով փոխանցվել է այդ սերնդին, այն էլ՝ հենց կանանց, եւ դարձել ֆիզիկական խնդիր:

Գայանե Մարտիրոսյանը չի բացառում, որ սա կարող է նաեւ զուգադիպություն լինել, քանի որ այդպիսի դեպք այլեւս չի կրկնվել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել