Լրահոս
Օրվա լրահոսը

ԲԵՌՆԱՓՈԽԱԴՐՈՂՆԵՐԻ ՀՈՒՅՍԸ ՀԱՅԿԱԿԱՆ ԾԻՐԱՆՆ Է

Ապրիլ 18,2009 00:00

\"\"Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրողների 50 տոկոսը պարապուրդի մեջ է. նրանք հույս ունեն, որ գոնե մրգի արտահանման սեզոնում կաշխատեն նախկին տեմպերով:

Միջազգային շուկաներում առաջացած իրացման խնդիրների հետեւանքով, այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանում կտրուկ նվազել են արտահանման ծավալները: Վճարունակության անկման եւ պահանջարկի պակասի պատճառով էլ կրճատվել են ներմուծման ծավալները: Տնտեսագետների գնահատականներով, վերջին 20 տարիների ընթացքում Հայաստանի տնտեսությունը առաջին անգամ նման տեմպերով անկում է արձանագրում: Ապրանքաշրջանառության ծավալների անկումը ուղղակիորեն անդրադարձել է նաեւ Հայաստանի տրանսպորտային բեռնափոխադրողների վրա: Մեր երկրում գործող մի քանի հարյուր բեռնատարները, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կիսով չափ քիչ են բեռներ արտահանում եւ ներկրում: «Առավոտի» հետ զրույցում «Հայաստանի միջազգային փոխադրողների ասոցիացիայի» գլխավոր քարտուղար Հերբերտ Համբարձումյանը նշեց, որ ներկայումս բեռնատարների 50%-ը կանգնած է: Նրա խոսքերով. «Հայաստանից արտահանում ենք հիմնականում կոնյակ, որի ծավալները խիստ նվազել են: Հայկական կոնյակի ամենամեծ շուկան Ռուսաստանն է, ավելի ստույգ՝ Մոսկվան, որտեղ, հավանաբար, բավականին պակասել է կոնյակի պահանջարկը»: Ինչ վերաբերում է ներկրման ծավալների նվազմանը, ապա, ըստ պարոն Համբարձումյանի, Հայաստանում նվազել է ներմուծվող ապրանքների, ասենք՝ կոնֆետների, հյութերի, ալկոհոլային խմիչքների կամ կաթնամթերքի պահանջարկը, ինչի հետեւանքով էլ բեռնափոխադրողները աշխատում են «կիսով չափ»: Ի պատասխան մեր հարցին, թե միգուցե բեռնափոխադրումների ծավալների անկումը պայմանավորված է բարձր սակագներո՞վ, պարոն Համբարձումյանն ասաց, որ, նախկինի համեմատությամբ, սակագները բավականին նվազել են:

Հ. Համբարձումյանի կարծիքով, վիճակը համեմատաբար կկայունանա մի քանի ամիս հետո՝ մրգի արտահանման սեզոնում. «Լավատեսորեն եմ տրամադրված, որ այդ ժամանակ մեր բեռնափոխադրումների շուկան կսկսի գործել իր ողջ հզորությամբ: Վստահ եմ, որ, ասենք, հայկական ծիրանի պահանջարկը դրսում չի նվազի, քանի որ եթե մեր կոնյակը չեն խմում, դրա փոխարեն խմում են օղի, ապա դա չի կարող վերաբերել ծիրանին, դրան որեւէ բան չի փոխարինում»:

Հայ-թուրքական սահմանի բացման վերաբերյալ մեր հարցին էլ պարոն Համբարձումյանը պատասխանեց. «Ինչքան սահմանը շուտ բացվի, այնքան ավտոտրանսպորտային բեռնափոխադրողները շատ կօգտվեն դրանից: Բացելը միանշանակ դրական է այն առումով, որ գները կնվազեն, նաեւ Հայաստանը կունենա այլընտրանքային ճանապարհ»:

Նշենք, որ համաձայն Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության տվյալների, այս տարվա հունվար-փետրվար ամիսներին խիստ կրճատվել է հատկապես արտահանումը։ Եթե նախորդ տարի Հայաստանից արտահանվել է ավելի քան $145 միլիոնի ապրանք, ապա այս տարի այն կազմել է ընդամենը $79 միլիոն: Ներքին շուկայում արձանագրված ապրանքաշրջանառության նվազման հետեւանքով էլ, նախորդ տարիների կտրուկ աճի դիմաց, այս տարի ներմուծման ծավալները ամսեամիս անկում են ապրում: Այսպես, այս տարվա առաջին երկու ամիսներին ներմուծումը կրճատվել է ավելի քան 20%-ով, ինչը նշանակում է, որ մոտ $100 միլիոնով պակաս ապրանք է ներկրվել Հայաստան: Այս հանգամանքը կարող է բացասական անդրադառնալ նաեւ երկրի համախառն ներքին արդյունքի ցուցանիշի վրա, որը եւս 2008-ի համեմատությամբ այս տարվա առաջին երկու ամիսներին նվազել է 3,7%-ով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել