Լրահոս
Օրվա լրահոսը

8 ամիս՝ «մեկ պատուհանում»

Ապրիլ 18,2009 00:00

Քաղաքացիները ամիսներ շարունակ սպասում են Երեւանի քաղաքապետարան ուղարկված դիմումների պատասխանին:

Նախորդ շաբաթ Երեւանի նորանշանակ քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը հավաքել էր իր ենթականերին եւ հրահանգել, որ հնարավորինս կարճ ժամկետներում ընթացք տան քաղաքապետարանին ուղղված բոլոր դիմումներին: Մեր տեղեկություններով, դեռ նախկին քաղաքապետի ժամանակվանից այդ կառույցում բազմաթիվ անպատասխան դիմումներ են կուտակվել: Մինչ այսօր քաղաքացիներից ոմանք դեռեւս համբերատար սպասում են ամիսներ առաջ ուղարկված իրենց դիմումների պատասխանին:

Երբ կառավարությունը որոշեց, որ մինչեւ 2001 թվականը կառուցած 300 քմ ինքնակամ շինությունները ենթակա են սեփականաշնորհման, բազմաթիվ երեւանցիներ շտապեցին քաղաքապետարան, հույս ունենալով, որ իրենց ինքնակամները կսեփականաշնորհեն: Սակայն, դիմելով քաղաքապետարանի «մեկ պատուհանին» եւ սահմանված ժամկետի ընթացքում պատասխան չստանալուց հետո, նրանք համոզվեցին, որ շատ պետական կառույցների բյուրոկրատական քաշքշուկներից չի փրկի անգամ «մեկ պատուհանը»:

«Առավոտին» դիմած Արամ Ենոքյանը, Սեւանի փողոցի 1-ին նրբանցքում գտնվող մոտ 100 քմ ընդհանուր մակերեսով բնակելի տունը եւ հարակից հողակտոր սեփականաշնորհելու համար, 8 ամիս առաջ դիմել էր քաղաքապետարան, որտեղից նրան տեղեկացրել են, որ 45 օր հետո նրան կպատասխանեն: Նշված ժամկետում Ա. Ենոքյանին պատասխանել են, որ վերոնշյալ հասցեի բնակելի տան գույքային իրավունքների վերականգնման եւ զավթած հողամասի, նրա վրա առկա շինությունների եւ այլնի համար հարցում են կատարել Կադաստրի պետական կոմիտեի Էրեբունու բաժանմունք: «Դրանից հետո ես մի քանի անգամ դիմել եմ քաղաքապետարան: Ոչ մի պատասխան չէին տալիս, ոչ դրական, ոչ էլ բացասական: Իմ բազմաթիվ հարցումներից 7-8 ամիս հետո քաղաքապետարանից պատասխան ստացա, սակայն նախկին նույն պատասխանի բովանդակությամբ: Այսինքն՝ նորից չստացա ոչ դրական, ոչ էլ բացասական պատասխան: Ես նաեւ կադաստրից հետաքրքրվել եմ, գուցե իրենք հարցման պատասխանը չեն ուղարկել քաղաքապետարան, բայց ինձ վստահեցրին, որ հոկտեմբեր ամսվա բոլոր հարցումների պատասխանները ուղարկել են: Այդ դեպքում անհասկանալի է, թե ինչո՞ւ են քաղաքապետարանում 8 ամիս ձգձգում գործը»,- «Առավոտին» դժգոհեց Արամ Ենոքյանը: Նրա խոսքերով, եթե պատճառաբանեն, իբր ինչ-որ փաստաթուղթ է պակաս, կամ կադաստրը չի պատասխանել, կամ մի բան այն չէ, էլի ընդունելի է, սակայն բացարձակապես ոչինչ չեն ասում:

Այս առնչությամբ «Առավոտը» փորձեց Երեւանի քաղաքապետարանից պարզել, թե ի՞նչն է պատճառը, որ քաղաքացիների դիմումների պատասխանները ամիսներով ձգձգվում են: Միայն մեր հարցումից հետո, քաղաքապետարանի աշխատակիցները այցելել են Արամ Ենոքյանի բնակարան, ճշտել՝ չափագրումներ կատարվե՞լ են, թե՝ ոչ: Իսկ քաղաքապետարանի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Արտյոմ Սարգսյանը Ա. Ենոքյանին անձամբ հրավիրել է իր հետ հանդիպելու եւ խնդրի մանրամասներին ծանոթանալու համար:

Երեկ Արամ Ենոքյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ վարչության պետը վստահեցրել է՝ գործն ընթացքի մեջ է եւ նա մոտ օրերին հստակ պատասխան կստանա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել